Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Նարեկը, 14-ամյա Վահեի և 11-ամյա Աշոտի հավաքական կերպարն է։ Տղաները պատերազմի առաջին օրերին իրենց ուսերին առան ընտանիքի գլխավոր տղամարդու պարտականությունները։ Առանց վարորդական իրավունքի և փորձի, ինքնուրույն վարելով ավտոմեքենան, կարողացան իրենց ընտանիքներին տարհանել հրետակոծվող Արցախից: Ֆիլմի վերնագիրը՝ «250 կիլոմետրը» այն ճանապարհահատվածն է, որն անցավ Վահեն՝ Արցախից հասնելով Կոտայքի մարզ։ Ֆիլմի ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի խոսքով՝ ի սկզբանե գլխավոր հերոսին պետք է մարմնավորեին ոչ Վահեն, ոչ էլ Աշոտը, այլ ընտրված դերասանը։ Բայց նկարահանումներից 5 օր առաջ դերասանի ծնողները թույլ չտվեցին իրենց երեխային նկարահանվել ֆիլմում։
«Հետո իմ մոտ շատ դժվար ժամանակներ էին, որովհետև մտածում էի, որ վերջ, ֆիլմը չի լինի։ Ու հիշեցի, որ, երբ ես Աշոտի մասին կարդում էի, իմ վարպետը՝ Ալեքսանդր Կոտը, ուղարկել էր նաև Վահեի մասին պատմությունը»։
Եվ այդպես էլ ֆիլմի գլխավոր դերակատար ընտրվեց Վահեն։ Նրա մոր՝ Միլետայի հետ երկար զրույց ունեցան։ Սկզբնական շրջանում նրանք նույնպես չէին ցանկանում, քանի որ Վահեն մի փոքր հոգնել էր չափազանց մեծ ուշադրությունից։
«Բայց ես պատմեցի, որ սա դոկումենտալ ֆիլմ չէ, հարցազրույց չէ, այլ գեղարվեստական ֆիլմ է։ Եվ այդպես հետաքրքրվեցին։ Ես իրականում չէի պատկերացնում, որ Վահեն այդպիսի դերասանական տվյալներ կունենա։ Իրեն հավատացին բոլորը։ Ֆիլմի հերոսի փոքր եղբոր՝ Դավիթի կերպարը իրական է, և դերակատարն էլ Աշոտի հարազատ եղբայր Դավիթն էր»։
Հիմնական դժվարություններից մեկը ֆիլմարտադրության ընթացքում նյութական աջակցության բացակայությունն էր։ Հասմիկի խոսքով՝ դերասանական կազմը արեց անհնարինը, և բոլոր դժվարությունները հաղթահարելը հնարավոր դարձավ։ Ֆիլմի ձայնային ձևավորման համար ռեժիսորը երախտագիտության խոսքեր է հղում ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանին ու «Օբերտոն» ստուդիային։
Կինոդիտողների շարքում էին նաև Վահեն ու իր մայրիկը։ Դե, ինչպես նշենցինք, Վահեն մի քիչ հոգնել է մեծ ուշադրությունից ու հարցազրույցներից։ Փոխարենը, զրուցեցինք նրա մոր՝ Միլետա Սարգսյանի հետ։ Անկեղծանում է՝ ֆիլմը դիտելիս վերապրեց այն ամենն, ինչի միջով ստիպված էին անցնել պատերազմի ընթացքում:
«Դրվագներ կան, որ հենց մեր պատմությունից են։ Ճանապարհին հենց մեր մոտ ռումբ պայթեց, և Վահեի ձախ ձեռքը լրիվ թուլացավ։ Ամբողջ ճանապահին մերսում էի նրա ձեռքը։ Լացում էի, ինքը ինձ էր հույս տալիս, ես՝ իրեն»։
Ֆիլմի նկարահանումները տևել են 14 օր։ Հասմիկ Մովսիսյանը անկեղծում է՝ դժվար օրեր էին, բայց իրեն ուժ էր տալիս դերասանական կազմը։ Ֆիլմը ծվել է Արցախում և նրա ճանապարհորդությունը նույնպես այստեղից պետք է սկսվեր։ «250կմ»-ը նախատեսում է երկար ճանապարհ անցնել՝ ներկայանալով նաև միջազգային փառատոնների։