Ջերմ մթնոլորտ, հաճելի, տրամադրող միջավայր է ՔՈԱՖ-ի ստեփանակերտյան գրասենյակում: Հատուկ վերապատրաստում անցած մասնագետները պատրաստ են իրենց ծառայությունները մատուցել բոլոր նրանց, որոնք կդառնան ՔՈԱՖ-ի ծրագրերի շահառու: Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակում երեխաների առաջնահերթ կարիքները, մարդկանց ծանր հոգեբանական վիճակն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` ՔՈԱՖ-ը որոշեց գրասենյակ բացել հենց Ստեփանակերտում՝ ասում է հիմնադրամի Արցախի ծրագրերի համակարգող Դիանա Մովսիսյանը: Բայց սա ՔՈԱՖ-ի առաջին մուտքը չէ Արցախ՝ ասում է։
«ՔՈԱՖ-ն Արցախի կողքին էր դեռ 2016 թվականից :Հատկապես քառօրյա պատերազմից հետո հոգեբանության դասընթացներ են կազմակերպվել բուժաշխատողների հետ»:
Առայժմ գրասենյակի հիմնական շենքը պատրաստ չէ, այն ժամանակավորապես գործում է այլ վայրում։ Հիմնադրամի արցախյան գրասենյակի թիմը նախապատրաստական աշխատանքներ է տանում տարբեր ծրագրերի ուղղությամբ: Հոկտեմբերի կեսերից սկսել է գործել «Երեխայի և ընտանիքի կենտրոնի աջակցության ծրագիր»-ը, որի շրջանակում շահառուներին տրամադրվում է անհատական ծառայություններ: Լոգոպեդական, հոգեբանական և սոցիալական ծառայություններ են մատուցում մասնագետները՝ ասում է Դիանա Մովսիսյանը։ Շահառուները 3-18 տարեկան երեխաներն ու նրանց ծնողներն են: ՔՈԱՖ-ի ծրագրերի միջոցով համապարփակ և բազմակողմանի ծառայություններ են մատուցվում: Երբ գրասենյակը տեղակայվի իր հիմնական հասցեում հնարավոր կլինի նոր ծրագրեր իրականացնել։ Մասնասվորապես՝ կգործարկվի մանկան զարգացման անկյունը՝ ասում է:
«Մանկան զարգացման անկյունը իր տեսակով յուրահատուկ է և ծառայություն է մատուցում 3-5 տարեկան երեխաներին: Այստեղ երեխաները շաբաթական 2 անգամ պարապմունքներ են ունենալու, պարապմունքը տևելու է 1 ժամ»:
Մանկան զարգացման անկյան շահառուները պարտադիր չէ, որ ունենան լոգոպետական կամ հոգեբական խնդիրներ: Այս ծրագրի նպատակը երեխային դպրոցին նախապատրաստելն է:
«3-4, 4-5, 5-6 տարիքային խմբեր են լինելու: Յուրքանչյուր խմբի համար զարգացման համապատասխան ցուցիչներ կան, որը ներառում է ինչպես հուզական ինտելեկտը, իմացական մակարդակը, ֆիզիկական զարգացվածությունը»:
Մանկան զարգացման անկյունը կես ամսվա ընթացքում արդեն շուրջ 35 դիմում է ստացել: Դիմումների թիվը օր օրի ավելանում է։ ՔՈԱՖ-ի նպատակներից մեկն է մատուցվող ծրագրերի միջոցով աջակցել պետությանը:
«Մենք փոձում ենք լրացնել այն բացը, որը կա հասարակության մեջ կամ այն բացը, որի համար պետությունը չի կարողանում համապատասխան ռեսուրսներ հատկացնել: ՔՈԱՖ-ը եկել է ոչ թե ապացուցելու կամ ասելու,որ ինչ-որ մեկը թերանում է իր աշխատանքում, այլ եկել է համագործակցելու և փորձելու միասին համատեղ ջանքերով վեր հանել խնդիրներն ու լուծում տալ դրանց»:
Գրասենյակը հնարավորություն ունի տարբեր ծրագրերի շրջանակներում ծառայություններ մատուցել շաբաթական մոտ 500 շահառուի: Դիմումներն ընդունելու վերջնաժամկետ հայտարարված չէ։