Ապրիլի 19, 2024

Շրջափակումից տուժած արցախցիների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել մայիս ամսին

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 04, 2023

Շրջափակման հարուցած խնդիրները բազմաճյուղ են և ձնագնդի էֆեկտով օր-օրի ավելանում են։ Այս խնդիրների հետ առնչվում է Արցախում ապրող յուրաքանչյուր ոք։ Առավել սուր է դրված այն մարդկանց հարցը, ովքեր շրջափակման ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը։ Բայց միևնույն սուր խնդիրների առաջ են կանգնած նաև մինչև շրջափակումը աշխատանք չունեցած քաղաքացիները։ Պետնախարար Գուրգեն Ներսիսիյանի խոսքով՝ արդար չէր լինի, եթե որևէ սոցիալական ծրագրի շահառու լինեին միայն շրջափակման պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիները։ 

«Քաղաքացիների հետ պարբերական շփումների ընթացքում և՛ Ազգային ժողովը, և՛ կառավարությունը, և՛ ես, զգում ենք, որ հազարավոր ընտանիքներ արդեն տարրական սոցիալական խնդիրները լուծելու խնդրի առաջ են կանգնած։ Տեսնելով այս ամենը՝ համատեղ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետությունը պետք է սատար կանգնի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պահին չունեն կայուն եկամուտ, ունեն զբաղվածության խնդիր։ Այս աջակցությունը պետք է ուղղված լինի սոցիալական խնդրի առաջ կանգնած բոլոր ընտանիքների նվազագույն սոցիալական կարիքները հոգալուն»։ 

Սոցիալական աջակցության ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել մայիս ամսին։ Այս առնչությամբ մի շարք խնդիրներ են առաջանում։ Անհրաժեշտ է հասկանալ՝ նպատակահարմար է աջակցությունն իրականացնել քաղաքացիների դիմումների հիմա՞ն վրա, թե՞ պետությունն ինքը կորոշի շահառուների ցանկը։ Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նախկին փորձով է կիսվել։ Նա շեշտել է, որ ծրագիրը քաղաքացիների դիմումների միջոցով իրականացնելն առավել արդյունավետ է։ Արդյունավետ է, որովհետև որևէ մեկը դուրս չի մնա ծրագրից։ 

«Հաջորդ սկզբունքային հարցը՝ ծրագիրը պետք է իրականցվի բանկային փոխանցմամբ։ Որովհետև 2020թ ․ վերջին և 2021 թ․ մենք բավականին մեծ խնդիրներ ենք ունեցել, գումարը տեղ հասցնելու, հերթերի հետ կապված։ Հատկապես հիմա ավելի մեծ դժվարություններ ենք ունենալու։ Իմ կարծիքով մենք շատ հեշտ կարող ենք նախկինում օգտագործված էլեկտրոնային ծրագրերը օգտագորել, ոչ թե ժամանակ ծախսել նոր ծրագիր գրելու համար»։ 

Ծրագրով սահմանված աջակցությունը նախատեսվում էր փոխանցել «Արցախբանկ»-ի և «Արցախփոստ»-ի միջոցով, բայց այս պարագայում կարող են մեծ հերթեր առաջանալ։ Պատգամավորների առաջարկին, որ ծրագիրը կարող է իրականացվել նաև այլ բանկերի միջոցով՝ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը արձագանքեց, կարծիք հայտնելով, որ այդ պարագայում համայնքների բնակիչներն են խնդրի առաջ կանգնելու։ Դրան չբախվելու համար որոշվել է գումարը փոխանցել քաղաքացիների բանկային հաշիվներին։ «ԱՀ շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացման նոր սոցիալական ծրագիրը» կյանքի կոչելու համար խնդիրները միայն տեխնիկական բնույթի չեն։ Պետնախարարի խոսքով՝ մասնավոր հատվածում աշխատողները ծրագրի շահառու են հանդիսանալու, իսկ պետական բյուջեից վարձատրվողները՝ ոչ։ Պատգամավար Արթուր Հարությունյանը կարծում է, որ այս հանգամանքը փոխում է ծրագրի տրամաբանությունը։ Գուրգեն Ներսիսյանը բացատրում է․ 

«Գ․Ն․-Մենք պետական համակարգում աշխատող և նվազագույն աշխատավարձից ցածր վարձատրվող քաղաքացիներ չենք ունենալու, բայց մասնավորում ունենալու ենք և այդ թիվը մեծ է լինելու։

 Ա․Հ․-Կարող ենք շեմ որոշել, եթե աշխատավարձը դրանից ցածր է, իրենք էլ շահառու հանդիսանան։ Բայց ամբողջ մասնավոր հատվածը չենք կարող ընդգրկել, որովհետև մասնավոր հատվածում աշխատաղներ կան, որոնք պետական աշխատողից ավելի շատ գումար են ստանում։ 

Գ․Ն․-Այդ նույն տրամաբանությամբ եմ ասում, եթե մենք սկսենք աշխատավարձի չափ որոշել, մեզնից մի քանի ամիս է պահանջվելու ծրագիրը իրականացնելու համար»։

Սոցիալական ծրագիրը թեկուզ նախատեսված է մայիս ամսվա համար, սակայն, ըստ անհրաժետության, կիրականացվի նաև հաջորդ ամիսներին։ Աջակցության չափի մասին լսումների ընթացքում չի խոսվել, բայց պատգամավորները քննարկել են սոցիալական հարցերի լայն շրջանակ, հաճախ նաև շրջանցելով հիմնական թեման։ Ամենակարևոր սկբունքը ծրագրի հնարավորինս շուտ կյանքի կոչելն էր։ «ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նոր սոցիալական ծրագիրը» բացի իրական սոցիալական օգնությունից, նաև բարոյական աջակցություն է ենթադրում։ Դրան աջակցել են հանրապետության նախագահը, Ազգային ժողովը և կառավարությունը։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ընդգծում է․«Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ստեղծված դժվարագույն իրավիճակում պետությունն իր կողքին է»։

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 10 Հունիսի 2023 19:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ