Ջազը, ժողովրդական ու դասական երաժշտությունները իրար են խառնվել Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի միջանցքներում։ Այս անգամ երաժշտասեր պատանիներին իր շուրջն է հավաքել է «Զարթոնք» միջազգային երաժշտական ակադեմիան։ «Զարթոնք»-ը Արցախ գալու ճանապարհին վերանվանվել է «Վերելքի»՝ ծրագրի զարգացման տնօրեն Աննա Դեմիրճյանն է պատմում․
«Երկու շաբաթով ենք Արցախում։ Այսօր՝ հուլիսի 18-ին, մեր դասընթացի առաջին օրն է։ Մենք տարբեր նվագներ, համերգներ կունենանք։ Դասընթացի նպատակը կամուրջ ստեղծելն է՝ Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև»։
Դասընթացի մասնակցության իրավունք ստանալու համար արցախցի լինելը առավելություն էր․ արցախցի բոլոր դիմորդներն առանց տարիքային սահմանափակման ընդունվել են, բայց Հայաստանից միայն 20 պատանի կարողացավ մասնակցել դասընթացին։ Նրանց համար տարիքային շեմ էր սահմանված․ 14 տարեկանից բարձր երեխաները իրենց համարները ներկայացրել են տեսահոլովակով և մրցույթի միջոցով դասընթացին մասնակցելու իրավունք ստացել։ Վարպետաց դասերը ջութակահարուհի 15 ամյա Օվսաննա Հարությունյանին հնարավորություն են տվել ոչ միայն հմուտ վարպետների հետ ջութակին տիրելու գաղտնիքները սովորել, այլև Արցախը տեսնել։
«Իմացանք «Զարթոնք» ծրագրի մասին ու շատ էինք ուզում այստեղ ընդգրվել․ հայտ ներկայացրինք ու, բարեբախտաբար, ինձ ընտրեցին։ Շատ էի ուզում Արցախ գալ, վերջապես ստացվեց։ Վարպետներն իրենց հմտություններով կիսվում են մեզ հետ, նոր գիտելիքներ տալիս, ինչը անգնահատելի է։ Մենք շատ շնորհակալ ենք նրանց»։
«Զարթոնք» երաշտական ծրագիրն առաջին անգամ Հայաստան է եկել 2019 թվականին։ Դասընթացը կազմակերպվել էր Վանաձորում՝ ասում է երաժշտական ակադեմիայի տնօրեն, «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահ Վան Արմենյանը։ Պատանի երաժիշտներին աջակցելով՝ վարպետները լայնացրին նրանց մասնագիտական ճանապարհը։
«Այս տարի որոշեցինք Արցախում կազմակերպել «Զարթոնք»-ը, որպեսզի դասընթացներից բացի, բնակչությանը մատուցենք բարձրորակ ու հաճելի համերգներ։ Մեր բաժիններն են ջութակ, թավջութակ, ջազ, վոկալ, ստեղծագրություն, դաշնամուր, փողային գործիքներ»։
Վան Արմենյանը նշում է, որ նոր խմբի գեղարվեստական ղեկավարը Հասմիկ Պապյանն է։ Հուլիսի 25-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նրանք միասին մեծ համերգ են ունենալու։
Զրուցակիցս նպատակ ունի համերգային ծրագրով շրջել նաև Արցախի համայնքներում։
«Համոզված եմ, որ շատ հետաքրքիր ու ցնցող երկու շաբաթ պիտի ունենան բոլոր մասնակիցները։ Նշեմ նաև, որ «Զարթոնքը» միայն երկշաբաթյա ծրագիր չէ․ այն շարունակական է լինելու»։
Վարպետության դասընթացը, ճիշտ է, տաղանդավոր պատանիների է հավաքել, բայց ինչպես երաժշտական ակադեմիայի տնօրենն է ասում ՝ տաղանդ ունենալը բավարար չէ բարձունքներ գրավելու համար, աշխատասիրություն է պետք և ուղեկցող հմուտ ձեռք, որը ճիշտ ժամանակին դեպի ճիշտ սանդուղքը կտանի։ Այս նպատակով «Զարթոնք» երաժշտական ակադեմիան շարունակական կապ կհաստատի լավագույն սաների հետ ու նրանց կրթաթոշակ ու երաժշտական գործիքներ կտրամադրի։ Ամենակարևոր՝ առաջին քայլն արդեն արված է։