Քաշաթաղի շրջանի Աղավնո, Բերձոր և Ներքին Սուս համայնքներից տարհանվում են մոնումենտալ արվեստի հուշարձաններ, գրադարանների գրքային ֆոնդեր, թանգարանային ցուցանմուշներ՝ ասում է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Մենք ձեռնամուխ եղանք հենց այդ մշակութային արժեքների տարհանմանը: Ամբողջությամբ տեղափոխված է Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, Աղավնո և Սուս համայնքների մոնումենտալ արվեստի հուշարձանները և Բերձոր քաղաքի և նրա շրջակայքի հուշարձանների մեծ մասը: Այսօր աշխատանքներ են կատարվում Բերձորի կենտրոնական մասի հուշաձանների տարհանման ուղղությամբ»:
Աշխատանքները շարունակվելու են ընդհուպ մինչև օգոստոսի 25-ը: Արդեն հայտնի է, թե որտեղ է պահվելու տարհանված մշակութային ժառանգությունը: ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն է մանրամասնում:
«Մշակութային ժառանգությունը նախնական տեղափոխում ենք «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածք, այնուհետև տեղափոխելու ենք այլ վայրեր: Օրինակ՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարի տարածքում պուրակ է կառուցվելու, խաչքարերի մի ստվար հատվածն այնտեղ է տեղափոխվելու»։
Այն, որ Քաշաթաղի շրջանը հարուստ է հոգևոր-մշակութային հուշարձաններով՝ հայտնի փաստ է: Բայց որ կան նաև որևէ տեղ չգրանցված խաչքարեր, չգիտեին նաև ոլորտի պատասխանատուները. մարդիկ զանգել են ու ասել, որ այս կամ այն տեղում խաչքար կա:
Անորոշ է մնում եկեղեցիների ճակատագիրը: Եկեցեցիները տարհանել չենք կարող և սրանով ամեն ինչ ասված է՝ ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը: Եկեղեցիների պատերին խաչքարերը քիչ են, հիմնականում խաչաքանդակներ են: Աղավնոյում, Բերձորում և Ներքին Սուսում գործող բոլոր եկեղեցիները պատկանում են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմին: Այս եկեղեցիների հետ կապված աշխատանքներ իրականացնելու համար մենք սպասում ենք Արցախի թեմի դիրքորոշմանը՝ ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը: