Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից հանրապետությունում մեկնարկել է մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որը տրամադրվում է Ստեփանակերտում 5 տարբեր կետերում: Ի՞նչ աջակցություն է, ովքե՞ր են շահառուները` լսենք Անի Աբաղյանի ռեպորտաժում:
Հանրապետությունում մեկնարկել է բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը։ Օգնությունը տրամադրվում է մայրաքաղաքի համար 5, 6, 8, 9 և համար 11 դպրոցներում ստեղծված կենտրոններում: Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական զարգացման ծրագրերի պետ Հայկ Սողոմոնյանն է մանրամասնում:
«Այս պահին սննդամթերքի բաշխում իրականացվում է 63 տարին լրացած աշխատանքային տարիքային կենսաթոշակառու անձանց, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, միայնակ, ծնող կորցրած: Բաշխումն այս պահին իրականացվում է միայն քաղաք Ստեփանակերտում փաստացի բնակվողների համար, շրջաններում ապրողների համար այս փուլն արդեն իրականացվել է»:
Ներառյալ հաջորդ շաբաթը՝ բաշխումն իրականացվելու է նշված հինգ կետերից, ինչից հետո բոլորը փակվելու են և միայն մեկ կետ է գործելու` նշում է Սողոմոնյանը: Տրամադրվող մարդասիրական օգնությունը կշռում է մոտ 18 կիլոգրամ՝ 14 անուն ապրանքատեսակով:
«Տոպրակների մեջ կա 14 անուն ապրանքատեսակ: Յուրաքանչյուրին տալիս ենք երկու տոպրակով. հիգիենայի պարագաները մեկ տոպրակում, սննդամթերքը՝ մեկ այլ»:
Բնակիչներից շատերը բողոքում են. եթե 63 տարեկանը լրացած չէ, հաշմանդա՞մ չէ, կամ՝ շրջափակման պայմաններում ոչ միայն առանձնացված խմբերն են օգնության կարիք զգում, ինչու՞ են կատեգորիաների բաժանում: Սողոմոնյանի խոսքով` ֆիզիկապես հնարավոր չէ Արցախում ապրող մարդկանց՝ բոլորին միասին աջակցություն տրամադրել:
«Դա ունի բազմաթիվ պահանջներ, որոնցից մեկն էլ այն է, որ համապատասխան սննդամթերքն Արցախի Հանրապետության տարածքում միշտ չէ, որ եղել է: ՌԴ խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղափոխված հումանիտար բեռը պահեստավորվել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պահեստներում: Համապատասխան չափաքանակների ու տեսականու առկայության դեպքում սկսվել է բաժանվել խմբաքանակներով»:
Օգնությունը կշարունակի տրամադրվել Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում բացված կետերից, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն։