Թառ, քամանչա, քանոն, դուդուկ, դհոլ, շվի․ այս գործիքների համադրությունը ազգային կոլորիտ է ստեղծում: «Ազգային նվագարանները դպրոցում» դաս-համերգը աշակերտներին հնարավորություն է տալիս ճանաչել ժողովրդական գործիքների յուրահատկություններն ու վայելել հայկական ազգային երաժշտություն: Ազգային նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Լևոն Սարդարյանն ասում է, որ համերգը նպատակ ունի աշակերտներին ծանոթացրել ազգային գործիքների հետ:
«Դաս-համերգը ինֆորմատիվ բնույթ է կրում: Որպեսզի աշակերտները կարողանան ավելի պրակտիկ կերպով ծանոթանալ ազգային նվագարաններին: Ինչու չէ, նաև նրանց մոտ ցանկություն առաջանա հետագայում ծանոթանալ և ուսումը շարունակել երաժշտության, արվեստի ոլորտում»:
Ազգայինի պահպանումն ու այդ շնչով նոր սերնդի դաստիարակությունը այսօր յուրաքանչյուրիս համար առաջնային պետք է լինի՝ ասում է Լևոն Սարդարյանը: Նվագախումբը, սովորաբար, բաղկացած է լինում ազգային բոլոր նվագարաններից: Դաս-համերգներին երաժիշտները ներկայացրել են նաև մենանվագները:
«Բոլոր գործիքներով չէինք կարող մենանվագներ ներկայացնել: Ընտրել ենք այն գործիքները, որոնցով կարող ենք մենանվագներ ներկայացնել: Օրինակ՝ քամանչայի ու թառի մենանվագը նվագախմբի հետ: Մենանվագներով հանդես են եկել քանոնի, թառի, շվիի, քամաչայի, դուդուկի վրա նվագող երաժիշտները»:
Բոլոր դպորցներում, որտեղ համույթը հանդես է եկել դաս-համերգով, երեխաների մոտ այգային նվագարաններով հետաքրքրվածություն է նկատվել։ Սա լավ առիթ է այգային երաժշտական գործիքները մոտիկից տեսնելու և, ցանկության դեպքում, դրանց վրա աշխատել փորձելու համար՝ ասում է զրուցակիցս:
«Դաս համերգների ընթացքում, երբ երեխաներին հարցրել ենք, ասում են, որ ցանկանում են սովորել այս գործիքների վրա: Կսովորե՞ն, թե ոչ՝ իրենց տներում կորոշեն, բայց սա գովազդային նշանակություն ունի՝ աշակերտների մեջ սեր սերմանելու համար»:
Ազգային երաժշտության հանդեպ սերը նաև լսելով է գալիս։ Տարբեր աղբյուրներից սփռվող տարատեսակ երաժշտությունների մեջ ազգայինի մասնաբաժինը բավականին քիչ է՝ այն լսել սովորելու և գնահատելու համար։ Դաս-համերգները նաև այդ բացն են լրացնում։