Նոյեմբերի 21, 2024

«Դիետայից» հետո մեծ չափաբաժնով հոգևոր սնունդ․ «Արցախն ապրում է» փառատոն

By Անի Աբաղյան Մայիսի 23, 2022

Կիրակի օրը շուտ արթնանալու պատճառները պետք է լուրջ լինեն հատկապես աշխատող մայրերի ու քնել սիրող երեխաների համար։ «Գծավոր» մանկական ներկայացումն այդ լուրջ պատճառներից էր, որ մեծ ու փոքրի առավոտյան ժամը 09։30-ին հավաքել էր Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում։

Լույսերն անջատվում են, ու բեմին հայտնվում են Մերին, գծավոր արջուկն ու ցեղական շունը. «Գծավոր»-ի հերոսներն են։

Բեմի լույսերը խաղում էին նաև հանդիսատեսի տրամադրության հետ։ Փոքրիկներն էլ իրենց այո-ոչ-երով մատնում էին գծավորի տեղը, որ փախչում էր բոլորից՝ փնտրելով իր նմանին։ Փոքրիկների տպավորությունների մասին նրանց փայլող հայացքներն են պատմում ու ծնողները: Իրենք ամաչում են խոսել։

«Շատ ուրախ ենք, որ մեր փոքրիկներին հնարավորություն է տրվել մասնակցել նման միջոցառման։ Ուսուցողական ներկայացում էր։ Ես որպես ծնող շատ գոհ եմ, իմ բալիկը 4 տարեկան է ու շատ-շատ հավանել է ներկայացումը»։

«-Էն վեր արջը ասում ա՝ ես հի՞նչ ըմ»

«-Կրեցա՞լ ըս պատասխանիս»

«-Հա, ասալ ըմ՝ այո»։

Մերիի դերակատարը՝ Եվա Թովմասյանը, նույն ներկայացումը խաղացել է նաև Մարտունիում, Ճարտարում, Մարտակերտում. այնտեղի փոքրիկները համեմատաբար ավելի աշխույժ էին՝ ասում է։

«Այստեղ մի քիչ դժվար էր, որ ետնաբեմ, վարագույր չկար»։

Հակառակ որոշ անհարմարությունների՝ դերասանները փոքրերին զվարճացնելուց բացի նրանցից մի բան են գողացել են.

«Ես ինձ հետ տանելու եմ մեր փոքրիկների ժպիտները։ Գիտեք, շատ դժվար է երեխաներին համոզել գնահատել քո աշխատանքը, որովհետև նրանք դեռ չունեն «քաղաքակիրթ» վերաբերմունքը. «եթե անգամ ինչ-որ բան լավ չի ստացվել, դու պիտի դա ցույց չտաս կամ լռես»: Եթե իրենց դուր չեկավ՝ ասում են: Նրանք շատ անկեղծ են։ Այսօրվա ամենամեծ նվերը մեզ համար իրենց անկեղծ ժպիտներն են, որ մեզ հետ տանելու ենք»։

Դահլիճը դատարկվելուց ժամեր հետո «Լոռեցի Սաքոն» եկավ՝ իր հետ նորից դահլիճ բերելով, ճիշտ է, քիչ, բայց հավատարիմ թատերասերների։ «Լոռեցի Սաքո» ներկայացումը 180 աստիճանով տարբերվում էր նախորդից, որը մե՛րթ ստիպում էր ծիծաղել, մե՛րթ արտասվել։

«Ինձետե շատ լավ ա իլալ, հուզիչ ա իլալ, որովհետև այսօրվա ժամանակներում բոլորս, ցավոք, Սաքո ենք»։

Ներկայացման ընթացքում՝ Սաքոյի ու մյուս դերակատարների խաղից հետո հանդիսականներից շատերին մի հարց էր հուզում՝ ինչպես են այսքանը անգիր հիշում։ Արման Նավասարդյանը, որ Սաքոյի դերակատարն է, Սոս Սարգսյանի խոսքերն է հիշում ու ասում՝ ամեն անգամ այստեղ խաղալուց համոզվում եմ.

«Մենք Սոս Սարգսյանի հետ, հիմա արդեն առանց նրա, հաճախ ենք գալիս Արցախ ու ամեն անգամ համոզվում ենք, որ այստեղի հանդիսատեսը առանձնանում է յուրատեսակ բնավորությամբ»։

Ծափահարությունների ու հույզերի դաշտը տեղափոխվում է «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն, որտեղ հանդիսատեսը կրկին փոքրիկներն էին, հերոսներն այս անգամ՝ անիմացիոն։ Էկրանին Դավիթ Սահակյանցի «Օլիմպիկոս» ֆիլմն էր։

Ինչպես բոլոր ֆիլմերում, «Օլիմպիկոս»-ում էլ բոլոր հերոսները խոսում են գրական հայերենով, բացի սպարապետից. նա խոսում էր Արցախի բարբառով, իսկ թե ինչու՞, պարզաբանում է Դավիթ Սահակյանցը։

«Զինվորականը, մարտիկը մեր պատկերացումներում տեսնում ենք միայն ու միայն Արցախի բարբառով»։

Ֆիլմի ավարտից հետո հարցուպատասխանի ընթացքում մեծերի հարցերին հաջորդում էին փոքրերի առավել հետաքրքիր հարցերը։ Երեք միջոցառումներից հետո այնպիսի զգացողություն էր, կարծես երկար դիետայից հետո վերջապես հնարավորություն ունենք մեծ չափաբաժնով հոգևոր սնունդն ստանալ։ Մեծ ու փոքր հանդիսականները խոստանում են անհամբեր սպասել հաջորդ չափաբաժնին:

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 23 Մայիսի 2022 14:07
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ