Նոյեմբերի 21, 2024

Ժողովրդական երաժշտության տոն՝ Հայաստանի հանրային ռադիոյից

By Մարգարիտա Ղուշունց Մայիսի 23, 2022
Երբ բեմում իրենց գործի գիտակներն են, իսկ դահլիճում արվեստի սիրահարներ՝ համերգը դատապարտված է հաջողության։ Մայիսի 21-ի երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, բարձրաճաշակ երաժշտության տոն էր. բեմից լույս ու ջերմություն էր հորդում, դահլիճից սեր ու կարոտ։ Համերգային ծրագրում Արցախի հանդիսատեսին հոգեհարազատ ստեղծագործություններ էին։ Դահլիճն անգիր գիտեր ուրաքանչյուր նոտա ու բառ։ Հնչում էին Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Սայաթ Նովայի և այլ նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի վաստակավոր արտիստ, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլի մեներգչուհի Ռիմա Սարիբեկյանը հատուկ այս առիթով է եկել Հայաստան,ասում է՝ Արցախում լինելու ուրախության չափը միավոր չուն ․
 
«Երկար տարիներ եմ սպասել Հայաստան վերադառնալու և Արցախ գալու համար։ Եվ կատարվել է երազանքս,Աստծուց է տրված այս հնարավորությունը։ Որախ եմ,որ հիմա էլ եմ կարողանում իմ ժողովրդին, նոր սերնդին ներկայացնել, գուսանական, ժողովրդական երգարվեստը»։
 
 Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը կազմավորվել է 1926 թվականին, Երևանում` որպես ռադիոյի ժողգործիքների նվագախումբ: Առաջին գեղարվեստական ղեկավարը  կոմպոզիտոր Արամ Մերանգուլյանն էր, այնուհետև խումբը ղեկավարել են կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը, Արմեն Մանդակունյանը և Մանվել Բեգլարյանը: 1996 թվականից անսամբլը ղեկավարում է Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը: Անսամբլի կազմավորումից ի վեր Մերանգուլյանի խումբը հաճախ է համերգով հանդես եկել Արցախում: Քանոնահարուհի Մարգարիտա Մարգարյանը երկրորդ անգամն է Ստեփանակերտում, առաջին անգամ Շուշիում է ներկայացել արցախցի հանդիսատեսին։ Գալ Արցախ և պարզապես անցնել Շուշիի կողքով՝ անասելի ցավ է, ասում է, բայց այն,որ հնարավություն կա կրկին Արցախում ելույթ ունենալու, արդեն երջանկություն է։  
 
«Անկեղծ ասած՝ կարոտում եմ Շուշին, Փարիզում էլ եմ եղել,բայց Շուշին ուրիշ է։ Տպավորված եմ համերգից։ Իրականում այնքան խաղաղ էի նստած, այնքան ուրախ ու երջանիկ, որ ուզում էի երջանկությունս կաթիլ-կաթիլ փոխանցել մարդկանց, գոնե մի սիրուն բան ինձնից թողնեի ու նոր վերադառնայի Երևան»։
 
Տասնամյակներ շարունակ ազգային, ժողովրդական երգի, երաշժտության, պարի պահպանումը Հայաստանի Հանրային ռադիոյի առաջնահերթություններից է։ Այդ նպատակին են ծառայում ռադիոյում տեղծված 4 անսամբլները։ Մերանգուլյանի անվան անսամբի դիրիժոր Աշոտ Պետրոսյանը վստահ է,որ ինչքան էլ անցնեն տարիները և որքան էլ փոխվի անսամբլի կազմը, իրենք ունենալու են մի նպատակ՝ ժողարվեստի պահպանում ու կատարելագործում։ 
 
«Մենք քիչ ենք և պետք է պահենք մերը։ Հիմա ժողովարվեստը պրոպագանդում են, դա լավ է։ Ուրիշինն իմանալը լավ է, բայց մերի պահպանումն՝ առավել կարևոր»։
 
 Արցախում անսամբլի համերգը նախորդ անգամ փոքր կազմով էր՝ 2014 թվականին մայրության և գեղեցկության օրվան նվիրված։ Այս համերգն էլ պետք է կայանար երկու տարի առաջ,սակայն համավարակնը, իսկ հետո էլ պատերազմը, խախտեցին բոլոր պլանները։ Ուշացումով,բայց նույն ոգևուրությամբ են մասնակիցները Արցախում,ասում է Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը։ Նաև որոշ գաղտնիքներ բացում. Արցախյան հանդիսատեսին նոր համերգներ են սպասվում։
 
«Կա Արամ Մերանգուլյանի կոնցեպտը երաժշտական, մենք դեռ դրան չենք հասել։ Դեռ պետք է մի քանի գործիք ավելացնենք ստանալու համար հին քսանական թվականների արևելյան անսամբլի կոնֆիգուրացիան։ Այս տարի ավելացրել ենք 6 ժողգործիք։ Հաջորդ անգամ արցախյան հանդիսատեսը կլսի այն, ինչը մինչ այս չի լսել։ Երեք ամիս անց կգան նաև հանրային ռադիոընկերության Էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, «Արևիկ» մանկական խումբը։ Առնվազն չորս խումբ պարբերաբար ռոտացիայով մենք կբերենք Արցախ, վստահ եմ, մեզ կմիանան նաև այլ գործընկերներ»։
 
 Համերգի անցկացմանն աջակցել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նմանօրինակ համերգների կազմակերպումը հետպատերազմյան Արցախում կարևոր է,ասում է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը․ 
 
«Մեր հասարակությունը կարոտ էր այսպիսի համերգի, հուզիչ էր շատ։ Թե երաժիշտները, թե երգիչները կարողացան բարձր կատարողականությամբ հիացնել հանդիսատեսին»։
 
Այս երգի ներքո ամբողջ դահլիճը բեմ էր, բեմն էլ՝ արցախցու մասին պատմություն։ Հոտնկայս դահլիճում ծափահարությունները երկար չէին դադարում, ինչպես չէր դադարում երգի կատարումը։ Եվ չդադարեց, մինչեւ, մինչև վերջին հանդիսատեսի հեռանալը։ Մայիսի 22-ին անսամբլը հյուրընկալվեց ԱՀ Նախագահի նստավայրում։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 25 Մայիսի 2022 06:26
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ