Մայիսի 04, 2024

Արցախցի ձյուդոյիստները՝ մեդալակիրներ

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 06, 2021

Արցախից Արման Ավանեսյանն ու Վահագն Չալյանն են մասնակցել Հայաստանի ձյուդոյի մեծահասակների առաջնությանը։  Արման Ավանեսյանը ելույթ է ունեցել  100 և բարձր,    Վահագն Չալյանը՝  90կգ քաշային կարգում։ Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի մարզիչ Գոռ Ազիզբեկյանը առաջնության մասին է պատմում.

 «Առաջնությանը,  ընդհանուր առմամբ, մասնակցել են 150 մարզիկ։ Այն  անց է կացվում ամեն տարի։ Առաջնության արդյուքում որոշվում է, թե ովքեր են մասնակցելու Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին կամ միջազգային գավաթներին»:  

Հարցին, թե արցախցի մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու այդ մրցաշարերին, Գոռ Ազիզբեկյանը պատասխանել է.

 «Ինձ թվում է՝ այո՛, Արցախից մասնակիցներ կընդգրկվեն Հայաստանի հավաքականի կազմում։ Բյուջեի հետ կապված խնդիրներ կան:  Եթե  համապատասխան  գումարը տրամադրվի,  ապա ինձ թվում է, որ Արմանն ու Վահագնը կմասնակցեն միջազգային առաջնությունների»: 

Արման Ավանեսյանն ու Վահագն Չալյանը  3 և ավելի մենամարտ են ունեցել, բոլորում էլ հաղթանակ  տարել։ Մեր բոլոր ակնկալիքները արդարացվել են, ասում է Գոռ Ազիզբեկյանը՝ Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի մարզիչը։ 

«Քանի որ երկուսն էլ նման մրցաշարերում միշտ էլ հաղթող են ճանաչվում, սպասել ենք, որ այս մրցաշարը ևս բացառություն չի լինի։ Դրանից բացի տղաները լավ  մարզավիճակում  էին»:

 Հայաստանի ձյուդոյի մեծահասակների առաջնությունն անց է կացվում տարին մեկ անգամ։ Մրցաշարին արցախցի մարզիկներ միշտ էլ մասնակցել են։  

 «Ամեն տարի մենք ունենում ենք թե՛ 1-ին, թե՛ 2-րդ տեղեր գրավողներ։   Ի տարբերություն    նախորդ տարիների՝ այս տարի մեր մարզիկները, հասկանալի պատճառներով,   ընդհատումներով են պարապել:    Բայց, այնուամենայնիվ, մարզիկները իրենց դրսևորեցին  բարձր մակարդակով և բարձր արդյունք  ցուցաբերեցին»: 

Մեծ հաղթանակները կազմված են փոքր հաջողություններից՝ ասում է զրուցակիցս: Իսկ արցախցի մարզիկները ունեն բոլոր հնարավորությունները Արցախը նաև միջազգային հարթակներում պատվով  ներկայացնելու համար։

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 08 Դեկտեմբերի 2021 14:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ