Մայիսի 06, 2024

Պետությունը խստացնում է խաղի կանոններն անբարեխիղճ տնտեսվարողների համար

By Սրբուհի Վանյան Հունիսի 14, 2023

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության թեման շրջափակման պայմաններում Արցախ ներմուծվող ապրանքների հաճախ չհիմնավորված գներն են։

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև անմիջապես վաճառակետերում, խանութներում վերահսկողություն իրականացնող ու տնտեսվարողների հետ աշխատող տեսուչները։ Պետնախարարի խոսքը կտրուկ էր, հանձնարարությունը՝ հստակ․ շուկան կարգավորման կարիք ունի, և վերահսկիչ-տեսուչների աշխատանքից ինքը գոհ չէ։ Պահանջում է խստացնել վերահսկողությունը։

«Կատարված աշխատանքը ես համարում եմ անբավարար, իմ մոտ հարցեր ու մտահոգություններ են առաջանում, ինչ ներկայցվում են Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից արձանագրված խախտումների մասին տվյալներ, բայց տպավորություն է, որ տնտեսվարողները այդ օրինախախտումների առնչությամբ պատասխանատվության վախ չունեն։ Խախտումը երկրորդ անգամ գրանցած տնտեսվարողի գործունեությունը պետք է կասեցվի, բայց ընդամենը մի քանի կազմակերպության գործունեություն է կասեցվել։ Ինձ տեղեկություններ են հասնում, որ տեսուչների հետ բանակցության արդյունքում հարթվում են դրանք»։ 

Դեպքեր են գրանցվել, որ տեսուչների կողմից խախտումներն արձանագրվելուց հետո տնտեսվարողը շարունակել է ապրանքը վաճառել բարձր գնով, համոզված լինելով որ իր խանութը նորից չեն այցելելու և վերստուգելու։ Ստացվում է՝ տնտեսվարողը այնքան է թանկ վաճառում, որ նույնիսկ պատրաստ է առանց վարանելու վճարել 500 հազարից 1 մլն դրամի հասնող տուգանք։


«Սրա մասին դուք նույնպես տեղյակ եք, պետք է մտահոգվեք, քանի որ դրանք մեր աշխատանքի ցուցիչներն են։ Խնդրի արմատական լուծման ուղղությամբ քայլեր չեմ տեսնում։ Երբ ես զբաղված եմ լինում իմ այլ պարտականություններով, շուկայում անվերահսկելի է դառնում իրավիճակը, սա նշանակում է, որ համակարգային անհանդուրժողականություն չկա անօրինությունների նկատմամբ»։

ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Պողոսյանին ու Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանին հանձնարարվեց համատարած շրջայցեր կազմակերպել Ստեփանակերտում, ապա և շրջաններում՝ արձանագրելով ապրանքների մանրածախ գների թույլատրելի չափը գերազանցող յուրաքանչյուր դեպք և հարուցել վարչական վարույթներ։

«Խախտում թույլ տված ձեռնարկատիրոջը 24 ժամ հսկողություն եք անում, կրկնվելու դեպքում կասեցնելով գործունեությունը։ Կիրառեք վարչական վարույթներ, հանրային պարսավանքի ենթարկեք»։

Իսկ թույլատրելի գներն արդեն հրապարակված են։ Գուրգեն Ներսիսյանը պահանջում է լրացուցիչ իրավական մեխանիզմներ ներդնել, ընդհուպ մինչև ապրանքն առգրավել ու դադարեցնել հետագա համագործակցությունը, եթե տնտեսվարողները հրահանգին համապատասխան չեն աշխատում։

Նա նշում է, որ այս հարցում պետք է լինեն անհարդուրժող, խիստ ու վճռական, քանի որ այսպիսի պայմաններում, որոնցում հայտնվել է մեր բնակչությունը, խղճին ու բարոյականությանը դեմ են այդ տնտեսվարողների գործողությունները․ նրանց հետ, ասում է, օրենքի ողջ խստությամբ պիտք է խոսել։ Տեսուչներին հորդորում է իրենց պարտականությունները կատարել ընդգծված պատասխանատվությամբ։ Եթե շուկայում կա նման իրավիճակ, ուրեմն ձեր աշխատանքը կատարում եք թերի՝ ասում է հանրապետության պետնախարարը։

«Մի իրավիճակում ենք, երբ գթասրտությունը, խիղճը չպետք է որոշումների կայացման առանցքում լինեն։ Իրավախախտներին վերաբերվեք այնպես, ինչպես նրանք՝ հասարակությանը։ Պետությունը ծանր աշխատանք է կատարում, այդ առաջինն անհրաժեշտության հումանիտար բեռները Արցախ հասցնելու համար, մինչդեռ րոպեներ անց մատչելի ապրանք հայտնվում է վերավաճառողների մոտ՝ բազմակի թանկ գներով»։ 

Պետնախարարը հորդորում է հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ պայքարին ներգրավվել բոլորին, այդ թվում և հասրակական կազմակերպություններին, նշելով, որ հենց այսօր և այստեղ է հանրային ակտիվություն ցուցաբերելու ժամանակն ու տեղը, քանի որ ստեղծված իրավիճակը սեփական տնտեսական շահերին ծառայեցնելու անձանց պետք է հասարակական պարսավանքի ենթարկել։

Բնականաբար, անելիքի առյուծի բաժինը պետական համակարգի վրա է ընկած, ասում է Գուրգեն Ներսիսյանը, և այս իրավիճակը նաև տարիներ շարունակ պետական համակարգի թույլ տված սխալների արդյունք է։ Արցախը ներքին ու արտաքին վտանգների առաջ է կանգնած, և եթե ուզում ենք այդ ուղղություններում հաջողության հասնել, պետք է գործընթացը սկսենք ներքին կյանքի կարգապահությունից, եզրափակել է պետնախարարը։

Last modified on Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023 14:03
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ