«Էդիթ պրինտ»-ն Արցախի գրքասերների համար անծանոթ անուն չէ․ հրատարակչության գործունեությանը քաջածանոթ են շատերը։ ԿԳՄՍ համագործակցությունը հրատարակչության հետ ևս նոր չէ։ Այսօր «Էդիթ պրինտ»-ը նոր ծրագրերով ներկայացավ արցախցիներին․ աշխարհը փոխվում է, և նրա հետ պետք է համընթաց քայլել՝ ասում է հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը։ Պատերազմից հետո «Էդիթ պրինտ»-ն առաջին անգամ է Արցախ գալիս: Շնորհանդեսին, որտեղ ներկայացվեցին ինչպես կազմակերպության օնլայն նախագծերը, այնպես էլ նոր հրատարակված դասագրքերն ու գեղարվեստական, մասնագիտական գրականությունը, ներկա էին կրթության ոլորտի պատասխանատուներ, կրթօջախների ղեկավարներ։ Ներկա էր նաև ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի մշտական հանձնաժողովի անդամ Մետաքսե Հակոբյանը։ Անահիտ Հակոբյանը համագործակցության նպատակներն է ներկայացրել։
«Այսօր կարևոր է դպրոցները դասագրքերով համալրելու հարցը։ Կան տարբեր հրատարակչություններ, մեզ այցելել է «Էդիթ պրինտ» ընկերությունը։ Նրա հիմնադիր Մկրտիչ Կարապետյանը հետաքրքիր գաղափարներով, ծրագրերով է Արցախ եկել։ Այս տարի դպրոց մուտք կգործի «Էդիթ պրինտ»-ի 2-րդ դասարանի «Մայրերին»։ Գործածության մեջ է 4-րդ դասարանի «Մայրենին»։ Կարապետյանը բերեց նաև ուսուցիչների վերապատրաստման հարցաշարեր, մաթեմատիկայի թեմատիկ հատորներով աշխատանքեր»։
Կրթական ոլորտում պարբերաբար բարեփոխումներ են կատարվում․ «Էդիթ պրինտ»-ը մատը զարկերակին է պահում, որպեսզի հետ չմնա նոր տեխնոլոգիաներից, գիտության զարգացումից, և ընթերցողին ներկայանում է այնպիսի առաջարկներով, որոնք հարմար են և համադրելի ավանդականի ու նորի համար։ Մկրտիչ Կարապետյանը Արցախ բերած նորույթներն է ներկայացնում․
«Նորը, այն, ինչ ստեղծվում է, այսօր ուզում եմ հասցնել արցախցիներին։ Բացի այդ, նորաստեղծ Կրթադիտակ կայքէջը, որը վճարովի է, մենք անվճար մեկ տարի կտրամադրենք դպրոցներին։ Սպասում ենք ցուցակներին։ Մենք հիմա գրքերից բացի հետաքրքիր խաղեր, նյութեր, օնլայն հարթակներ ունենք, որոնք հասանելի կլինեն Արցախի համար»։
Անահիտ Հակոբյանը պարզաբանեց․ դասագրքերը ձեռք են բերվում տարբեր հրատարակչություններից։ Հրատարակչություններն ընտրելիս առաջնորդվում են նյութերի՝ դպրոցական ծրագրերին համապատասխանությունից։
«Այս պահին «Էդիթ պրինտ»-ն ավելի նպատակահարմար է մեր ծրագրերին։ Քանի որ 2021-22 ուսումնական տարում դեռ առաջնորդվում ենք հին չափորոշիչներով, ըստ այդմ մեզ նպատակահարմար է այս հրատարակչությունը, բայց ոչ բոլոր դասագրքերի առումով։ Հաջորդ տարվա չափորոշիչների պահով դեռ չենք պլանավորել, թե ինչ հրատարակչությունից կօգտվենք»։
Դասագրքերի մասով ծախսը պետությունը լրիվ փոխհատուցում է, և Արցախում դասագրքերից երեխաներն օգտվում են անվճար։ Գրադարանային ֆոնդի համալրման մասով գումար դեռ չկա։ «Էդիթ պրինտ»-ը դատարկաձեռն չի Արցախ այցելել։ Նա նոր հրատարակված տասնյակ գրքեր է բերել։ ԿԳՄՍ նախարարը նույնպես նվեր էր պատրաստել Մկրտիչ Կարապետյանի համար՝ «Պատմաերկրագիտական թանգարանի արցախյան զարդերի հավաքածու»-ն գիրքը։