Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի նախասրահն արևի շողերից բացի, այլ «հյուրեր» էլ ուներ․ ազգային նախշերով գորգերը, կարպետներն ու ասեղնագործ աշխատանքները։ Այսօր «Արցախյան գորգարվեստ» հանրապետական հինգերորդ մրցույթն էր։ Մեկ ուսումնական տարվա իրենց աշխատանքներն էին ներակայացրել Արցախի մի շարք մանկապատանեկան կենտրոններ։ Գորգագետ Աշխունջ Պողոսյանը աշխատանքների թերություններն ու առավելությունները գույների ընտրության մեջ է տեսնում․ ամեն գույն իր պատմությունն ունի․ ճիշտ ընտրության դեպքում պատմությունդ սիրվում է, հակառակի դեպքում՝ և՛ սերն է պակաս լինում, և՛ պատմությունդ։
«Նաև ուշադրություն դարձնեն հումքին։ Ամեն թել չէ, որ գորգ գործելու համար պիտանի է, արհեստական թելեր չօգտագործեն, նախորդ տարիներին գործվածները չներկայացնեն»։
Ներկայացված 38 նմուշից մրցանակային տեղ են զբաղեցրել 11-ը։ Ցածր՝ 10-17, տարիքայինների խմբում ասեղնագործության անվանակարգում 3 հաղթող կա, 17-ից բարձրտարիքայիններում գորգ անվանակարգում կան 2, կարպետի և ասեղնագործության՝ 3 հաղթողներ։
««Գորգ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է գործվածք համար 3-ը, հեղինակ՝ Իրինա Վալերիի Ղահրամանյան, երկրորդ տեղը՝ գործվածք համար 4 , հեղինակ՝ Նազիկ Ռաֆիկի Աբաղյան։ Շատ հետաքրքիր գորգ է նաև այն առումով, որ ավանդական է՝ ներդաշնակված հեղինակի մտահղացումներով։ «Կարպետ» անվանակարգում 1-ին տեղը՝ Իրենա Վլադիմիրի Թևանյանն է, 2-րդը՝ Գայանե Գրիգորիի Բեգլարյանը, 3-րդ տեղը Ռեգինա Գրիգորիի Չիթչյանը։ «Ասեղնագործություն» անվանակարգում 1-ին հորիզոնականում՝ Նադեժդա Վլադիմիրի Սարգսյանն է, 2-րդը՝ Լիլիթ Ազատի Մկրտչյանը, 3-րդը Նազիկ Շմավոնի Հայրիյանը»։
Գորգագետի խոսքով՝ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ամենաշատ մրցանակային տեղեր գրաված կենտրոնը Հադրութի մանկապատանեկանն էր։ «Գորգ» անվանակարգում 2-րդ մրցանակային տեղ զբաղեցրած Նազիկ Աբաղյանի ստեղծագործության անունը «Դրախտ» է։ Գորգի նախշերը, գույնը ընտրել են աշակերտների հետ միասին, գործել՝ մեկ ուսումնական տարի։ Գորգի կենտրոնում կենաց ծառը, Ադամն ու Եվան են պատկերված, որոնց վերևից ու ներքևից պաշտպանում է արծիվը։
«Արծիվների միջև նկարել եմ Դիզակը խորհրդանշող կակաչն ու մեծ երազանք պահել, որ օրերից մի օր վերադառնանք Հադրութ»։
Զրուցակիցս իրեն հատուկ ձեռագրից բացի գաղտնիքներ էլ ունի, մեր ռադիոլսողների համար փակագծեր է բացում։
«Ամեն գորգի վրա ես գրում եմ իմ անունն ու 3 տառ, որոնք տվյալ տարվա տարեթիվն է։ Այս տարվա գորգի վրա « ՍԻԲ» է գրված, այսինքն՝ 2022 թիվ»։
Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ Արցախը, լինելով հայկական գորգագործական կենտրոններից մեկը, նման միջոցառումներով պահպանում է մշակութային ժառանգության այս կարևոր բաղադրիչը։ Լեռնիկ Հովհաննիսյանը մի քանի նկատառումներ է արել հաջորդ տարվա մրցույթի մասնակիցների համար։
«Ինչպես պարոն Պողոսյանը նշեց՝ գույների ճիշտ ընտրությունը կարևոր է հատկապես գորգագործության մեջ։ Երբ մենք ամեն տարի կազմակերպում ենք այս մրցույթը, չի կարելի 20, 25 տարվա գործած գորգ ներկայացնել, որովհետև դա զրո է գնահատվում, այսինքն՝ եթե մենք ամեն տարի մրցույթ ենք կազմակերպում, պետք է ներկայացվի նորը, որը գործվել է այդ մեկ տարվա ընթացքում, երրորդը՝ պետք է աշխատել բնական թելերով։ Այս առաջարկները անպայման պետք է հաշվի առնվի մյուս տարվա մասնակիցների կողմից, որովհետև հաջորդ տարի այն ընդգրկվելու է մրցույթի կանոնակարգի մեջ»։
«Արցախյան գորգարվեստ» հանրապետական հինգերորդ մրցույթի հաղթողները կարժանանան դրամական պարգևի։ Միջոցառման վերջում ազգային նախշերին ու արևի շողերին ավելացել էին նաև հաղթողների ժպիտներն ու ներկաների շնորհավորանքները։