Նոյեմբերի 21, 2024

ԱՎԾ -ն ներկայացրել է 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը

By Սրբուհի Վանյան Փետրվարի 08, 2023

Վիճակագրության պետական խորհրդի հերթական նիստն այսօր կայացել է  օրակարգային երեք հարցով։  Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը ներկայացրել է 2022թ․ ԱՀ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի շրջանակում կատարվածը։ 

«Հիմնական հարցը մեր հաշվետվությունն է։ Բոլորդ գիտեք, որ ԱՀ-ում պետական վիճակագրությունը հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, իր ֆունկցիոնալ գործունեության մասով անկախ է կառավարությունից, հաշվետու է հանրությանը, և այդ նպատակով մեր նիստին այսօր հրավիրել ենք ԶԼՄ-ին՝ ներկայացնելու մեր կողմից իրականացված հիմնական աշխատանքները»։ 

Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները կառուցվում են այնպես, որ ապահովվի երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին։ Նպատակ է հետապնդվում նաև, որ երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովվեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը՝ ասում է ծառայության ղեկավարը։ Այն կազմելիս հիմք է ընդունվում վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրությունը, քանի որ երկրի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական վերափոխումները, տնտեսության մեջ արձանագրվող արագ տեղաշարժերը սկզբունքային անհրաժեշտություն են առաջացրել վիճակագրական տեղեկատվություն սպառողներին ապահովելու առավել ճշգրիտ, արժանահավատ և ժամանակի չափանիշներին համապատասխանող վիճակագրական հրապարակումներով: 

«Ընդհանուր առմամբ, 2022թ․ նախատեսված էր իրականացնել 334 վիճակագրական աշխատանք և տարեկան պարբերականության հաշվառմամբ դրանք կազմել են 1374, բոլոր աշխատանքները սահմանված ժամկետներում ու պարբերականությամբ կատարվել են, տարվա ընթացքում շարունակել ենք մեր հետազոտություններն ու ուսումնասիրությունները մի շարք բնագավառներում, իրականացվել են մի շարք  ապրանքների սպառողական գների ու սակագների դիտարկումներ, որոնց հիման վրա հաշվարկել ենք գների ինդեքս, ինչը չափազանց կարևոր է ցանկացած տնտեսության մեջ գնահատումներ իրականացնելու տեսանկյունից»։ 

Մանուշ Մինասյանը հայտնել է, որ 2020թ. հունվարից իրականացվել է աշխատուժի հետազոտություն (ԱՀ)՝ 2160 ՏՏ ընտրանքով: Տվյալների մշակման նպատակով կիրառվել են տեղեկատվության մուտքագրման փուլի համար անհրաժեշտ ստուգիչ ալգորիթմներ: Աշխատուժի հետազոտության արդյունքներով հաշվարկվել են 2021թ. ԱՀ աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռը, աշխատուժի և աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվաքանակները, բնակչության տնտեսական ակտիվության մակարդակները, ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածությունը` ըստ տնտեսական գործունեության տեսակների, տնտեսության հատվածների, սեռի:  Տարվա առաջին երեք ամիսներին անցկացվել է բիզնես հետազոտություն, որի արդյունքներն արդեն իսկ ամփոփվել ու հրապարակվել են։

 «Սա կարևոր աղբյուր է բիզնես ոլորտի տեղեկությունները ստանալու համար, հիմքում ընդունել ենք ԱՀ պետռեգիստրում գրանցված սուբյեկտների ամբողջ բազան, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ դրանք թվային տվյալներով հետևյալն են․ 4135 իրավաբանական անձ և 10637 ԱՁ, դրանց մեծ մասը սակայն չգործող են։ Մեզ հաջողվել է հավաքագրել գործող սուբյեկտներից հարցաթերթեր․ 1012 իրավաբանական անձից, 20237՝ անհատ ձեռնարկատերերից»։

 2022թ. ընթացքում Վիճակագրական ծառայության կողմից անց է կացվել տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտություն․ ընտրանքի չափը  1296 էր: Այս հետազոտությունը տալիս է հանրապետության սոցիալական վիճակի ամփոփ պատկերը։ Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հետազոտվել է 108 տնային տնտեսություն։ 2021թ. հետազոտության հիմնական արդյունքներով պատրաստվել է «Արցախի սոցիալական պատկերը և աղքատությունը- 2022» վիճակագրական ժողովածուն՝ հայերեն և անգլերեն տարբերակներով: Նման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել  նաև 2023թ․՝ անցած տարվա հավաքագրված տվյալներով:

 «Հաջորդ հետազոտությունը, որ 2020 թվականից իրականացվում էր, ՏՏԿԱՀ-ից զատ,  զբաղվածության հիմնախնդիրները վերհանելու համար է։ Արդեն երրորդ տարին է, ինչ իրականացվում է այն։ Հետաքրքիր տեղեկություններ կան այստեղ աշխատանքային ռեսուրսների կառուցվածքի, զբաղվածության մակարդակի մասին, դրանք պաշտոնականից էականորեն շեղվում են և մաքսիմալ արտացոլում են պատկերն աշխատանքի շուկայում »։ 

Կառույցի աշխատակիցներն իրականացրել են նաև տարհանված ընտանիքների կենսապայմանների ընտրանքային հետազոտություն․ արդյունքներով պատրաստվել է համանուն վիճակագրական զեկույցը: Հավաքագրվել, մշակվել և ամփոփվել են պարենային ապահովության վիճակագրությանն առնչվող մակրոտնտեսական, սոցիալական և ժողովրդագրական ոլորտների հետազոտությունների արդյունքները, կատարվել են տեղեկատվահրատարակչական աշխատանքներ։ Շրջափակումը խնդիրներ է ստեղծել նաև վիճակագրական ծառայության աշխատանքների կազմակերպման համար, որոշ խնդիրներ կան կայքէջի սպասարկման հարցում։ Կառույցի աշխատակիցները, սակայն,  ԱՎԾ նախագահի խոսքով, շարունակում են սահմանված ժամկետներում ու կարգով իրականացնել իրենց պարտականությունները։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ