Ջազի հնչյուններն առաջին անգամ լսել են Նոր Օռլեանի աղքատ թաղամասերում ու արվարձաններում, հետո, ինչպես ջազի ավանդությունն է պատմում, շոգենավերով հասել է աշխարհի տարբեր հարուստ ու աղքատ փողոցներ: 1920-ին էլ՝ Երևանի փողոցներ:
Երաժշտության արվեստանոցը տարբեր «պահարաններ» ունի: Ջազի պահարանի վրա մեծ տառերով գրված է «իմպրովիզների արքա», որի շնորհիվ էլ աշխարհի ջազային նվագախմբերը տարբերվում են միմյանցից: Թե ի՞նչ իմպրովիզներ է ի հայտ բերել Արցախի պետական ջազ նվագախումբը և ինչպես է փորձում տարբերվել մյուսներից, պատմում է նվագախմբի առաջին շեփոր, փորձավար Ավետ Բադալյանը:
«Մենք տարբերվում ենք նրանով, որ փորձում ենք մեզ ժառանգություն հասած հին հայկական երգերին տալ ջազային մշակում ու կատարել մերը»:
Արցախի պետական ջազ նվագախումբը երգեր մշակելուց բացի ստեղծում է նորերը: Զրուցակիցս նույնպես ստեղծագործում է, բայց իր գաղտնի օրագրում: «Երբ ստեղծագործություններիս մեջ գտնեմ այն, ինչ փնտրում եմ, կբացեմ օրագրիս կողպեքը», - ասում է: Ավետի շեփորը վերջին անգամ հնչել է 2021թ․ մայիսին:
«Մենք համերգային ծրագրով ներկայացանք առաջինը Երևանում, հետո` Ստեփանակերտում: Իրականում շատ դժվար էր պատերազմից հետո նորից նվագելը, բայց դա միակ միջոցն էր աշխատանքում չլճանալու և ցույց տալու՝ մենք կանք»:
Այսօր ջազի սիրահարները սպասում էին հարազատ նվագախմբին, բայց որոշ հանգամանքներով պայմանավորված` համերգը հետաձգվել է: Արցախի պետական ջազ նվագախմբի տնօրեն Տիգրան Սուչյանն ասում է.
«Մենք պատրաստվում ենք մոտ ժամանակներս, կարծում եմ` հունիսին, նոր ծրագրով հանդես գալ»:
Արցախի պետական ջազ նվագախումբը աշխարհի տարբեր երկրներում հանդես էր գալիս համերգային ծրագրերով: Նրանց մշտապես ուղեկցում էին արկածները` որպես հավատարիմ ընկեր: Արցախի ջազ բենդը հետաքրքիր ներքին խոհանոց ունի` ասում է Ավետն ու մեզ հետ կիսում Սոչիից ստացած հիշողությունները:
«Ամեն տեղ մի հետաքրքիր դեպք էր մեզ հետ պատահում: Մեզ հրավիրում են Սոչիում կայանալիք ջազի փառատոնին: Պետք է մեկնեինք Սոչի, մեկ օր հանգստանայինք, հետո նվագեինք, բայց այնպես ստացվեց, որ հենց ինքնաթիռից իջանք , ասեցին՝ այսօր է մեր ներկայանալու օրը: Հոգնած էինք շատ, բայց, ինչևէ, նվագեցինք: Ստացվեց այնպես, որ մենք առաջին օրը նվագեցինք ու հաջորդ 5-6 օրերին վայելում էինք աշխարհահռչակ ջազ երաժիշտների կատարումները»:
Սևամորթ ստրուկների թախծոտ երգերի և անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազը քանդում է բոլոր տեսակի հանգույցներն ու լսելի դառնում սև ու սպիտակների համար: Արցախի ջազ բենդն էլ միախառնում է թախիծն ու վիշտը, հավատով նայում ապագային։