Պատերազմից հետո թշնամին ժամանակ առ ժամանակ թարմացնում է այն հրապարակումները, որտեղ լավ երևում են հայկական սրբավայրերը, եկեղեցիները, գերեզմանները, որոնք այսօր անճանաչելի են, ավերված ու պղծված: Վերջին հրապարակումը Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցուց էր. գմբեթից հանել են խաչը, ջնջել հայկական արձանագրությունը: Ծանոթ ձեռագիր, որն արդեն «տեսնում ենք» անգամ արտերկրում կառուցված հուշակոթողների վրա. վերջին դեպքը Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողի պղծումն էր:Պատերազմից հետո հաճախ է քննարկվում հայկական հուշակոթողների վանդալիզմի ենթարկվելու թեման, որն այսօր դրված է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի սեղանին:
«Ապրելով 21-րդ դարում՝ հեշտ է ուսումնասիրել և տեսնել՝ ինչեր է անում Ադրբեջանը բռնազավթած տարածքներում՝ մեր եկեղեցիներում. ավերում է, ձևափոխում է, քրիստոնեական վավերագրեր ջնջում, որի առաջնորդը ինքը՝ Ադրբեջանի նախագահն է։ Նա անձամբ է ցույց տալիս քրիստոնեական եկեղեցիների ինչպես ոնչացնելը»:
Մայր Աթոռում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ է բացվել: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ Մայր Աթոռը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, համաշխարհային եկեղեցական կազմակեպություններին, քույր եկեղեցիներին՝ աջակցելու Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային կոթողները ոչնչացումից փրկելու համար: Դիմում են, բայց, արդյոք, արձագանք ստանու՞մ են:
«Եվրոպական երկրները լսում են մեր բողոքները, բայց լուրջ քայլեր չեն ձեռնարկում: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք, խուլ ականջներին լսելի դարձնենք Արցախում կատարվող իրադարձությունները»:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսել է նաև վերջերս տեղի ունեցած Դադիվանքի ուխտագնացության մասին, որը կազմակերպվել է զատկական պատարագին ընդառաջ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, անդրադարձել նաև վերանորոգվող եկեղեցիների աշխատանքներին: Արցախում նոր եկեղեցի կկառուցվի՞, թե՞՝ ոչ․ եպիսկոպոսը պատասխանում է.
«Արցախում նոր եկեղեցի չի կառուցվելու, հնարավոր է վերանորոգվեն լուրջ պատմական վանքերը: Կարծում եմ՝ հիմա ավելի կարևոր է ապահովել ֆիզիկական անվտանգությունը, կենտրոնանալ սահմանամերձ գյուղերի ամրացման աշխատանքների և մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի հզորացման վրա՝ այս ամենը համեմելով միասնական աղոթքով»:
Մարմնի որևէ հատված ցավելու դեպքում մարդիկ շտապում են հիվանդանոց, դիմում համապատասխան բժշկի, բայց այդ նույն մարդկանցից շատերը մոռանում են եկեղեցու ճանապարհը, որտեղ բժիշկը, ըստ եպիսկոպոսի, քահանան է: Ինչու՞ է հասարակությունը հեռացել եկեղեցուց: Քարոզչությու՞նն է պակասել: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ եկեղեցի-հասարակություն կապն ամրացնելու համար պետք է առաջին հերթին ուժեղացվի քրիստոնեական քարոզչությունը. դպրոցներում՝ ուսուցիչների, եկեղեցիներում՝ հոգևորականների, հասարակության մեջ՝ ԶԼՄ-ների միջոցով: