Նոյեմբերի 21, 2024

Ստեփանակերտի պատկերասրահի հերթական հյուրերը «Քոչարյան» արտ ստուդիայի սաներն են

By Մարգարիտա Ղուշունց Հունիսի 23, 2022

Պատկերասրահում ցուցահանդեսները հազվադեպ են այսքան աշխույժ լինում։  Մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությունը եկել էր պատանի նկարիչների՝ «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների  առաջին ցուցահանդեսին, բայց գեղագիտական հաճույքի հետ մեկտեղ իր հետ տարավ նրանց ոգևորությունը, ապրելու, ստեղծագործելու հաստատակամությունը։ Պատկերասրահի  երկու հարկի բոլոր պատերից հորդում է  կյանքը՝ շատ  ավելի գունեղ, համարձակ ու հետաքրքրիր։     «Հետպատերազմյա Արցախում հաճախակի են նման ցուցահանդեսներ կազմակերպվում,-ասում է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը,- սակայն այս ցուցահանդեսն իր որակի և տեսակի մեջ եզակի է»։ Քանդակագործը համոզված է՝ ստուդիայի հիմնադրի փոխանցած ակադեմիական գիտելիքներն ու սաների աշխատասիրությունը նոր անուններ կտա Արցախին և համայն հայությանը։ Նրանք ապրելու և ապրեցնելու նոր բանաձև են ներկայացնում, որը կարող է օրինակելի լինել շատերի համար։ 

«Արդեն կյանքի այցեքարտ ստացավ «Քոչարյան» նկարչական ստուդիան։ Այն իր մոտեցումներն ունի սաների նկատմամբ։ Պարզվեց, որ Լիանա Քոչարյանը, բացի նկարչուհի լինելուց, ունի նաև դասավանդելու կոչում։ Նա կարողացավ հմուտ նավավարի նման իր նավը ափ հանել»։

   Նկարչական ստուդիայի ստեղծման գաղափարը դեռ պատերազմից առաջ էր ծնվել, սակայն պատերազմը խառնեց ծրագրերն ու  ներկապնակի բոլոր գույները՝ ասում է «Քոչարյան» նկարչական ստուդիայի հիմնադիր, նկարչուհի Լիանա Քոչարյանը։ Պատերազմի պարտադրած իրականությանը պետք էր կյանքի նոր գույներ հաղորդել՝ ասում է։ 

«Պատերազմից անմիջապես հետո, երբ Երևանից վերադարձա, դժվար էի պատկերացնում՝ ինչպես եմ ապրելու ծվատված հայրենիքում։ Մտածեցի՝ երեխաներին հավաքեմ՝  նկարենք, մի հնար գտնենք կյանքը շարունակելու համար։ Բացեցի ստուդիան․ առաջին օրը եկավ 5 աշակերտ, հաջորդ օրը՝ 10, և այդպես, օրեցօր ավելացան աշակերտները՝ իրենց հետ բերելով ջերմություն, ժպիտներ ու կյանք։ Պատերազմից հետո մեկ տարի է ինչ ապրում եմ։ Ամեն օր ասում եմ ՝ շնորհակալություն արվեստ, իմ Աստված, որ փրկեցիր ինձ, նաև այս երեխաններին։ Մենք ապրում ենք ստուդիայում՝ նկարելով և ապրեցնում ենք մեր թաղամասն ու քաղաքի շատ այլ վայրեր»։ 

Ստուդիայի ստեղծումը նաև նպատակ ունի ակադեմիական կրթություն տալ այն երեխաներին, որոնք ուզում են հաջողությունների հասնել արվեստի այս բնագավառում։ «Արտ-ստուդիա  ստեղծելու նպատակներից մեկը ՝ սովորեցնել  նկարչության լեզուն ՝ գրագետ նկարչություն ունենալու համար»,- ասում է Լիանա Քոչարյանը։ 

«Ամենակարևոր կարմիր թելն այն է,որ երեխան կարողանա ակադեմիական գիտելիքներ ստանալ։ Ես որոշել եմ 10 տարեկանից բարձր երեխաների ընդունել ստուդիա,  որ սովորեցնեմ նկարչության քերականությունը, ինչպես դպրոցում երեխաներին սովորեցնում են թվաբանություն, ուղղագրություն, տողադարձ, լեզու, ճշգրիտ գիտելիքներ։ Նկարչությունն էլ ճշգրիտ գիտելիք է»։ 

Ստուդիան այս տարի թողարկել է 7 շրջանավարտ։ Լիանա Քոչարյանը նրանց  ավարտական  հավաստագրեր հանձնեց: Շրջանավարտ Բելլա Պատվականյանն ուրախությամբ ու հպարտությամբ ցույց է տալիս ցուցահանդեսին  ներկայացված իր գործերը։ Բելլան ապագա դիզայներ է։ 

«Մեկ տարի առաջ  ես նկարչությունից գաղափար չունեի և հիմա զարմացած և հիացած եմ, որ իմ նկարներն էլ են կախված այստեղ։ Հույս ունեմ, որ նման ցուցահանդեսներ հաճախակի կկազմակերպվեն Արցախում և իմ ու ինձ հետ ուսում ստացած երեխաների աշխատանքները կցուցադրվեն։ Նկարչությունն ապագա մասնագիտությանս կարևորագույն մասն է կազմում»։ 

Ստուդիայի շրջանավարտներից Եվա Համբարձումյանն արդեն որոշել է հետագա քայլերը․ ուսումը կշարունակի Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնում։ Ցուցահանդեսին ներկայացված է  նրա հաղինակած 5 նկար։ Ասում է՝ ոգեշնչման աղբյուրները տարբեր են։

 «Մեր խմբի նկարչական միջավայրը, երեխաները, Արցախի բնությունն է ինձ ոգեշնչում, որ կարողանում և ուզում եմ նկարել։ Շնորհակալ եմ ընկեր Քոչարյանին տված գիտելիքների և ինձ այս մակարդակին հասցնելու համար»։

  Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հանրապետության Նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, ծնողներ։ «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքները  պատկերասրահում ներկայացված կլինեն  մեկ շաբաթ։

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 24 Հունիսի 2022 18:49
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ