Ինչպես տնտեսության մյուս ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության համար տարին բավականին բարդ է․ եթե առաջիկայում տեղումների քանակը չավելանա, տարին չորային է լինելու և բացասական ազդեցություն է թողնելու բերքի վրա։ Այսպիսի կանխատեսումներ են անում գյուղատնտեսության նախարարության մասնագետները։ Նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի խոսքով՝ գյուղատնտեսական աշխատանքների այս ակտիվ շրջանում ստիպված են ոչ ստանդարտ ձևով աշխատել, քանի որ գտնվում ենք տոտալ շրջափակման մեջ։ Դրան գումարվել են նաև ոչ բարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած խնդիրները։
«Քիչ են տեղումները, ինչպես 2022, այնպես էլ 2023 թվականներին տեղումները սակավ էին։ Ճիշտ է, վերջերս տեղացած տեղումները դրական ազդեցություն են ունենալու, բայց ամեն դեպքում քիչ է։Եթե տեղումները նման տեմպով լինեն, բացասական ազդեցություն կունենա ինչպես աշնանացանի, այնպես էլ գարնանացանի վրա»։
Օրերս տեղացած ձյունը որոշ վնաս է հասցրել ծաղկած ծառերին, բայց, բարեբախտաբար, ցրտահարության դեպքեր չեն եղել՝ ասում է Վիլեն Ավետիսյանը։ Բայց եթե տեղումների քանակը չլրացվի առաջիկա ամիսներին, երաշտն անխուսափելի կլինի՝ դրանից բխող բացասական հետևանքներով։ Հողօգտագործողները ստիպված են լինելու աշնանացանի, ինչպես նաև գարնանացանի դաշտերում լրացուցիչ սնուցման աշխատանքներ կատարել։ Վերջին տարիներին տեղումների քանակը գնալով նվազում է, այդպես է ամբողջ աշխարհում՝ կապված գլոբալ տաքացմամբ, մեզ մոտ էլ վերջին տարիներին տեղումների սակավության միտում կա՝ նկատում է ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխտնօրեն Լաուրա Հովսեփյանը․ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ բազմամյա միջին տվյալներից օդի ջերմաստիճանը ավելի բարձր է։
«Հանրապետության տարածքում մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը գրանցվել է 11-14 աստիճան, որը 4 աստիճանով նորմայից բարձր է, 6-8 աստիճանով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակհատվածից։ Տեղումների քանակը մարտ ամսին կազմել է 14-27 մմ,որը նորմայի 26-54 տոկոսն է։ Դա 3-7 անգամ քիչ է 2022 թվականի համեմատ։ 2023 թվականի հունվար-մարտ ամիսների տեղումների քանակը կազմել է 43-63 մմ, կամ նորմայի 47-75 տոկոսը»։
Հունվար-մարտ ամիսների միջին ջերմաստիճանը գրանցվել է 5-8 աստիճան, ինչը միջինում 1-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից, և 1 աստիճանով բարձր՝ անցյալ տարվա տվյալներից։ Ապրիլին էլ կանխատեսվում է օդի ջերմաստիճանի 1-2 աստիճանի բարձրացում՝ ասում է Լաուրա Հովսեփյանը, չնայած, սպասվում է, որ տեղումների քանակը նորմային մոտ կլինի։ Կկարողանա՞նք այդ դեպքում եղած ջրային պաշարներով ոռոգում իրականացնել՝ ստեղծված իրավիճակում պարենային ապահովման հարցերը լուծելու համար։ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արարատ Խաչատրյանն ասում է, որ ոռոգման համակարգը Արցախում թույլ է զարգացած, վերջին տարիներին փորձել են կաթիլային համակարգի ներդրման ծրագրեր իրակացնել, բայց չկան զուտ ոռոգման համար նախատեսված ջրամբարներ, ավազաններ։ Միակ ջրամբարը, որ ժամանակին կառուցվել էր առաջին հերթին ոռոգման նպատակով, այն էլ՝ Խորհրդային շրջանում, ԼՂԻՄ ադրբեջանաբնակ համայնքների հողատարածքների համար, դա Սարսանգի ջրամբարն է։ Այդ ջրամբարի ոռոգումից հայ բնակչությամբ բնակավայրերից օգտվում էր միայն Մարտակերտ քաղաքի հարավային թևը՝ ոռոգելով մոտ 5000 հա -ի չափ տարածք։
«Սարսանգի ջրամբարը, որը 600 մլն խ․մ է,օգտագործվում էր ադրբեջանական տարածքների համար։ Մնացած տեղերում կային փոքր ջրամբարներ, որտեղ կուտակումները տեղումներից էին կատարվում»։
Դրանցից մեկը Հիլիսի ջրամբարն է, մնացածները փոքր հողային ջրավազաններ են՝ 50-200 խ․մ տարողությամբ, որոնք նույնպես հիմնականում տեղումներից էին լցվում։ Երաշտը կարող է մեծ վնասներ հասցնել, ասում է Արարատ Խաչատրյանը։ Այս ամենը հաշվի առնելով, պետության կողմից մեծ ներդրումներ են կատարվում ՝ ոռոգման ու խմելու ջրի համակարգեր ներդնելու նպատակով։ Փոքր բացառություններով, խմելու ջրի խնդիրը կարելի է լուծված համարել։ Սինքրոն 4, "Այսօրվա դրությամբ խմելու ջրի խնդիր գրեթե չկա, կան համայնքեր, որտեղ էլեկտրաէներգիայի սահմանփակումների պատճառով էլեկտրաշարժիչները չեն աշխատում"։ Այդ համայնքերում աշխատանքը կազմակերպելու համար ամեն օր շուրջ 350լ դիզվառելիք է օգտագործվում՝ ջրամատակարարում ապահովելու համար։ Որոշ համայնքներում հոսանքի հովհարային գրաֆիկի պատճառով ջրամատակարարումը նույնպես իրականացվում է գրաֆիկով։
«Համայնքներ կան, երաշտի պատճառով խնդիրներ կան, աղբյուրները ցամաքել են, չեն հերիքում։ Այդտեղ արդեն մարդկային գործոնը դեր չի խաղում»։
Ոռոգման ջրի հետ կապված՝ խնդիրներն ավելի մեծ են․
«Այսօրվա դրությամբ պետությունը հսկայական գումարներ է ծախսում՝ ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար՝ նոր ջրագծեր, կաթիլայն համակարգ, որը պետությունը սուբսիդավորում է»։
Երկրում ստեղծված անկայուն, անորոշ իրավիճակն էլ է ազդում մարդկանց վրա․ ներդրումներ ոռոգման համակարգեր ստեղծելու նպատակով գրեթե չեն անում․ ռիսկերը մեծ են։ Արարատ Խաչատրյանը տեղեկացնում է․ Հիլիսի ջրամբարում աշխատանքերը գրեթե ավարտված են, այն պատրաստ է շահագործման։ Չի գործարկվում, քանի որ սակավ տեղումների պատճառով բավարար ջրային պաշարներ այնտեղ չկան։
«Հիլիսի ջրամբարը սնվում է Պատարա գետից, գետում ջուրը սակավ է, աղբյուրները ցամաքում են։ Հիլիսի ջրամբարը ծառայել է նաև որպես միջանկյալ ջրամբար՝ Ասկերան քաղաք ջուր մատակարարաելու համար»։
Այս համապատկերին մեծ նշանակություն է ձեռք բերում Պատարայի ջրամբարի գործարկումը, որը 600 մլն խմ ջուր կարող է ամբարել։ Ծրագիրը մի քանի փուլով է իրականացվում․ 7,7 մլրդ դրամ արժողությամբ ծրագրի 2,2 մլրդ դրամի աշխատանք կատարվել է արդեն, այս տարի պլանավորած է 1,5 մլրդ դրամի աշխատանք իրականացնել։ Շրջափակման պատճառով աշխատանքներն ըստ պլանավորածի հնարավոր չէ կատարել․ դժվարացել է ոչ միայն դիզվառելիքի ձեռքբերումն ու շինանյութերի ներկրումը, այլև Հայաստանից ջրաշինարար-մասնագետների այցի կազմակերպումը։