Նոյեմբերի 21, 2024

«Sunrise Stepanakert»-ի մեկնարկին հաշված օրեր են մնացել

By Մարգարիտա Ղուշունց Հունիսի 21, 2022
«Sunrise Stepanakert»ի  համահիմնադիրները  սփյուռքահայ երիտասարդ աղջիկներ են, որոնք Հայաստան են եկել   Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «ԻԳործ» ծրագրի շրջանակում և արդեն երկու տարուց ավել է Հայաստանում են: Սկզբում Երևանում կազմակերպեցին բարեգործական միջոցառում – ցուցահանդես, որի ընթացքում ստացված հանգանակությունն ուղղվեց Արցախից տեղահանվածների աջակցությանը: Առաջին նախաձեռնության հաջողությունը  երիտասարդ աղջիկներին ոգեշնչեց  Արցախում ևս  նման միջոցառում կազմակերպել, բայց արդեն ավելի մեծ մասշտաբով ՝ փառատոնի ձևաչափով։ Անցյալ տարի այն սկսվեց  հունիսի 26-ին և  տևեց 22 օր, այս տարի այն կմեկնարկի հունիսի 24-ին և կտևի 10 օր։   Փառատոնն այս անգամ ավելի մեծ՝ հագեցած ծրագրով է ներկայանալու, մշակույթով լի ջերմ օրեր են սպասվում բոլորիս՝ ասում է «Sunrise Stepanakert» խորագրով մուլտիմեդիա արվեստի փառատոնի համահիմնադիր Շուշան Քէշիշեանը։ 
 
«Կունենանք 3 համերգ՝ «Լավ էլի»-ի, Արթուր Խաչենցի, Միքայել Ոսկանյանի մասնկացությամբ։ 10 ավել վարպետաց դասեր տարբեր ոլորտներում, ինչպես կավագործություն, հանրային կապեր, վլոգինգ։ Ունենք նաև հատուկ ծրագրեր երեխանների համար՝ ձայնային թերապիա, դեռահասների համար՝ թիմբիլդինգ։ Ունենք շրջայցեր Ստեփանակերտում նաև 4 կինոդիտում»։ 
 
Փառատոնին մասնակցելու են արտիստներ  Արցախից, Հայաստանից և Սփյուռքից: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև այլազգի արվեստագետների աշխատանքներ: Այս տարվա թեման «Պատկանելիություն»-ն է: Թեմայի ընտրությունը պատահական չէ՝ ասում է Շուշան Քէշիշեանն ու նշում ՝ դրա կարևորությունը։ 
 
«Ընտրեցինք այս թեման, որովհետև կարծում ենք, որ այն բոլոր հայերի համար և, ինչու չէ, մարդկային մակարդակի վրա շատ ռեալ և շատ էական թեմա է։ Մանավանդ, երբ մենք դժվար ժամանակներ ենք ապրում, մեր պատկանելության զգացումը փոխվում է և զարգանում։ Կարծում ենք, որ մեր ցուցադրությունը հենց արտացոլելու է այդ թեման»։ 
 
Եթե անցյալ տարի «Sunrise Stepanakert»-ի բոլոր միջոցառումներն անցկացվում էին Պոլ Էլյուարի Տուն-Ֆրանկոֆոնիայի կենտրոնում, ապա այս տարի փառատոնի շրջանակում նախատեսված  ցուցահանդեսները, կինոդիտումներն ու վարպետաց դասերը կկազմակերպվեն  տարբեր վայրերում։ Արդեն կան նախնական  պայմանավորվածություններ և յուրաքանչյուր օրվա միջոցառման տեղն ու ժամը հստակեցված է։ Միջոցառումները տարբեր տեղեր անցկացնելն ինքնանպատակ չէ՝ ասում է փառատոնի համահիմնադիրը։  Այսկերպ փորձում են  ակտիվություն  հաղորդել փառատոնին, փառատոնի միջոցով նաև Ստեփանակերտին։ 
 
«Քանի որ այս տարի միջոցառումներն ավելի շատ են և ակնկալում ենք ավելի մեծ մասնակցություն՝ դրանք տեղի կունենան տարբեր վայրերում։ Վարպետաց դասերը կկազմակերպվեն « Հաբ Արցախում», ժենգյալով հացի ու փախլավայի պատրաստման դասընթացները կանցկացվեն Թումանյանի «Արտ Գինետուն»-ում»։
 
 Վարպետաց դասերն այսքանով չեն եզրափակվում։ Բոլոր թեմաները ստեղծագործական են՝ նախատեսված   տարբեր հետաքրքրությունների և նախասիրությունների տեր մարդկանց համար։ Կանցկացվեն նաև իլյուստրացիայի, ազգագրական պարերի, հանրային լսարանի հետ հաղորդակցվելու հմտությունների վերաբերյալ դասընթացներ։   Փառատոնի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մուտքն անվճար է, պարզապես պետք է ժամանակին գրանցվել՝ ասում է Շուշան Քէշիշեանը։ Այդ օրերին Երևանից Ստեփանակերտ անվճար տրանսպորտ է գործելու:  Փառատոնի իրականացմանն աջակցում է «Գալուստ Գյուլբեկյան» հիմնակությունը։ Նախաձեռնողները նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ