Շուշիում մնացած թանգարանային և մասնավոր հավաքածուներում ընդգրկված գեղարվեստի գործերի 1026 նմուշ արդեն փաստագրվել և ապացուցողական հիմքով ներկայացվել է հանրությանը: Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի առաջնային նպատակը ՝ բացահայտել բոլոր այն հավաքածուները, որոնք մնացել են բռնազավթված տարածքներում ՝ ասում է խորհրդի աշխատանքների համակարգող Սերգեյ Շահվերդյանը, ներկայացնում առայսօր կատարված աշխատանքների արդյունքները:
«Բացի պետական թանգարաններից, բռնազավթված տարածքներում կային նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներ: Այսօրվա դրությամբ, կարողացել ենք բացահայտել, որ մասնավորապես, Շուշիում է մնացել գեղարվեստի գործերի և թանգարանային 13 հավաքածու՝ այդ թվում Կերպարվեստի պետական թանգարանում՝ 658 նմուշ, Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակում՝ 51, ինչպես նաև Արվեստի կենտրոնի ցուցասրահում՝ 66, Նարեկացի Արվեստի Միության հավաքածուից՝ 36 , Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահում՝ 168 նմուշ, Արտակ Պողոսյանի՝ 20, Դավիթ Ավագիմյանի՝ 37 նմուշ»:
Շուշիում են մնացել նաև բերդաքաղաքի Պատմության պետական, Երկրաբանության, Արցախյան գորգի/մասնակի/, Դրամագիտության թանգարանների, Պատկերասրահի և Վարդան Դուշմանի տուն-թանգարանի հավաքածուները: Ներկայացված ցանկը վերջնական չէ՝ ասում է Սերգեյ Շահվերդյանը։ Հնարավոր է՝ ի հայտ գան անձինք, ովքեր այնտեղ ինչ-որ հավաքածուներ ունեին՝ ասում է:
«Ամենադժվար գործընթացն այդ հավաքածուներում պարունակվող մշակութային արժեքները բացահայտելն է: Շուշիում են մնացել ոչ միայն թանգարանային ու գեղարվեստի հավաքածուները, այլ նաև դրանց ցանկերը: Բոլոր փաստաթղթերը, որոնք պիտի պահվեին թանգարանին, մնացել են Շուշիում: Ուստի պարտավորված էինք նորից հավաքագրել: Այդ ցուցակներն ունեն նաև ապացուցողական հիմք, այսինքն՝ ցանկում ընդգրկված են լուսանկարներ կամ տեսանյութեր»:
Սերգեյ Շահվերդյանի խոսքով, Շուշիի որոշ թանգարանների գեղարվեստի կորուսյալ հավաքածուների ցուցանմուշների զգալի մասը տրամադրվել էր անհատների կողմից՝ ժամանակավոր ցուցադրության համար: Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուները 8-ն են, շնորհանդեսին այսօր ներկայացվեց 7 հավաքածու: Խորհուրդը չի ստացել 8-րդի պատասխանատուների անհրաժեշտ աջակցությունը, ասում է խորհրդի համակարգողը: Նկարիչ Սամվել Թավադյանը Շուշիում է թողել շուրջ 20 տարվա ստեղծագործական աշխատանք, Խորհրդին կարողացել է ներկայացնել միայն նմուշների տվյալները, որոնց լուսանկարներն ունեցել է՝ ասում է:
«Շուշիում բնակություն էի հաստատել 2000 թվականից: Շուշիում մնացին նաև իմ այն գործերը, որոնք նվիրել էի մարդկանց։ Իմ պատկերասրահում իրականում ավելի շատ գործեր կային, քանի որ ապացուցողական ոչ մի լուսանկար կամ փաստ չկար՝ չկարողացա ներկայացնել փաստահավաք խմբին»:
Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի նախագահ, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը կարևոր է համարում նման շնորհանդեսների կազմակերպումը: Խորհուրդն իր գործունեությունը ծավալում է միջոցառումների և գործողությունների հստակ պլանով՝ ասում է:
«Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության վանդալիզմի, ոչնչացման դեպքերի մշտադիտարկման արդյունքների ներկայացման ձևով, և նաև տարբեր նյութերով մեր ժառանգությունը ներկայացնում ենք հայ և օտարերկրյա լսարաններին: Այս շրջանակներում բոլորի մասնակցությունն ու աջակցությունը կարևոր է, առնվազն՝ իրազեկման տեսքով, որպեսզի թեման թեժ պահենք, ներկայացնենք, թե ինչ ենք կորցրել, ինչն է վտանգված և ինչ կարող ենք կորցնել ապագայում, եթե մեր աշխատանքը պատշաճ չկատարենք, իսկ միջազգային հանրությունը և կառույցները կանխարգելիչ միջոցներ չձեռնարկեն»:
Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսին ներկա էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Խորհրդի նախագահի տեղակալ , ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը , արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ: Խորհրդի անդամները նաև պատասխանել են ներկաներին հուզող հարցերին: