Նոյեմբերի 21, 2024

Հուշ-ցերեկույթ նվիրված բանաստեղծ մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 95-ամյակին

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 15, 2022

Բացառիկ երևույթ Արցախի գրական կյանքում, երևելի մարդ, տաղանդավոր  գրող, պարզապես արժանի արցախցի․ այսպես բնութագրեցին մանկագիր, երաժիշտ, գրականագետ, գրող Գուրգեն Գաբրիելյանին  բոլոր նրանք, ովքեր ներկա էին գրողի 95-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթին։ Հուշ-ցերեկույթի կազմակերպումը տվածս խոստման կատարումն է՝ ասում է Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն ու պատմում  հանրահայտ եռյակի՝ Գուրգեն Գաբրիելյանի, Հրաչյա Բեգլարյանի և Վարդան Հակոբյանի զրույցներից․  

«Հրաչյան և Գուրգենն ասացին՝ կլինի ժամանակ, մենք չենք լինելու, դու մեզանից ջահել ես, մեզ համար հուշ-ցերեկույթ կկազմակերպես»։

   Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը նշել է, որ նման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն հասարակության համար:

 «Սա ոչ միայն իմ պարտքն է ՝ որպես գրողների միության նախագահ, որպես համալսարանի ռեկտոր, այլ նաև մեր ժողովրդի կամքն է, որովհետև Գուրգեն Գաբրիելյանը որպես մանկագիր, երգահան, ժողովրդական բանահավաք բացառիկ երևույթ էի մեր իրականության մեջ։ Սերունդներ են դաստիարակվել նրա գործերով»։ 

Գուրգեն Գաբրիելյանը ժողովրդական գրող էր, նա ժողովրդից վերցրել ու ժողովրդին է վերադարձրել նրա խոսքն ու մեղեդին։ Խոսելով Գուրգեն Գաբրիելյանի մասին՝ մենք վերագնահատում ենք 20-րդ դարի 2-րդ կեսի հայ մանկագրությունը` ասում է Սոկրատ Խանյանը։ 

«Գուրգեն Գաբրիելյանի միջոցով հայկական մանկագրությունը փոխվեց և՛ իր բովանդակությամբ, և՛ գեղարվեստական պատկերների առատությամբ, և՛ կատարելությամբ։ Հայ մանկագրության մեր Գուրգեն Գաբրիելյանը երևույթ էր»։

 Գրողների միության նախագահը Գուրգեն Գաբրիելյանին հետմահու շնորհել է «Նարեկացու» անվան մեդալ։ Այն ստացավ  հարսը՝ Անժելա Գաբրիելյանը։ 

«Ձևաչափը կորևոր չէ, կարևորը հիշողությունն է , որ այսօր այսքան ջերմ մթնոլորտում հիշեցինք Գուրգեն Գաբրիելյանի 95-ամյա հոբելյանը։ Գուրգեն Գաբրիելյանը մեծությունը , նա թանկ հիշողություն է ողջ հայության համար»։

 Գուրգեն Գաբրիելյանը հեղինակ է այնպիսի հայտնի ստեղծագործությունների, ինչպիսիք են «Ծտերի կրկեսը», «Այբուբենը երգերի մեջ», «Ծաղիկն ու մեղուն» , «Ղարաբաղի Հորովել» , «Գանձասար» և այլն: Սիրված մանկագրի 95-ամյակին նվիրված միջոցառմանը հնչել են գրողի մի շարք ստեղծագործություններ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ