Մայիսի 03, 2024

Արդեն 2 օր է Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Արցախ չի հասնում

By Անի Աբաղյան Հուլիսի 28, 2023

Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Երևանից Արցախ ուղարկված հումանիտար բեռն անցնի Քաշաթաղի միջանցքով։
Արդյոք Հայաստանը բեռն ուղարկել է առանց նախնական պայմանավորվածության, իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում է հնարավոր։ Հարցերի շուրջ Անի Աբաղյանն զրուցել է քաղաքագետներ Արմեն Հովհաննիսյանի և Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

227 օր շրջափակումից հետո առանց թշնամու հետ համաձայնեցնելու Հայաստանի կառավարությունը մոտ 400 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, որն արդեն 2 օր է Կոռնիձորից առաջ չի շարժվում։ Երբ հումանիտար բեռը դեռ Կոռնիձոր չէր հասել, Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողի այն հարցին, թե հնարավոր է բեռի տեղափոխումը արգելքի հանդիպի, պաշտոնյան վստահաբար պատասխանել է, թե` չի կարծում։

Միչդեռ արգելքը արդեն 229 օր է Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհին է։

Եթե որևէ պայմանավորվածություն ձեռք չէր բերվել թշնամու հետ, ինչու՞ են Հայաստանի Կառավարությունից հումանիտար բեռ ուղարկել։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է պատասխանում։

«Բեռ ուղարկելու հիմնական նպատակը այն է, որ Փաշինյանը հետագայում կարողանա ասել, որ ինքը փորձել է ինչ-որ բան անել, որպեսզի իրեն ոչ մեկ չմեղադրի՝ ասելով, թե մեր հայրենակիցները շրջափակման, պաշարման մեջ են, և դուք ոչինչ չարեցիք։ Փաշինյանի իր համար արդարացման հետագա ուղիներ է փնտրում, և ինքը անհանգստացած չի եղել՝ բեռը կհասնի, թե ոչ։ Իր հիմնական նպատակը այն է եղել, որ հետո իրեն մեղադրանքներչհղվեն, ճիշտ այնպես, որ պատերազմի մասին էր խոսում։ Ասում էր՝ չեմ կանգնացրել, որ չասեն դավաճան։ Այն որ այս Կառավարությունը ոչինչ չի արել Արցախը այս իրավիճակից դուրս բերելու համար, անհերքելի փաստ է։ Անհերքելի փաստ է նաև այն, որ Արցախը հայտնվել է պաշարման մեջ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով․ մասնավորապես այն պատճառով, որ Արցախը հայտարարությամբ ճանաչել է Ադրբեջանի մաս և լավ հնարավորություն է տվել պաշտոնական Բաքվին շահարկելով այդ հայտարարությունները անել այն, ինչ ուզում է։ Դրա համար է, որ կարծում եմ հումանիտար բեռը Փաշինյանի հետագայում արդարանալուն ուղղված քաղաքական շուո-ակցիա էր, որը ծառայում է բացառապես իր խնդիրներին, ոչ թե Արցախում պարենային անվտանգությանը»։

Երբ հրապարակվեցին կադրեր ու լուրեր շրջանառվեցին հումանիտար բեռի տեղափոխման վերաբերյալ, Արցախի բնակիչների շրջանում աշխուժություն զգացվեց․ վերջապես խանութներում մանկական սնունդ, շաքարավազ, ալյուր ու ձեթ կհայտնվի, բայց այս երկու օրվա ընթացքում ևս մեկ հիասթափության առիթ ստեղծվեց։ Բացի այդ` Քաշաթաղի միջանցքի արգելքից հետո սոցցանցերում սկսեցին տարածվել լուրեր, թե բեռն իբր Ակնայով է հասնելու Արցախ։ Ո՞ր դեպքում է հնարավոր հումանիտար բեռի՝ Ակնայով Արցախ հասնելը կամ հնարավո՞ր է արդյոք:

«Ինչ վերաբերում է Ակնայից ադրբեջանցիների միջոցով ցանկացած ապրանք Արցախ ուղարկելու հեռանկարին, ապա սա Ալիևի ծրագիրն է, Արցախը իբր Ադրբեջանի մաս է, և Ադրբեջանը պետք է զբաղվի Արցախի խնդիրներով։ Եթե Արցախի իշխանությունները հանկարծ որևէ պայմաններում ընդունեն այդ օգնությունը, կամ պատրաստակամություն հայտնեն Հայաստանից ուղարկված բեռների՝ Ակնայով ընդունելու վերաբերյալ, դա կնշանակի, որ հերթական դուռն է բացվելու Ալիևի առջև դեպի Արցախ։ Թշնամու ագրեսիվ քաղաքականությունը արդեն ներս է խուժելու և այդ գործիքներով շարունակելու է կյանքի կոչել իր սև գործը՝ Արցախի ամբողջական գրավումը։ Իմ հորդորն է Արցախի իշխանություններին՝ ճիշտ գնահատել թշնամու քաղաքականությունը, ճիշտ հասկանալ նրա նպատակները, և երբեք առիթ չտալ, որ նրանք կարողանան ներխուժել Արցախ թեկուզ հումանիտար օգնություն հասցնելու ձևով։ Դա նույնպես մահացու վտանգ է արցախահայության համար»։

Հարցի շուրջ լսենք քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքը։

«Կտրականապես հակացուցված է Ակնայի ճանապարհի բացումը։ Այս պահին Արցախը ոչ միայն դեղորդայքի, սնունդի ներկրման խնդիր ունի, այլ հերմետիկորեն փակվելով և առանձնանալով Հայաստանից՝ կենսունակ չէ, ինչը շատ լավ հասկանում են ադրբեջանցիները։ Եթե պատկերացնենք, իրենք լցնեն Արցախի խանութները ապրանքներով ու լուծեն օրվա խնդիրը, միևնույն է, առանց Բերձորի միջանցքի բացմանը արցախահայությունը չի կարող ապրել։ Պետք է շարունակենք պայքարը ինքնորոշման համար։ Այնպես որ, այն քայլերը, որոնք ուղղված չեն Քաշաթաղի միջանցքի բացմանը, Հայաստանի Կառավարությունից կամ քաղաքական որևէ ուժից մասնակցություն չպետք է ունենա»։

Հումանիտար բեռի տեղափոխման արգելքը «արթնացրել է» միջազգային հանրությանը, Եվրամիության միջնորդական առաքելությանը։ Մի կողմից լավ է, որ թշնամին թույլ չի տալիս, որ բեռն Արցախ մտնի՝ իրական դեմքն է ցույց տալիս, մյուս կողմից` այդ հումանիտար օգնության կարիքն այս պահին իրոք կա։ Այս ուշադրությունը ինչպե՞ս կազդի Քաշաթաղի միջանցքի բացման հարցին, և ինչպես պետք է փաստը օգտագործվի, որ չվնասի։ Մելիք-Շահնազարյանը նշում է, որ իրավիճակը կարելի է նաև հօգուտ հայկական շահի օգտագործել:

«Ես կարծում եմ, որ քանի դեռ ունենք միջազգային հանրության ուշադրությունը, մենք պետք է ավելի բարձր խոսենք Արցախի անկախության և Ադրբեջանի կազմում լինելու անհնարինության մասին։ Պետք է ոչ միայն հայտարարություններ լինեն, այլ գործողություններով ցույց տանք, որ դա լուծում չէ և երբեք չի բերելու միջազգային հանրության համար ցանկալի։ Մտածում եմ, որ այս վիճակը, որ ստեղծվել է Արցախում, որքան էլ վտանգավոր է մեր հայրենակիցների համար, նաև հնարավորություն է տալիս սեփական ինքնուրույնությունը դրսևորելու և անկախության համար պայքարի կամքը ցույց տալու այդ ճանապարհով սեփական խնդիրները լուծելու համար»։

Last modified on Ուրբաթ, 28 Հուլիսի 2023 15:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ