Մայիսի 04, 2024

«Կին Ձեռներեցները» կրկին Արցախում է

By Սրբուհի Վանյան Հունիսի 12, 2023

Հայ Բարեգործական ընդհանուր միությունը կազմակերպում է «Կին Ձեռներեցներ» դասընթացը: Ելնելով Արցախի շրջափակման պայմաններից, կազմակերպիչներն ընտրել են դասընթացի վարման առցանց ձևաչափը։

Հայ Բարեգործական ընդհանուր միության Արցախի գրասենյակի աշխատակից Ռոզա Սայադյանը տեղեկացնում է՝ մոտ 60 դիմորդ են ունեցել։ Նրանցից 23-ն անցել են հարցազրույցի փուլը և ՀԲԸՄ հետ իրենց բիզնես հմտությունները բարելավելու հնարավորություն ստացել։ Թե ինչ սկզբունքով են ընտրել մասնակցիներին, Ռոզա Սայադյանն է մանրամասնում ․

«Ընդունելությունը կատարվում է ըստ նրա, թե որքանով է իրագործելի ծրագիրը, ինչքանով է իրատեսական բիզնես պլանը, և նաև ըստ նրա, թե մասնակիցները որքանով են պատրաստակամ աշխատել այդ եռամսյա ծրագրի շրջանակում։ Վերջում մասնակիցները պետք է կարողանան ներկայացնել իրենց բիզնես պլանը, և ժյուրի անդամները կորոշեն, թե ում տան դրամաշնորհը։ Դա նաև հաշվարկվելու է նրանց կատարած տնային առաջադրանքերի արդյունքում»։ 

Հայ Բարեգործական ընդհանուր միությունը Արցախի հետ է նրա և լավ, և վատ օրերին, միշտ իր ծրագրերը հարմարեցնում է ստեղծված իրավիճակին։ Այս անգամ էլ կազմակերպությունն ստիպված եղավ ոչ ստանդարտ լուծման գնալ՝ հաշվի առնելով շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը։ Սովորաբար դասընթացներն իրականացվում են տեղում, Հայաստանից կամ այլ երկրներից հրավիրված մասնագետ-դասընթացավարների մասնակցությամբ, պարզաբանում է Ռոզա Սայադյանը։

«Շրջափակման պատճառով չկարողացանք սովորականի նման կազմակերպել դասընթացները՝ մասնագետներ հրավիրելով այստեղ և կենդանի ձևաչափով անցկացնելու։ Բայց որոշեցինք չչեղարկել ծրագիրը, կազմկերպել օնլայն։ Բնականաբար կենդանի շփումն ավելի արդյունավետ կլիներ, առցանց փևաչափը որոշակի դժվարություններ ստեղծում է, բայց էլի լուծում գտել ենք»։

Դասընթացն առցանց է իրականացվում, ավելացնում է Սայադյանը, բայց քանի որ հովհարային անջատումներն էլ իրենց պայմաններն են թելադրում, և մասնակից 23 կանայք էլելկտրաէներգիայի անջատման տարբեր գրաֆիկներ ունեն.

Որոշել ենք դասընթացները կազմերպել Թումո կենտրոնում, այդպես մասնակիորեն և կենդանի շփում կա, և դասերն ավելի արդյունավետ կազմակերպելու հնարավորութուն։ Մանսակիցները կարողանում են տեսնել ու ծանոթանալ իրար, իրար բիզնեսների, փոխանակվել փորձով։ Թումո կենտորնից էլ միանում ենք դասախոսին։

Դասախոսությունն այսօր Սոնա Մատինյանն էր մատուցում։ Առցանց։ Մասնագիտությամբ բիզնես հոգեբան է, գործարարության մեջ առաջին քայլերն անող կանանց սովորեցնում է թիմը կառավարելու հմտություններ։ Առցանց շփման անհարմարությունները չեն վհատեցնում ոչ դասախոսին, ոչ մասնակիցներին։ Այստեղ էլ, ինչպես բիզնեսում, ելքեր կան։ Մասնակիցները ստեղծված իրավիճակում նաև հնարավորություններ են տեսնում։

Այսօր թիմի կառավարում ենք քննարկելու։ Խնդրում եմ ասեք՝ եթե տեխնիկական խնդիրներ ծագեն, կամ հարմար չլինի իմ տեմպը, կամ հարցեր ունենաք։
Գլոբալ առումով շահառուն այն է, ով ինչ որ ձևով առնչվում է ձեր բիզնեսին։ Դրական կամ բացասական իմաստով։

Անուշ Եսայանը 25 տարեկան է, Արցախում նոր բիզնես ուղղություն է որոշել հիմնադրել։ Զբաղվում է միկրոկանաչիների արտադրությամբ։ ՀԲԸՄ կանանց շրջանում ձեռներեցության զարգացման այս ծրագրի մասին տեղեկացել է ընկերուհուց, և որոշել, որ գործարարության մեջ հաջողության հասնելու համար հիմքերը գրագետ պիտի դնի։ Ինչու՞ միկրոկանաչեղեն՝ պարզաբանում է․

Նրանք համարվում են օգտակար պրոդուկտ և մի քանի անգամ վիտամիններով գերազանցում են սովորական բանջարեղենին ու կանաչեղենին։ Դրա համար որոշեցի զարգացնել այն։ Ծրագրին մասնակցելիս ի սկզբանե տրամադրվել էի, որ այն մեծ դրական փոփոխություններ է բերելու իմ կյանք ու իմ բիզնեսի մեջ։ Սպասելիքներս արդարանում են։

Ճիշտ է, դեռ մինչև դասընթացի ավարտը կա երկու ամիս, բայց Անուշն արդեն հասցրել է գնահատել այն․ դասերը ծավալուն են, մանրակրկիտ, հագեցած, մեծ բավականություն եմ ստանում, ասում է։

Մասնակիցները հետաքրքությամբ են փոխանակվում փորձով, շփվում թիմի ներսում, յուրաքանչյուրն իր պրոդուկտն է ներկայացնում՝ գնահատելու, որոշ դեպքերում նաև՝ համտեսելու համար։

Դասընթացը կավարտվի օգոստոսի 5-ին, գործարար կանայք ձեռք կբերեն նոր կարողություններ սեփական բիզնեսների առաջխաղացման համար: Իսկ լավագույն մասնակիցները կարժանանան դրամաշնորհի ՀԲԸՄ-ի կողմից:

Last modified on Երեքշաբթի, 13 Հունիսի 2023 13:11
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ