Ավելի քան 15 տարի Տողի արվեստի դպրոցը Հադրութի շրջանի մշակութային կյանքի առանցքային դերակատարներից էր:
Հադրութի 12 գյուղի սաներ կրթօջախում մշակութային կրթություն էին ստանում` երգ-երաժշտություն, ժողովրդական գործիքներ, գեղանկարչություն, թատրոն և այլն: Նաև արհեստներ էին սովորում՝ գորգագործություն, ասեղնագործություն, կավագործություն։
Արվեստի դպրոցում պարապմունքները հիմնականում անցկացվում էին շաբաթ, կիրակի օրերին. ուսուցիչներն ու աշակերտները հաճույքով էին իրենց հանգստյան օրերն արվեստին նվիրում: Այսօր, երբ Հադրութն ու արվեստի դպրոցը ժամանակի հեռվում են մնացել, սաների հիշողություններին կարոտն է խառնվել` անցյալը դարձնելով առավել լուսավոր:
Եվ նույնիսկ աննշան մանրուքներն այժմ կարոտով ու երանությամբ են հիշում:
«Օրվա վերջմը, վեր պիտի տոն քինիք, գազելմը կիսվիս ըք իլալ՝ հու հինչ նոր առաջադրանք ա ստացալ, հինչ ա սըվերալ, բայց վեր հսնես ընք խաչմերուկը, շտղան պիտի որոշվե` վեր շենը պիտի քինիք, իսկական կռևը սկսվես ա իլալ. մհենգ էլ պիտինք ակուշկեն կողքեն նստելի, առաջինը վեր շեն քինիլի հետե կռվես»։
Դպրոցի վարորդներն ու մեքենաները պատերազմից հետո չեն փոխվել, աշակերտների թիվն ու ճանապարհն է փոխվել։ Հիմա Տողի դպրոցի սաների մի մասն արտերկրում է, մի մասը՝ Երևանում կամ Հայաստանի գյուղերում, մյուս մասն էլ` այստեղ` մայրաքաղաքում ու շրջաններում։ Արվեստի դպրոցը նոր մասնաճյուղեր է բացել Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Նախիջևանիկ և Մարտակերտի շրջանի Ծմակահող, Առաջաձոր, Հաթերք գյուղերում: Իսկ հիմնական դպրոցը Ստեփանակերտում է, առանց հստակ աշխատավայրի` ասում է տնօրեն Սուսաննա Բալայանը։
«Ուսուցիչները դասավանդում են այդ վեց գյուղերում, Ստեփանակերտում, իսկ որոնք Երևանում են մնացել, նրանց համար էլ Երևանում ենք դասընթացներ կազմակերպում։ Այս մեկուկես տարվա մեջ նորից ամեն ինչ զրոյից ենք սկսել»։
2020 թվականի սեպտեմբերի 26-ին դպրոցն ամբողջովին պատրաստ էր նոր ուսումնական տարվան. դասացուցակը հաստատված, անգամ կիրակի օրվա ճաշացանկն էին պատրաստել, բայց այդ օրը դհոլի, դաշնամուրի, շվիի փոխարեն պայթուններ հնչեցին այնտեղ։
«2020 թվականի սեպտեմբերի դրությամբ ունեինք 240 աշակերտ 12 գյուղից՝ թե Տողից, թե մյուս գյուղերից։ Կարծում եմ 15 տարիների ընթացքում մեծ աշխատանք ենք արել: Պատերազմը ընդհատել է մեր քայլքը, բայց այսօր մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը և շարունակում ենք»։
Սուսաննա Բալայանը դպրոցի հաջողությունների թվում ուսուցիչների կազմն իրենց աշակերտներով համալրելը կարմիրով է առանձնացնում։
Հաշվետու համերգի ժամանակ տնօրենն ու ուսուցիչները սաների հետ հավասար բեմ էին բարձրանում, նրանց հետ հուզվում ու վայելում ծափահարությունները։ Դհոլի և շվիի ուսուցիչ Գագիկ Միրզոյանը և՛ ուսուցիչ էր, և՛ հնչյունային օպերատոր, և՛ երեխաներին ոգևորող. վահանակի մոտ բարձրախոսի ձայնն է կարգավորում, բեմում սաների հետ նվագում, տեղում նստած էլ՝ նոր աշակերտներին հուշում։
«Գյուղում մեծացած երեխաները քաղաքում մեծացած երեխաների համեմատ կաշկանդված են, դրա համար հուշում եմ, օգնում, բայց էլի սխալվել են։ Դե ոչինչ, կարևորը սրտանց են նվագել»։
Հաշվետու համերգները մինչ պատերազմն էլ, պատերազմից հետո էլ ամեն տարի կազմակերպվում են: Ավանդույթը
չեն խախտում, որքան էլ բեմերն ու պայմանները տարբեր լինեն։ Սուսաննա Բալայանը հիշում է դպրոցում կազմակերպած «Արա պա ստի պեն կինի» թատրոնը, լեփլեցուն դահլիճն ու հանդիսականների հիացմունքը։ Այսօրվա հաշվետու համերգին ազատ նստարաններ կային, բայց հավատարիմ հանդիսատեսն իր տեղում էր։
Երբ ուսուցիչները, կամ աշակերտները ներկայիս պայմաններից դժգոհում, մտքերով Տողի դպրոց են հասնում, տնօրենն է նրանց իրականություն բերողը, քրտնաջան աշխատանքի քարտեզ ներկայացնողը, որը, հուսով են՝ քայլ առ քայլ նորից դեպի Տող է տանելու։
Տողի արվեստի դպրոցը պահպանում է ավանդույթները: Օրինակ այն, որ բոլոր համերգները պետք է եզրափակվեն ուսուցիչ Մարատ Հարությունյանի ելույթով։
«Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում,
Ես իմ Դիզափայտն եմ սիրում»։