Նոյեմբերի 23, 2024

Ապրեցնել հայկական Հադրութը․ մի կենտրոնի պատմություն

By Սրբուհի Վանյան Մարտի 01, 2023

Որքան էլ տարօրինակ հնչի՝ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմա գործում է Ստեփանակերտում, Երևանում, Աշտարակում, Հայաստանի այլ քաղաքներում, բայց ոչ այնտեղ, որտեղ ստեղծվել է ու պետք է գործեր։ Կենտրոնը, որն ի սկզբանե ստեղծված էր Հադրութի երեխաների ստեղծագործական հմտությունները զարգացնելու և   ազգային-մշակութային դաստիարակություն տալու նպատակով,  հիմա այլ գործառույթներ էլ է վերցրել իր վրա։ Այն  միաբանում է արվեստի շուրջ ոչ միայն հադրութցի երեխաների։ Ընդունում են բոլոր նրանց, որոնք այցելում են կենտրոն ու ցանկություն հայտնում հաղորդակից դառնալ ազգային մշակույթին, արվեստին․ այդպես դժվարություններն ավելի հեշտ են հաղթահարվում՝ ասում է կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանը։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ հադրութցիներն իրենց բնօրրանից զրկվելուց հետո Հայաստանում էին, տնօրենը որոշել էր, որ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը պիտի գործի․ հին կոլեկտիվով։ Այդ հարցով դիմեց Երևանում տեղակայված ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ, որ  համակարգում էր տեղահանված արցախցիների հարցերը, ու հաջողեց։

«Արցախի օպերատիվ շտաբի օգնությամբ ունեցանք մի փոքրիկ սենյակ, որտեղ էլ, կոլեկտիվի ցանկությամբ, սկսեցինք աշխատել։ Պարապ նստել այլևս չէինք կարող, կենտրոնը վերաբացեցինք։ Հովանավորների միջոցով կամաց-կամաց սկսեցինք գործունեությունը։ Սկզբում միայն վարպետներով, ապա և հայտարարություն տարածեցինք ու սկսեցինք հավաքագրել սաներին»։

2021 թվականի փետրվարի 20-ին՝ Արցախի Վերածննդի 33-րդ տարեդարձի օրը, կենտրոնը տվեց առաջին համերգն ու ներկայացավ ցուցահանդեսով։ Գարնան սկզբին ավելի քան 80 գործ ուղարկեցին Մոսկվա՝ ձեռագործ աշխատանքերի ցուցահանդեսի։ Հետո ստիպված եղան կենտրոնի խմբակները կազմակերպել ըստ կոլեկտիվի տեղահանված մասնագետների բնակության վայրերի՝ պատմում է Իրինա Թամրազյանը։ Վանաձորում, որտեղ ապաստանել էր պարի խմբակավարը, բացեցին պարարվեստի խումբը, Աշտարակում՝ ասեղնագործության, Արտաշատում՝ գորգագործության, Մասիսում՝ փայտի փորագրման խմբակը։ Կազմակերպչական հարցերում օգնում էին բարի մարդիկ․ նրանցից շատերը Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքերին ծանոթ էին վաղուց․ մինչ տեղահանվելը կենտրոնը հաճախ տարբեր երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներում սպասված հյուր էր։

«Մասնակցում էինք ՀՀ տարբեր քաղաքներում տեղի ունեցող ցուցահանդեսներին, արդեն շրջապատ ունեինք, որն էլ հետագայում մեզ սկսեց օգնել։ Օրինակ՝ «Հանգույց» հիմնադրամը մեզ թելեր տրամադրեց գորգերի համար, Արա Գևորգյանը օգնեց նկարչական խմբակը բացենք, հետո մեր ցուցահանդեսը Մոսկվայում մեծ արձագանք գտավ, ունեցանք հովանավորներ, որոնց օգնությամբ բացեցինք փայտագործության խմբակը։ Կարճ ժամանակում կարողացանք մասնակցել Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին, Սփյուռքից էլ այցելուներ ունեցանք, որոնց միջոցով կարողացանք մեր կենտրոնի գործունեությունը վերականգնել»։

Երևանում կենտրոնի գործունեության հեռանկար կար, բայց տնօրենն անհանգիստ էր․ կենտրոնը պիտի Արցախում գործի։

«Հոկտեմբերին, երբ Ստեփանակերտում բացվեց Ֆրանկաֆոնիայի կենտրոնը, ես տարածք էի փնտրում՝ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մայրաքաղաքում բացելու համար։ Իմ մեկ զանգը բավական եղավ, տնօրենը սիրով համաձայնեց։ Ընդլայնվեցինք, հիմա այլ տարածք էլ ենք վերցրել, որպեսզի կարողանանք մեր պարապմունքերն անցկացնել։ Երեխաների քանակն ավելացավ, խմբակները վերաբացեցինք։ 2022 թվականին մենք նախատեսում էինք Արցախում վերաբացվել, ստացվեց։ 2023թ․  նպատակ ունենք Հայաստանում գործող մեր խմբակներն ի մի բերել  և տեղափոխել Ստեփանակերտ։ Իսկ 2024 -ին նախատեսում ենք Հադրութում գործել։ Հույս ունեմ, որ կիրականանա մեր այդ նպատակը նույնպես»։

Իրինա Թամրազյանը հպարտանում է․ չնայած այն, ինչ ստեղծել են մինչև 2020 թվականը թողել էին Հադրութում, բայց իրենց տքնաջան աշխատանքի ու լավ մարդկանց օգնությամբ նորից հաջողվել է որոշ գույք ձեռք բերել  և բազմաթիվ հետաքրքիր գործեր ստեղծել։

«Մենք վերականգնել ենք այն, ինչ թողել ենք Հադրութում և ավելին ենք ձեռք բերել։ Եվ պատահական չէ, որ կարողացել ենք 6 ցուցահանդես ուղարկել աշխարհի տարբեր երկրներ, մեր տիկնիկները, կարպետները, գուլպաները ուղարկեցինք Ֆրանսիա, Բելգիա, Իսրայել, Ճապոնիա։ Մեզ մեծապես օգնում են հայ համայնքները»։

Կառույցը վերաստեղծման ճանապարհին է, բայց այդ ճանապարհը հեշտ չէ․ այսօր էլ բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական։ Արցախի շրջափակումն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում․ կենտրոնն, արդեն 3 ամիս, չի կարողանում իր գույքը տեղափոխի Արցախ՝  բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Հումք ձեռք բերելու հետ ևս խնդիրներ են առաջանում։ Բայց Իրինա Թամրազյանը չի հուսահատվում․ դժվարությունները միայն ավելի ստեղծարար են դարձնում՝ ասում է, և դուք կարող եք համոզվել դրանում՝ տեսնելով մեր սաների աշխատանքները, ու այն ոգևորությունը, որով նրանք հաճախում են կենտրոնի խմբակներ։Կենտրոնում մեր այցելության պահին նկարչության դաս էր․ խմբակավարը՝ ընկեր Ալյոնան,  գունաբաժանման դաս էր բացատրում իր սաներին։ Ինքն էլ ուսանող է դեռ, սովորում է ԱրՊՀ կերպարվեստի բաժնում, տեղահանվել է Մեծ Թաղեր գյուղից։

«Հադրութի Մեծ Թաղեր գյուղից եմ, բնակվում եմ Ստեփանակերտում, աշխատում այդ կենտրոնում։ Ուսումս համատեղում եմ դասավանդման հետ, հետաքրքիր է մեզ մոտ, երեխաները իրենց ազատ ժամանակն այստեղ կազմակերպում են»։

Փոքրիկ տարածքում, որտեղ տեղակայվել է կենտրոնը, արագ հավաքում են նկարչական պարագաները․ տարածքը պիտի հարմարեցնեն պարի պարապմունքներին։ Ընկեր Մարիամն արդեն տեղում է և իր սաների հետ աթոռներն է մի կողմ քաշում։ Հադրութից է, տեղահանվելուց հետո տարբեր մասնագիտություններ է փորձել յուրացնել՝ մատնահարդարում, ֆլորիստիկա, բայց պարուսուցումը իր կյանքի գործն է համարում։

«Երբ բացվեց կենտրոնը, ու ինձ տնօրենը հրավիրեց այստեղ աշխատանքի, շատ ուրախացա այս հնարավության համար, քանի որ շատ եմ սիրում պարարվեստը»։

«В тесноте, да не в обиде»․ հիշում են հայտնի խոսքը՝  նեղվածք լինելու մեր նկատառմանն ի պատասխան։ Իրինա Թամրազյանն ասում է՝ «Ամեն ինչ տեղն է ընկնելու, քանի դեռ միասին ենք ու մի նպատակ ունենք՝ ապրեցնել հայկական մշակույթը, հայկական Հադրութը, որի մասին հուշերով ու մի օր վերադարձնելու երազանքով էլ այսօր ապրում ենք»։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Չորեքշաբթի, 01 Մարտի 2023 14:38
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ