Ապրիլի 28, 2024

Ամանորին ընդառաջ տոնական միջոցառումներ լինելո՞ւ են, թե՞` ոչ։

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 07, 2021
Ամանորին ընդառաջ տոնական միջոցառումներ լինելո՞ւ են, թե՞` ոչ։ ArtsakhPress

Ստեփանակերտի առանձին փողոցներում տոնական լույսեր են ավելացել, խանութներում   վաճառքի են հանվել  տոնածառներ ու  խաղալիքներ:  Տրամադրությունները  փողոցներում ու խանութներում սակայն, տոնական  չեն ամենևին։ Բայց անկախ ամեն ինչից արցախցին սպասում է նոր տարվան` Ամանորի երազանք պահելով խաղաղությունը։

 «Ձմե՛ռ պապիկ, գրատախտակ եմ ուզում, մատիտներ եմ ուզում, կավիճ եմ ուզում, որ գրեմ գրատախտակին։ Տիկնիկ եմ ուզում, որ մազերը սանրեմ, դիմահարդարում անեմ։ Ուզում եմ, որ ձմեռ պապիկը խաղաղություն բերի, որ կռիվ չլինի»:

Ստեփանակերտում ամանորյա  միջոցառումներ այս տարի կլինեն:   Քաղաքապետարանը «Ամանորյա միջոցառումների կազմակերման և անցկացման մասին» որոշում է ընդունել, սահմանել նախատեսվող միջոցառումները: Քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանն է ներկայացնում. 

«Ծրագիրն իր մեջ ներառում է քաղաքը ոչ շատ գունային լույսերով ապահովելը։ Նախատեսվում է նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին նվերներ բաժանել: Նվերները բաժանվելու են թե՛ դպրոցներում, թե՛ շրջիկ մեքենաներով»։ 

Դեկտեմբերի 18-ին կամ 19-ին Ստեփանակերտի օղակաձև զբոսայգում բացվելու է զարդարված եղևնին, բացումը կատարելու են երեխաները։ Այդ օրը միացվելու են քաղաքի բոլոր լույսերը՝ ասում է Սուրեն Թամրազյանը։ 

«Միանշանակ մեծամաշտաբ միջոցառումներ չեն կազմակերպվելու, նախատեսվում է լույսերի բացման արարողություն։ Ստեփան Շահումյանի անվան պուրակում ունենք ավանդական եղևնի, երևի տեսել  եք, թեթև զարդարվում է։ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց, Ազատամարտիկների, Վազգեն Սարգսյան, Գրիգոր Լուսավորիչ, Անդրանիկի, Մամիկոնյան, Թումանյան փողոցներում ծառերի լուսային էֆեկտներով համալրում է լինելու»։

 Հարցին, թե  արդյոք հրապարակում տոնածառ դրվելու է, թե՝ ոչ,  Սուրեն Թամրազյանը կարճ է պատասխանում։

 «Միանշանակ՝ ոչ»։

Ավանդական տոնածառը, ազատության հրապարակում, այս տարի ևս չի շողալու։ Պատճառը պատերազմի բաց վերքն է։ Ավանդականին փոխարինելու են լույսերով  տոնածառները։ Դրանք տեղադրվելու են Ստեփանակերտի համար 6 դպրոցի հարակից տարածքում, Բաղրամյան փողոցում և Հաղթանակի հրապարակում։ 

«Այսօր էլ, պատերազմից 1 տարի անց,   շարունակվում են որոնողական աշխատանքները, հուղարկավորությունները։ Տոնածառ  ու տոնական միջոցառումներ,  միանշանակ, չեն լինի։ Այն մարդկանց,  որոնք  ասում են՝ Երևանում տոնածառ դրել են, ինչու՞ Ստեփանակերտում չեք դնում, կասեմ, որ դա Երևանի քաղաքապետարանի որոշումն է, Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է այս տարի տոնածառ չդնել»։ 

Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժինը մայրաքաղաքի դպրոցներում ու կրթական հաստատություններում նախատեսում է երեխաների համար միջոցառումներ կազմակերպել։ Դեկտեմբերի 31-ին էլ ակցիա է անցկացվելու, որի ընթացքում շրջիկ մեքենաներով նվերներ են բաժանվելու ստեփանակերտցի երեխաներին։ Այսքանով ավարտվելու են Ամանորին  նվիրված միջոցառումները, որոնք տոնական կոչվել, այս տարի չեն կարող։

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 08 Դեկտեմբերի 2021 14:16
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ