Ապրիլի 29, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Հուլիսի 08, 2023

Արցախի ներսում ընթացող և Արցախին վերաբերող իրադարձությունների առումով` վերջին շաբաթն, անկասկած, հետաքրքիր էր:


Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթինա Քվինը երկուշաբթի հայտարարեց, որ ԱՄՆ-ը հավատացած է, թե հնարավոր է Ադրբեջանի կազմում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Իհարկե, հետագա օրերի հասարակական մեծ դժգոհությունից հետո դեսպանը փորձեց հղկել իր արած արտահայտության անկյունները, սակայն` բերանից թռած խոսքը հետ չես բերի: Այդ արտահայտությունն առավել ցայտուն է ԱՄՆ-ի Անկախության օրվան նախորդող օրն անելը: Դժվար թե տիկին դեսպանը, կամ նրա ներկայացրած կառավարությունը հավատացած լինեն, թե` մոտ 250 տարի առաջ հնարավոր էր Բրիտանական կայսրության կազմում ապահովել Նոր Անգլիայի ժողովրդի անվտանգությունը:

Պետք է հստակ գիտակցել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում ԱՄՆ-ն այս պահին հակված է հաշտության պայմանագրի շուտափույթ կնքման, մեծ հաշվով` առանց կողմերի էական շահերի մեջ խորանալու: ԱՄՆ-ն իր աշխարհաքաղաքական պլաններն ունի տարածաշրջանում, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունն այդ պլանների առանցքում է: Այդուամենայնիվ, մեծ է նաև հայկական կողմի դիվանագիտական ապաշնորհությունն ԱՄՆ-ի՝ նման դիրքորոշման հարցում, և շատ առումներով հիմա էլ հնարավոր է ավելին ստանալ ԱՄՆ-ից` հօգուտ Հայաստանի:

Ադրբեջանը վերջին շաբաթվա ընթացքում շարունակեց ցուցադրել, թե ինչքանով է հնարավոր ապահովել հայերի անվտանգությունն Ադրբեջանի կազմում. նոր սպառնալիքներ, հրադադարի բազմաթիվ խախտումներ, առևանգված հայ զինծառայողների ցուցադրական դատավարություն, տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետությանը և այլն:

Շաբաթվա ընթացքում Արցախում շարունակում էր թափ հավաքել հասարակական դժգոհությունը` Արցախի շրջափակմամբ պայմանավորված իրադրության խորացման և հատկապես` Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախմբի անգործության հետ կապված: Արցախի հասարակության ներկայացուցիչները հինգշաբթի օրը հանդիպեցին նաև ռուսաստանյան զորախմբի հրամանատար Ալեկսանդր Լենցովի հետ: Ասել, թե` հանդիպումն անցել է անարդյունք, սխալ կլինի, սակայն ռուսաստանյան կողմը կրկին ժամանակ է խնդրել, հերթական անգամ առկախելով Քաշաթաղի միջանցքի ապաարգելափակման` իր ստանձնած պարտավորության կատարումը: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույն օրը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, թե` իրենք շարունակում են կոչ անել Ադրբեջանին, որպեսզի վերջինն ապաարգելափակի Քաշաթաղի միջանցքը: Հավանաբար Զախարովան տեղյակ չէ, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերյան խիստ հակահայկական փաստաթղթով, իր երկիրն ստանձնել է ոչ թե Քաշաթաղի միջանցքի վերաբերյալ կոչեր անելու, այլ` դրանով երկկողմանի անխոչընդոտ երթևեկություն ապահովելու գործառույթ: Միաժամանակ, պատասխանելով հայ լրագրողի հարցին` Արցախի նախագահի արած մի շարք հայտարարությունների հետ կապված, Զախարովան պատասխանեց, թե ծանոթ չէ ոչ միայն այդ հայտարարություններին, այլ նաև` նշված պաշտոնին: Դա ևս հստակ ցուցիչ է Ռուսաստանի դիրքորոշման:

Դրան զուգահեռ, վերջին շաբաթվա ընթացքում պետական ամենաբարձր մակարդակով ակտիվացան ռուսաստանա-ադրբեջանական իրար փոխլրացնող հայտարարություններն ընդդեմ Ֆրանսիայի: Ընդ որում` դրանք չէին վերաբերում միայն գործող վարչակարգին: Եւ կասկածից վեր է, որ այդ հայտարարությունների առանցքային պատճառներից մեկը` հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումն է: Դա, բնականաբար, միակ պատճառը չէ, բայց Հայաստանը կարող է հմտորեն օգտագործել աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հակասությունները` ի շահ հայկական պետականության: Սակայն դա ոչ միայն հնարավորություններ, այլ նաև` վտանգներ է պարունակում, և հայկական դիվանագիտությունը պետք է գործի առավել հմուտ:

Վերջին օրերին շարունակվում է նաև ռազմատեխնիկական և քաղաքական հարաբերությունների խորացումը Հայաստանի և Հունաստանի ու Հնդկաստանի միջև: Վերջինը նաև լուրջ հայտ է ներկայացնում ներգրավվելու մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում:

Առհասարակ, Հայաստանը վերջին տարիներին, թեև ոչ շատ արագ, բայց հաստատուն քայլեր է տանում բանակի արդիականացման ուղղությամբ: Եւ բանակի կառավարման, ռազմավարական և սպառազինական «փոշոտված» համակարգերը նոր սերնդի համարժեքներով փոխարինելը, անկասկած, թույլ կտա ապագայում խուսափել 2016 և 2020 թվականների` շատ թանկ արժեցած ձախողումներից:

Ինչքան էլ կարևոր է միջազգային համագործակցությունը, սակայն պետք է մեկընդմիշտ հիշել` որևէ պետություն, որևէ աշխարհաքաղաքական կենտրոն, որևէ ռազմաքաղաքական կազմավորում չի պայքարելու ուրիշի փոխարեն, չի գալու փրկելու հալածվածներին: Պետք է դադարել փրկիչներ սպասել, և պետք է դադարել ինքն զինքն ընկալել որպես հալածյալ: Որովհետև, հատկապես միջազգային հարաբերություններում, ուժեղներին բոլորն են հարգում, իսկ թույլերին` կարող են կարեկցել, բայց երբեք չեն հարգում և չեն սիրում:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ