«Կինն ու պատերազմը» վավերագրական ֆիլմը պատմում է Իրաքի Դաշնակցային Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում գործող ծայրահեղ իսլամիստական խմբավորման՝ ԴԱԻՇ-ի աներևակայելի վայրագությունների դեմ պայքարող կանանց մասին, որոնք միանում են տարածքի միակ զինված հակաիսլամական պետության զինված ուժերի իգական թևին։ Արտաքին թշնամու հետ պատերազմելուց բացի այդ կանայք տանը մեծ ճնշման են ենթարկվում մինչև ամուսնանալը ծնողների, իսկ հետո՝ ամուսինների կողմից։ Շատերը հեղափոխության անդամներին միանում են նաև այդ ճնշումներից խուսափելու համար, սակայն օրինակ՝ 18-ամյա քուրդ կին Գյուլանը բանակին միանում է թշնամու դեմ պայքարելու համար, քանի որ իր ապագան և իր ընտանիքի գոյության սրբությունը հիմնված էր ԴԱԻՇ-ի պարտության վրա: Ֆիլմի քննարկման ժամանակ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը նշել է, որ բովանդակությունը մեզ հետ մեծ առնչություն չունի այն առումով, որ այնտեղ կանանց իրավունքները խախտվում են, նրանք ճնշված են, ստորացված, ինչը Արցախում բացակայում է։ Բայց կան նաև նմանություններ։
«Ընդհանրապես այդ արգելքները Արցախի տարածքում չկա և մենք, ի տարբերություն այս կանանց, նման պայքարի խիստ անհրաժեշտություն չունենք, բայց նմանությունը մեր կյանքին, առօրյային այն է, որ մեր ազատության համար պայքարում պետք է մեր ներդրումը ունենանք»։
Կինը առաջնագծում զենք վերցնելով ու մարդ սպանելով չէ, որ պետք է պայքարի՝ ինչպես ֆիլմում է՝ առանձնացնում է Ավանեսյանն ու նշում՝ կինը ստեղծվել է նոր կյանք տալու, պատերազմի ժամանակ թիկունքը ամուր պահելու համար։
«Թիկունքը շատ մեծ դերակատարություն ունի պատերազմի հաջողության մեջ։ Եթե թիկունքը ամուր է, առաջնագծում կանգնած զինվորը շատ ավելի ինքնավստահ է իր գործը ծավալում, պայքարը մղում»։
«Ֆիլմի աղջիկները բավականին ուժեղ են»՝ տպավորություններով մեզ հետ կիսվել է դիտողներից Անի Աբրահամյանը։
«Ինձ մի դրվագ տպավորեց, որտեղ աղջիկներից մեկը ասում էր «Բոլորն էլ մի օր մահանալու են, և նա կնախընտրեր մեռնել հենց պատերազմի դաշտում՝ իմանալով, որ կարևոր գործ է կատարում․ ազատագրում է իրենց հայրենիքը, իրենց իրավունքներն է պաշտպանում»։ Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե մեր հանրությունը նույն կարծիքն ունենար՝ թե՛ աղջիկները, թե՛ տղաները։ Կարծում եմ, որ կարևոր է բոլորիս համար գոնե մեկ անգամ դիտել այս ֆիլմերն ու ծանոթանալ այս աղջիկների արածներին»։
Սիրանուշ Մարտիրոսյանը համակարծիք է ֆիլմի հերոսներից մեկի հետ, որն ասում է «Ազատության համար կարելի է մեծ զոհողությունների գնալ՝ ժամանակից մինչև կյանք»։
«Միգուցե նրանք զոհում էին իրենց ժամանակն ու կանքը, որը այլ կերպ կարող էին ապրել, իսկ միգուցե մյուսները կամ մենք, որ համեմատում եմ մեր պետության հետ կարող ենք զոհել մի այլ բան․ օրինակ՝ մեր ժամանակը զոհել այնպիսի կրթության կամ այնպիսի գործի վրա, որը կարող է մեր հայրենիքի համար ինչ-որ օգուտ բերել, բայց ես կարծում եմ, որ ազատության համար պետք է զոհել շատ բաներ»։
«Խիզախությունը սեռ չի ճանաչում»,- նշում են «Կինն ու պատերազմը» ֆիլմի կանայք ու հավելում՝ «Միևնույնն է, մի օր մահանալու ենք, ինչու՝ ոչ հայրենիքի համար», իսկ կինոդիտման եկած արցախցի երիտասարդները համաձայնվում։ Ֆիլմի տպավորություններով միջոցառման մասնակիցները տուն են վերադարձել՝ շատերը զինվորական ծառայության անցնելու, իրենց ժամանակը ճիշտ ու ի նպաստ հայրենիքին օգնելու ցանկությամբ։