Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում նախօրեին ականի պայթյունի դեպք է արձանագրվել, մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է: Համայնքի 3 բնակիչ գնացել էին ծնեբեկ հավաքելու։ Դժբախտ պատահարի հետևանքով նրանցից մեկը վիրավորվել է։ Սա Արցախյան հակամարտության պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերից մեկն է միայն։ Պատերազմից հետո, չնայած հանրապետությունում ականազերծմամբ զբաղվող ընկերությունների ամենօրյա աշխատանքի, դեպքերի թիվն աճել է։ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Արցախի տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է 1 մլն․ ական՝ ասում է հիմնադրամի տնօրեն Արթուր Ջավադյանը։
«Հումանիտար ականազերծման կենտրոնը փոքր խմբով աշխատել է նաև պատերազմի ժամանակ, որ մոբիլիզացիայի ենթակա չէր աշխատել է, մաքրել ենք Ստեփանակերտ քաղաքը, 3 անգամ մաքրել ենք Շուշին, Մարտունի քաղաքը։ Պատերազմի ավարտից հետո հիմնական խնդիրը բնակավայրերն արագ մաքրելն էր, որպեսզի բնակչության համար ապահովենք անվտանգությունը և հետո անցնենք մյուս տարածքներին»։
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը լիազորված է նաև չպայթած զենք-զինամթերքի մասին իրազեկել հանրությանը, բայց համապատասխան գործիքակազմ և ֆինանսական միջոցներ չունի՝ իրազեկման աշխատանքը լիարժեք իրականացնելու համար՝ ասում է Արթուր Ջավադյանը։ Պատերազմից հետո «Հումանիտար ականազերծման կենտրոն»-ի աշխատանքի ծավալը կտրուկ մեծացել է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատերազմից հետո ականներով և չպայթած զենք-զինամթերքով պատված է Արցախի Հանրապետության մոտ 60 մլն քառակուսի մետր տարածք։ Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են։ Հանրապետության բնակավայրերում արդեն ականապատ դաշտեր չկան, բայց մոտակա տարածքներում չպայթած զենք-զինամթերքի առկայությունը հավանական է։ Նախօրեին Կարմիր շուկայում տեղի ունեցած դեպքը հենց համայնքի վարչական տարածքում է տեղի ունեցել։ Դեռևս նախորդ պատերազմից ականապատ դաշտեր կան Մարտակերտի շրջանի Չլդրան, Վարընկաթաղ գյուղերի տարածքներում՝ ասում է Արթուր Ջավադյանը՝ հավելելով, որ այդ մասին գյուղացիները տեղյակ են և հաշվի են առնում։ Զրուցակցիս խոսքով առավել վտանգ են ներկայացնում ոչ թե ականները, այլ չպայթած զենք-զինամթերքը։
«Երբ որ կողմնորոշվում ենք, որ սա ականապատ դաշտ է, ավելի հեշտ է ականազերծելը, քան հայտնաբերված զենք-զինամթերքը։ Կասետային ռումբերը տարեցտարի ծածկվում են բուսականությամբ, հողի տակ են հայտնվում։ Ականազերծման աշխատանքի բնույթը ավելի հեշտ է, քան չպայթած զինամթերքի ոչնչացումը»։
Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Արցախի օկուպացված տարածքները ականազերծելու համար 25 տարի և 50 միլիարդ դոլար է անհրաժեշտ։ Արթուր Ջավադյանի խոսքով՝ Արցախի մեզ մնացած տարածքները չպայթած զենք-զինամթերքից մաքրելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։
«Պրակտիկան ցույց է տվել, որ այստեղ կիրառված մեկ կասետային հրթիռի կամ կասետային ռումբի 30 տոկոսը չի պայթում, այլ մնում է չպայթած, լարված վիճակում, կարելի է ասել որպես ական։ Մեկ խոշոր հրթիռի մեջ 4500 կասետային փոքր ռումբ կա, պատկերացրեք դրանքց չափը։ Դրանք հեկտարներով են ծածկում»։
Ականապատ դաշտերի կեղծ թեզը Ադրբեջանը պատասխանատու կերպով առաջ է մղում։ Այս տարվա փետրվարին Բաքուն հայտ է ներկայացրել ՄԱԿ Արդարադատության դատարան՝ միջազգային ատյանից պահանջելով Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Միջազգային ատյանը իր որոշման մեջ նշել է, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։ Ավելի վաղ, երբ 2021թ․ հուլիսի 3-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 անձ, հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել օկուպացված Վարանդայի ու Կովսականի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները: Չնայած Հայաստանի բարի կամքի դրսևորմանը՝ Ադրբեջանն ականների մասին իր կեղծ թեզը շարունակում է բարձրաձայնել միջազգային ատյաններում։