Նոյեմբերի 24, 2024

Հաստատվել է բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների հավաքածուների ցանկը

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 29, 2022

Նախագահի հրամանագրով ստեղծված պետական խորհրդի կազմում ընդգրկվել էին ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ լիազոր մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար փորձագետներ։ Շուրջ մեկուկես ամիս առաջ ստեղծված խորհրդի երկրորդ նիստում ամփոփվել են կատարված աշխատանքներն ու նախանշվել առաջիկա անելիքները։ Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել խորհրդի ձևավորումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացված փաստահավաք աշխատանքը և խորհրդի անդամների հետ քննարկել առաջիկա աշխատանքների ուղղվածությանն ու ծավալներին առնչվող հարցեր: Խորհրդի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ի սկզբանե պարզ էր, որ հսկայածավալ աշխատանք է սպասվում։ Այս ընթացքում կատարվել է բավականին աշխատանք՝ հատկապես թանգարանային ցուցանմուշների ցուցակների ճշտման գործում։ 

«Մենք հանդես եկանք կատարված աշխատանքների մասին զեկույցով և ներկայացրեցինք դրանք: Նաև խոսեցինք առաջիկա կատարվելիք աշխատանքների մասին: Դրանք նույնպես լայնածավալ են: Իհարկե, կան դժվարություններ, բայց դրանք փորձում ենք հաղթահարել խորհրդի ուժերով»: 

Նիստին հաստատվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկը: Դրանք ներկայացրել է բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Նրա խոսքով՝ ցուցակը կհրապարկվի առաջիկայում:

 «Հստակեցրեցինք այն հավաքածուները, որոնք մնացել են բռնազավթված տարածքներում: Ինչու՞ հիմա, որովհետև այդ հավաքածուները միայն պետական թանգարանները չեն: Բազմաթիվ հավաքածուներ կային նաև մասնավոր անձանց մոտ կամ մասնավոր հաստատություններում: Եվ այդ բոլոր հավքածուների անվանացանկը հավաքելը խնդիր էր»:

 Խորհրդի ստեղծման նպատակներից մեկն էր նաև համակարգել  բոլոր այն աշխատանքները, որոնք ուղղված էին արձանագրելու ադրբեջանական վանդալիզմի դեպքերը, հրավիրելու միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ու փորձել կանխել դրանք: Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ այս ընթացքում արդյունավետ համագործակցել են ԻԿՕՄ և ԻԿՕՄՕՍ կազմակերպությունների հետ:  

«Այդ կազմակերպությունները մասնագիտացված են այս բնագավառում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ սերտ և ակտիվ կապերի մեջ են: Եվ շատ կարևոր է, որ նման կազմակերպությունները նույնպես ներգրավված լինեն այս աշխատանքներում»: 

Նիստի ընթացքում ծավալվել է նաև քննարկում՝ կապված հետագա աշխատանքների հետ: Խորհրդի անդամները հանդես են եկել կարծիքներով ու առաջարկություններով:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ