Մայիսի 03, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Հունիսի 26, 2023

Մեր մեկնաբանությունը` Քաշաթաղի միջանցքի ճգնաժամի և հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

 Հինգշաբթի օրն ադրբեջանցիները հերթական սադրանքին գնացին Հագարիի կամրջի վրա:

Կամրջի մոտ տեղակայված ապօրինի պահակակետի մոտակայքում տեղադրվեցին բետոնե արգելափակոցներ, դրանով ամբողջապես փակելով երթևեկության հնարավորությունը Հագարիի կամրջով: Դա արվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Քաշաթաղի միջանցքի արգելափակման վերաբերյալ լսումներին զուգահեռ:

Ադրբեջանական սադրանքը կատարվեց ռուսաստանյան ռազմակայանի հարևանությամբ, ռուսաստանյան զորախմբի զինծառայողների անմիջական ներկայությամբ: Այն, որ այդ զորախումբը որևէ կերպով չէր ու չի խառնվում ադրբեջանական ագրեսիվ գործողություններին ու չի կատարում իր վրա վերցված պարտականությունները, անակնկալ կարող են լինել միայն Արցախում և դրա շուրջ իրադարձություններին չհետևող մարդու համար: Այնինչ, ռուսաստանյան զորախմբի անմիջական պարտականությունն է ոչ միայն Հագարիի կամրջով և առհասարակ` Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ազատ և անխոչընդոտ երթևեկության, այլ նաև` դրա շուրջ հինգ կիլոմետր լայնությամբ ապառազմականացված գոտու ապահովումը: Ադրբեջանական այդ սադրանքին նախորդեց նաև ՌԴ արտգործնախարարության, փաստացի շանտաժային հայտարարությունն ուղղված Հայաստանին, որով ռուսաստանյան արտաքին գերատեսչությունն, իր խոսնակի բերանով Երևանին մեղադրում էր ռուսաստանյան միջնորդությամբ բանակցություններից խուսափելու համար, և նուրբ ակնարկ էր անում առ այն, որ Արցախի բնակչությունը պատանդ է մնալու Հայաստանի անզիջում դիրքորոշման համար:

Պաշտոնական Երևանի արձագանքը կոշտ էր, և դրա մեջ հատուկ շեշտվեց, որ ռուսաստանյան զորախումբը չի կատարում իր վրա վերցված` հինգ կիլոմետր լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելու գործառույթը: Երկու հայտարարարությունների առիթը հունիսի 15-ի միջադեպն էր Հագարիի կամրջի` ՀՀ տարածքում գտնվող մասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հայաստանի կոշտ արձագանքին արդեն հաջորդեց Հագարիի կամրջի վրա բետոնե արգելափակոցների տեղադրումը: Դա, իհարկե, նաև Եվրոպական խորհրդին ցույց տալու համար էր, որ բաքվյան բռնապետը խորն արհամարում է բանաձևերը և կոչերը:

Այդուամենայնիվ, հինգշաբթի օրը ԵԽԽՎ-ում ընդունվեց Քաշաթաղի միջանցք ազատ եւ անվտանգ մուտքի ապահովվման վերաբերյալ բանաձև, որում կառույցը ծայրահեղ մտահոգություն էր հայտնում Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակման առաջացրած մարդասիրական հետևանքների վերաբերյալ: Բանաձևն, իհարկե, կարևոր էր, սակայն այն որևէ արժեք չի ունենալու, եթե դրան չհաջորդեն գործնական քայլեր, և առաջին հերթին` ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցներ: Վերջ ի վերջո, բաքվյան բռնապետին և նրա շքախմբին չեն հուզում ո՛չ միջազգային կոչերը, ո՛չ այս կամ այն տարածքը, ոչ էլ, մեծ հաշվով, սեփական ժողովուրդը: Նրանց գլխավոր նպատակն անձնական շահն է, և նրանց վրա ազդելու ամենագործուն տարբերակը` անհատական պատժամիջոցներն են:

Իհարկե, Եվրոպայի խորհրդի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի այցը Հայաստան և, մասնավորապես, Կոռնիձոր կարևոր էին Հայաստանին միջազգային աջակցության տեսակետից, սակայն, կրկին. եթե դրան չհաջորդեն աջակցության ավելի գործնական քայլեր, դա ևս մեծ արժեք չի ունենա:

Արցախյան հիմնախնդրի շուրջ շարունակում է ակտիվ մնալ ԱՄՆ-ը: Չորեքշաբթի տեղի ունեցան լսումներ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում` Արցախի պաշտպանության հարցով ԱՄՆ-ի ներգրավվման կարևորության վերաբերյալ: Լսումների ընթացքում եղան կարևոր շեշտադրումներ, և կրկին շեշտվեց Արցախի բնակչության համար անվտանգության և իրավունքների միջազգային երաշխիքների ստեղծման անհրաժեշտությունը: Լսումների ընթացքում նաև դատապարտվեց Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը: Նույն օրն ԱՄՆ-ի կոնգրեսականներից 54-ը նաև նամակով դիմել էին նախագահ Ջո Բայդենին, որում հորդորում էին դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը և օգնություն ուղարկել Արցախին:

Այդուամենայնիվ, պատմությունը, և հենց հայկական պատմությունը, բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ միջազգային կոչերը, որոնց չեն հաջորդում գործնական քայլեր, ոչ միայն չեն օգնում, այլ նաև` ավելի են վնասում: Օրինակ, 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներից հետո ամեն անգամ ներկայացվում էին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ինքնավարությանը կամ սոցիալական ու մշակութային իրավունքների բարելավմանը վերաբերող պայմանագրեր, սակայն դրանք լիարժեք չէին գործադրվում, և Օսմանյան կայսրությունն ամեն անգամ ուժ էր կիրառում հայերի նկատմամբ, հույս ունենալով հայերին ճնշելու և ֆիզիկապես ոչնչացնելու միջոցով բացառել այլ տերությունների կողմից այդ հարցի օգտագործումը:

Այնպես որ` միջազգային բանաձևերն ու լսումները, իհարկե, կարևոր են, սակայն դրանք առ աչինչ են, եթե չեն ամրագրվում գործնական քայլերով:



Այս առումով կարևոր է այն, որ Հայաստանն սկսել է ակտիվորեն վերականգնել իր ռազմական կարողությունները, և առաջին հերթին մեծացնել ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ: Դա նաև` քաղաքական դիվիդենտներ կարող է բերել Հայաստանին:

Հայաստանը տասնամյակներ շարունակ ռազմական առումով գրեթե բացառապես կախված էր ռուսաստանյան սպառազինություններից, ինչը նաև քաղաքական կախվածության մեջ էր պահում երկիրը:

Սակայն, ուկրաինական ձգձգվող պատերազմը, և Ռուսաստանի ներսում գոյացած ռազմաքաղաքական լարվածությունը նոր իրականություն են ստեղծում նաև մեր տարածաշրջանում:

Եւ այս դեպքում ևս` պատմությունը լավ ուսուցիչ է: 1917 թվականի ամռանը, չնայած բոլշևիկների ազդեցության տարածմանը, ոչ մեկը չէր կարող պատկերացնել, թե 2֊3 ամսից Ռուսական կայսրությունը, որը Կովկասյան ճակատում տասնյակ կիլոմետրերի առաջխաղացում ունի, ոչ միայն դուրս կբերի իր զորքը տարածաշրջանից, ճակատի ամբողջ ծանրությունը թողնելով հայկական կամավորական ջոկատների ուսերին, որոնք նույնպես խորապես չէին պատկերացնում դա, այլ շուտով նաև` անձնատուր կլինի: Շատ չէր տարբեր իրադրությունը նաև 1991 թվականի ամռանը, երբ կործանվող խորհրդային կայսրության փլատակների տակ մեծ վնասներ էր կրում Հայաստանը, իր անբաժանելի մաս Արցախի հետ միասին: 1991 թվականի պուտչը, և դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները ծանր պատմական հետևանքներ թողեցին հայկական պետականության վրա:

Ռուսաստանի ներսում ռազմաքաղաքական բևեռների միջև այժմ խոշոր բախում է տեղի ունենում: Անկախ այդ բախման արդյունքներից, դրա արձագանքը, անկասկած, լսվելու է նաև Արցախում: Եւ անցյալի սխալները չկրկնելու, կայսերական փլատակների տակ չմնալու, արցախցիների կյանքն ու արժանապատվությունը պահպանելու համար պետք է պատրաստ լինել ամենաբարդ զարգացումներին` ամենամոտ ժամանակներում:

Եւ պետք է մշտապես հիշել, որ ազատություն վաստակում են միայն այն ժողովուրդները, որոնք պատրաստ են պայքարել իրենց ազատության և արժանապատվության համար, առանց սպասելու, թե ուրիշները պետք է պայքարեն իրենց փոխարեն:

Last modified on Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 12:38
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ