«Այուն թոռները» տիկնիկային թատրոնի մասնակիցները մշակույթի տուն էին եկել ներկայացումից երկու ժամ առաջ։ Պետք է իրենց ձեռքերով նախապատրաստեին բեմն ու հերթով շարեին բոլոր տիկնիկները։ Ներկայացումից երկու ժամ առաջ դահլիճում աշխատում է նաև նախագծի կազմակերպիչ Լուսինե Արզումանյանը: Նա շարժական բեմն է տեղադրում: Արցախյանն ու ազգայինը պահելու և սերունդներին փոխանցելու լավագույն տարբերակը այն ներկայացնելն ու կրելն է։ Նախագծի ստեղծումը մի քանի նպատակ է հետապնդում՝ ասում է Խնածախի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Արզումանյանը։
«Հետպատերազմյան շրջանում հոգեբանական ծանր վիճակից, պատերազմական զրույցներից երեխաններին կտրելու համար սկսեցինք աշխատել։ Երեխաներ կային, որոնք նույնիսկ չէին ժպտում, այսօր արդեն ծիծաղում են։ Նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարը տրամադրել է ՕՍԸՄ հիմնադրամը։ Գնել ենք շիրմա, տիկնիկներ պատրաստելու համար հումք, ինչի համար շնորհակալ ենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։ Երեխանները այս ընթացքում սովորում են տիկնիկագործություն, զարդարվեստ ու դերասանություն»։
Ետնաբեմում՝ հատուկ իրենց համար նախատեսված տեղում, շարված են գույնզգույն տիկնիկները։ Մեկը մյուսից գեղեցիկ, խորհրդավոր տիկնիկները սպասում են իրենց ստեղծողների մուտքին։ Արդեն տիկնիկագործ ու դերասան Մարիաննա Խաչյանը ձեռքում ամուր պահում է սեփական ստեղծագործությունը, պատմում տիկնիկի ծննդյան մասին. որոշել է՝ հմուտ տիկնիկագործ է դառնալու․
«Սկզբից վերցնում ենք պոլիեթիլային տոպրակ, լցնում սինտիպոն, թելով փակում, մեր մտածած կերպարի դեմքը ամբողջացնում գույներով, ձեռքեր ու ոտքեր պատրատում և վերջ: Արդեն տիկնիկը պատրաստ է դերի կերտմանը»։
Տիկնիկային ներկայացումը սկսված է, ոգևորված են ոչ միայն բեմի փոքրիկ վարպետները, այլ թատրոնի այցելուները։ Յուրքանչյուր կերպարի ընտրության հարցում հաշվի են առնվել բոլոր նրբությունները՝ ասում է Լուսինե Ազումանյանը։ Կերպարները նաև ուսուցանող են․
«Այս նախագծով ոչ միայն իրենց զբաղվածության հարցն է լուծվում, այլև ապագա անելիքներն են նախանշվում։ Ինչ գիտենք՝ վաղը ով ինչով կզբաղվի և որտեղ նրան պետք կգան այսօրվա գիտելիքները։ Այս դերերը նրանց սովորեցնում են պատասխանատվության զգացում ունենալ իրենց երկրի և ժողովրդի առաջ»։
Սեփական գաղափարներն ու նախագծերը իրագործելու համար ՕՍԸՄ հիմնադրամը հնարավորություն է տալիս ամեն օր օն-լայն ձևաչափով լրացնել նոր դիմումներ՝ ներկայացնելով սեփական նախագծերը։ Յուքանչյուր երկու ամիսը մեկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկում և հավանություն են տալիս երեք նախագծի: Դրանք անցնում են քննարկման երեք փուլով, որից հետո արդեն ստանում են դրամաշնորհը։ Թե ինչու հենց «Այուն թոռները» նախագիծն է հաղթել այս անգամ՝ պատմում է հիմնադրամի հոգաբարձուների անդամ Տաթև Ազիզյանը:
«Կարևորել ենք այն, որ արցախյան ժողովրդական հեքիաթներին նոր շունչ ու կյանք է տրվում դպրոցահասակ երեխաների միջոցով։ Նման նախագծերի իրականցումն օգնում է կառուցել ճիշտ ու առողջ արժեհամակարգ։ Եվ ոչ միայն կառուցել, այլ նաև վերարտադրել»։
Ներկայացումից գոհ են Տաթևն ու հանդիսականները, նրանցից առավել՝ բեմում գտնվող պատանի դերասանները: Այու բոլոր 17 թոռներին դեռ շատ կտեսնենք տարբեր բեմերում: Տաթև Ազիզյանը համոզված է՝ երեխանների բեմական կյանքի առաջին քայլերը հաջողվել են: Նրանց հաջողվել է հեքիաթ պարգևել իրենց ու մեծերին: