Նոյեմբերի 23, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 16, 2023
Եվ այսպես, անցած կիրակի Բրյուսելում, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ, հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը: Հանդիպումից հետո լրագրողների համար Միշելի արած հայտարարություններին փորձենք անդրադառնալ մանրամասն: Հայ հանրության, հատկապես արցախցիներիս համար ցնցող էր այն արտահայտությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ փոխադարձաբար ճանաչել միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը: Տարածքային ամբողջականություն ասելով հասկացվում է վերադարձը խորհրդային ապօրինի սահմաններին: Նախ, խորհրդային սահմաններին վերադառնալու միտքը Հայաստանի վարչապետի բերանից հնչում է արդեն առնվազը երկու տարի, հետևաբար` դա չպետք լիներ անակնկալ: Պատահական չէ նաև հաղթած երկրի պարտվողական փոխարտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանի շուրթերով մի քանի օր առաջ մեդիադաշտ ներգցված` տարածքային զիջումների մասին հերթական զառանցանքը: Նիկոլ Փաշինյանը, ինչպես և իր ու իր նախորդների հոգեհայր Լևոն Տեր-Պետրոսյանը, այն մտայնության է, թե տարածքային զիջումներով կարելի է խաղաղության հասնել: Բնականաբար, կարծելը, թե Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող գլխավոր մայրուղիներն Ադրբեջանի համար փաստացի վերահասկելի դարձնելն առավելապաշտ Ադրբեջանին կստիպի մոռանալ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները, կամ` դուրս բերել իր զինված խմբավորումները Հայաստանի նույն այդ 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի մի ամբողջ շարք հատվածներից, լավագույն դեպքում միամտություն է: Հանցավոր միամտություն: Իհարկե Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելը Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարում, սակայն կրկին` Ադրբեջանը մեկ մետր անգամ չի նահանջելու իր զբաղեցրած դիրքերից: Միաժամանակ, ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, ապա և նույն այդ հռչակագրի հիման վրա հաստատված Սահմանադրության մեջ ամրագրված է Արցախի` Մայր Հայաստանի անբաժանելի մաս լինելու դրույթը, և դրան հակասող ցանկացած միջազգային պայմանագիր կնքելուց առաջ հարկ է լինելու փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Ընդ որում՝ ըստ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշման՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն կնշվի Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է Միշելի հայտարարած «նախկին ԼՂԻՄ-ի տարածքում ապրող հայերի իրավունքների ու անվտագության խնդրին»: Հայտարարության այդ հատվածում, ձևակերպումների առումով, իհարկե, փորձ է արվել երկու կողմերի համար ընդունելի բառապաշար ընտրել, ինչպես օրինակ «նախկին ԼՂԻՄ»-ը և «այդ բնակչություն»-ը: Սակայն այդ հատվածում ուշադրության է արժանի, Միշելի խոսքով, իր բարձրաձայնած անհրաժեշտությունը` Բաքվի և «այդ բնակչության» միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության վերաբերյալ: Դա, անկասկած, Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսությանն է վերաբերում: Բնականաբար, պետք չէ մեծ հույսեր ունենալ, թե Ադրբեջանը չի փորձի խուսանավել նաև այդ կետի շուրջ: Հայտարարության մեջ նաև խոսվեց բոլոր գերիների փոխադարձաբար ազատ արձակման, ինչպես նաև` Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Նախիջևանով երկաթգծի շահագործման վերաբերյալ: Ընդ որում, հատկանշական է, որ մամուլի համար արած հայտարարությունում Միշելը նշում է այդ հաղորդակցման ուղու հանդեպ պետական ինքնիշխանության հարցը: Սակայն տեսատարբերակը հետագայում հեռացվել է, իսկ պաշտոնական տեքստային տարբերակում այդ մասը փոփոխվել է: Միաժամանակ` չկար Բերձորի միջանցքի արգելափակման մասին որևէ ուղղակի հիշատակում: Այդուամենայնիվ, բրյուսելյան այս հանդիպումն ավելի շուտ «ժամացույցների ստուգում» էր հետագա, ավելի լուրջ բանակցություններից առաջ: Միաժամանակ, պետք չէ սպասել, թե վերջնական պայմանագիրը շուտ կկնքվի: Բայց և պետք է օգտագործել այդ ժամանակը` սեփական գոյաբանական հետաքրքրություններն առաջ մղելու համար, որպեսզի կրկին «դեկտեմբերի մեկին ձմեռն անսպասելի չգա»: Մեկ ընդ միշտ պետք է հիշել, որ թույլերին չեն կարող օգնել պայմանագրերը, և ոչ մի ստորագրված թուղթ չի կարող պաշտպանել անպահապան սահմանները: Ոչ մի միջազգային կառույց, ոչ մի պետություն երբեք հաշվի չի նստել, հաշվի չի նստում և հաշվի չի նստելու այն ժողովրդի հետ, որը չունի արիություն և չունի կամք ինքն իրեն պաշտպանելու: Եւ ընդհակառակը` այն ժողովուրդները, որոնք ընտրում են չհանձնվելու և պայքարի ուղին` միշտ էլ ստանում են թե՛ համակրանք, թե՛ հարգանք, թե՛ աջակցություն:
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ