Մոսկվայում այս ուրբաթ կրկին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, այս անգամ` իրենց ռուսաստանցի գործընկերոջ միջնորդությամբ: Ինչպես և արլինգթոնյան հանդիպման ընթացքում, այդտեղ ևս հիմնական հարցերը վերաբերում էին հայաստանա-ադրբեջանական սահմանազատման և տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին: Եռակողմ հանդիպմանը նախորդեցին Միրզոյան-Լավրով և Բայրամով-Լավրով հանդիպումները, ապա հաջորդեց հայաստանյան և ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմը երկկողմ ձևաչափով: Մոսկովյան հանդիպման նախօրեին, խոսելով Գեղարքունիքի մարզի տարածքում հայկական ուժերի վրա ադրբեջանական հարձակման փորձի մասին, Ռուսաստանը` արտաքին գործոց նախարարության մակարդակով երկու կողմերին կրկին հորդորեց չդիմել սադրանքների: Դրա նախօրդ օրը Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Ամերկայի Միացյալ Նահանգները հայերին համոզում են Հայաստանից ռուսաստանյան զորքերը դուրս բերել: Լավրովը, երևի թե, ազդվել է ԱՄՆ-ի և Եվրամիության դրոշներով ցույց անող մի խումբ իդեալիստների խոսքերից: Նախքան եռակողմ հանդիպման վերլուծությանն անցնելը, մի փոքր խոսենք ռուսաստանյան արտգործնախարարության հայտարարությունների մասին: Իհարկե, առաջին անգամը չէ, որ պաշտոնական Մոսկվան Հայաստանի դեմ սահմանային սադրանքների մեղքը կիսում է երկու կողմերի միջև: Առաջին անգամը չէ նաև Հայաստանում ամերիկյան թխվածքներ, կենսաբանական լաբորատորիաներ կամ ինտրիգներ որոնելու ռուսաստանյան փորձը: Իհարկե, շատ դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, հատկապես` երբ այն չկա: Ռուսաստանը, չարաճճի երեխայի պես, սիրում է զոհի դեր խաղալ` նախ ինչ-որ բան փչացնելով, ապա` նեղանալով հետևանքներից: Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, բայց ծանր է տանում, երբ Հայաստանը նոր դաշնակիցներ է փնտրում, կանխավճար է վերցնում մատակարարվելիք սպառազինությունների համար, չի մատակարարում այն, ապա` վրդովվում է Հայաստանի` ֆրանսիական կամ հնդկաստանյան ռազմական տեխնիկա գնելու փաստով և այլն: Բնականաբար, միայն միամիտը կարող է կարծել, թե այս պահին հնարավոր է Հայաստանից ռուսաստանյան ռազմաբազաների դուրսբերումը` առանց ծանր ռազմաքաղաքական հետևանքների: Բայց և ավելի միամիտ պետք է լինել կարծելու համար, թե այդ ռազմաբազաները կատարելու են իրենցից ակնկալվող գործը: Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը: Նախ` հետաքրքրական է, որ վերջին ժամանակաշրջանում, թե՛ միջազգային հանդիպումներում, թե՛ ներպետական հայտարարություններում Հայաստանի արտգործնախարարությունն ադրբեջանական ագրեսիվ գործողությունների նկարագրման համար ավելի կոշտ ձևակերպումներ է օգտագործում, քան` երկրի վարչապետը: Վերջինն սպանդարան տարվող զոհի համակերպվածություն է ցույց տալիս հայկական պետականության կենսականությանը վերաբերող բանակցություններում: Սակայն այդ զոհասեղանին մորթվողը լինելու է հայկական ողջ պետականությունը: Մոսկովյան բանակցությունների արդյունքների ամփոփումից կարելի է եզրակացնել, որ հայկական կողմը պնդել է Արցախի ապաշրջափակման անհրաժեշտությունը, ինչի դիմաց պատրաստ է որոշ զիջումների գնալ Հայաստանի տարածքով Նախիջևանն Ադրբեջանի մնացած մասին կապող ճանապարհի տրամադրման հարցում: Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ շուտով կլինի հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում` այդ հարցերի քննարկման համար: Մոսկովյան բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը` ռուսական միջնորդությամբ: Բաց աղբյուրներից նախկինում ստացված տեղեկությունների համաձայն, այդ հատվածներում ևս նախատեսվում է տեղակայել ռուսաստանյան սահմանա- կամ խաղաղապահներ: Թե ինչքանով նրանք կկատարեն իրենց պարտականությունները, զերծ կմնանք գուշակելուց: Այդուամենայնիվ, վերջին ժամանակներում Հայաստանի դիվանագիտությունում վերջապես սկսում է երևալ ուժային տարբեր կենտրոնների հետ հարաբերությունների տրամաբանության ըմբռնումը, այն է` միջազգային հարաբերություններում չկան բացարձակ բարեկամներ: Սեփական շահի հստակ ձևակերպումը, և աշխարհաքաղաքական բևեռների հակասությունների հմուտ օգտագործումը` դրանց հասնելու համար, նույնիսկ ոչ ամենահզոր երկրին կարող են թույլ տալ հասնելու առավելագույն արդյունքի: Վերջ ի վերջո` նույնիսկ աշխարհաքաղաքական շախմատադաշտում զինվորը կարող է դառնալ թագուհի, եթե ճիշտ քայլեր կատարի: