Նոյեմբերի 23, 2024

Արցախի մշակութային ժառանգության մասին պատմող 2 գիրք է հրատարակվել

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 07, 2022

«Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» հետազոտությունը և «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու գրքերը  հեղինակել են երեք  պատմաբաններ՝    պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն ու իր կրտսեր գործընկերները Նժդեհ Երանյանն ու  Հայկուհի Մուրադյանը։    Համլետ Պետրոսյանն իրենց կատարած աշխատանքն է ներկայացնում։ 

«Մեր ուժը, առաջընթացը թիմային աշխատանքի մեջ է։ Արցախի կոթողային մշակույթը բավականին ընդարձակ է։ Այն սկսում է մոտավորապես մ․թ․ա․ 2-րդ հազարամյակից և ձգվում մինչև 20-րդ դարի 20-30-ական թվականներ։ Գիրքը հատուկ բաժանումներ ունի, որտեղ փորձ ենք արել ներկայացնել այդ պատմությունը։ Մենք ոչինչ չենք հնարել, ոչինչ չենք մեկնաբանել, մենք արձանագրել ենք փաստեր»։

 Երեկ տեղի է ունեցել նաև monumentwotch.org կայքի շնորհանդեսը։ «Այս հարթակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է,- ասում է Համլետ Պետոսյանը,- որ սա ակադեմիական հարթակ է»։ Ասում է, և բացատրում   ակադեմիականի առանձնահատկությունը։ 

«Հաճախ մարդիկ հարցնում են, թե ինչո՞ւ ադրբեջանցիներին իրենց տեղը չենք դնում, ինչո՞ւ չենք պատասխանում այն նույն բառամթերքով, որով իրենք են իրականացնում այդ հարձակումը։ Ես կարծում եմ, որ ակադեմիզմը ենթադրում է հնարավորինս անկողմնակալ, տեսական և մեթոդաբանական որոշակի աշխատանք։ Բայց սա չի նշանակում, որ մենք չենք անդրադրաձել Ադրբեջանի քարոզչությանը»։

 Կայքի 2-րդ բաժինն ահազանգերին է վերաբերում։ Կայքում աշխատում են  մեդիամոնիթորինգի մասնագետներ։ Նրանք հետևում են ադրբեջանական կայքերին և անմիջապես արձագանքում    մեր  մշակութային ժառանգության ոչնչացմանը միտված  նրանց քայլերին։ Այսպիսի ահազանգերի քանակը հասել է 80-ի՝ ասում է  գրքերի ու կայքի համահեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Հայկուհի Մուրադյանը։ Գրքերի ու կայքի ամենամեծ առանձնահատկություններից մեկն էլ դրանց բազմալեզու լինելն է։ Կայքի նյութերը թանգմանվում են  ռուսերեն և անգլերեն, հնարավորության դեպքում նաև ֆրանսերեն«Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» հետազոտության մեջ    շատ հակիրճ ներկայացված է Ադրբեջանի պետական քաղաքականությունը՝  ուղղված  հայկական  մշակութային ժառանգության բռնայուրացմանը, այդ բռնայուրացումն ունի բազմաթիվ մեխանիզմներ և մեթոդներ։ «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու գիրքը  երկար տարիների հետազոտության արդյունք է՝ ասում է պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը։ 

«Գրքի գաղափարն առաջացավ, երբ «Հայ բարեգործական ընդհանուր միությունը» հետազոտական գրքերի մրցույթ հայտարարեց։ Բայց այս գիրքը երկար տարիների աշխատանքի տրամաբանական վերջնաարդյունքն էր, որը որևէ կերպ պետք է ամփոփվեր»։

 Արցախի կոթողային մշակույթին   վերաբերող բազմաթիվ գրքեր կան, բայց այս մեկն առանձնանում է իր ամբողջականությամբ՝ ասում է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և հույս հայտնում, որ   հետազոտական աշխատանքն այսքանով չի ավարտվի և հաջորդ անգամ մեր դատին կհանձնվի Արցախի խաչքարային մշակույթի մասին աշխատությունը։ 

«Բավականին լուրջ աշխատանք է տարվում, և մենք կարծում ենք, որ պետք է մեր ունեցածը ներկայացնենք օտարերկրյա գիտական շրջանակներին, որովհետև այսօր Ադրբեջանը և Թուրքիան բավական ագրեսիվ են այս դաշտում»։

 Արցախի մշակութային ժառանգության պահպանաման և հանրահռչակման տեսանկյունից շատ կարևոր են նման  հետազոտությունները՝ ասում է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նախարարն այս աշխատությունները հայրենասիրության ծնունդ է համարում։

 «Այս պահին, որբ մենք կանգնած ենք ցեղասպանության վտանգի առջև, շատ կարևոր է նման գրքերի և կայքի շնորհանդեսը»։  

Ադրբեջանը հսկակայան ռեսուրսներ է ուղղում, այսպես ասած, մշակութային պատերազմին, մշակում   հատուկ ռազմավարություն՝  նպատակներին հասնելու համար։   Այս պատերազմում մենք անվիճարկելի կռվան ունենք՝ պատմական ճշմարտությունը, Արցախի հայկականության հազարավոր անխոս վկաները։ Ընթերցողի սեղանին դրված այս երկու գործերն էլ  զենքեր են՝ այդ պատերազմում ծառայելու  համար։      

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ