Նոյեմբերի 23, 2024

Շուշիի պետական թատրոնը կրկին Արցախում է

By Սվետլանա Պետրոսյան Հունվարի 12, 2022
Արցախի բեմում կրկին Սերգեյ Միխալկովի «Երեք խոզուկները» հեքիաթի բեմադրությունն է, դահլիճում՝ աղմուկ, երեխաների աշխուժություն: Պատերազմից հետո Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը երրորդ անգամ է Արցախում: Այս անգամ հյուրախաղերով հանդես են գալիս  Մարտունի քաղաքում ու շրջանի բոլոր գյուղերում: «Արցախ» լրատվականի  հետ զրույցում թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանն ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված է տիկնիկային 13 ներկայացում:  
 
«Շատ էինք ցանկանում Արցախի շրջաններ գնալ, մեր ներկայացումներով մի փոքր բարելավել  սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների հոգեբանական վիճակը: Կրկին Արցախում ենք  Համազգային  հայ կրթական մշակութային միության գրասենյակի  տնօրեն Հերմինե Ավագյանի և մարտունաբնակ հայրենադարձ Շանթ  նախաձեռնությամբ»:  
 
 «Շուշիի տիկնիկային թատրոնը ցրված էր Հայաստանում, շատ ուրախ եմ, որ նրանց բերեցինք Արցախ՝ երեխաների համար ներկայացումներ ցուցադրելու»: 
 
Շանթ Չարշաֆճեանի խոսքով՝ Արցախում նման նախաձեռնությունները շարունակական են լինելու: -Համազգային հայ կրթական մշակութային միության գրասենյակը կրկին Շուշիի պետական թատրոնի կողքին է: Նպատակն է՝ խթան հանդիսանալ, որպեսզի թատրոնը նորից վերականգնի ու սկսի իր բնականոն աշխատանքը: Առանձնակի ուշադրության կենտրոնում են մեր փոքրիկները: Պետք է ամեն ինչ անել նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար,- «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրենի օգնական Տիրուհի Գասպարյանը:
 
 «Արդեն մի շարք գյուղերում ներկայացումները տեղի են ունեցել: Ներկայացումները շատ կարևոր են սահմանամերձ գյուղում բնակվող երեխաների համար: Նրանք հաճույքով են ներկայանում»:
 
 Բարություն, միասնություն, խելացիություն. սրանք այն գաղափարներն են, որոնք փոխանցվում են փոքրիկ հանդիսատեսին: Երեխաներն, ինչպես միշտ, սիրով են մասնակցում ներկայացումներին: Կլանված դիտում ու փայլում են նրանց ժպտուն աչուկները: 
 
«Ներկայացումից բոլորս տպավորված ենք: Այս ներկայացումից սովորեցի, որ պետք է  միասնական լինենք»:  
 
Հայ մարդու տեսակի օրինակներից է հեքիաթի գլխավոր հերոս Նուֆ –Նուֆը, որը եղբայրներին ցրտից և գայլից պաշտպանելու համար առաջարկում է տուն կառուցել, բայց ո՞վ էր նրան լսողը: Եղբայրները տարված էին խաղով: Ինչպես ներկայացման գործողություններն են ցույց տալիս, խելացի Նուֆ-Նուֆի հեռատեսությունն ու խելացիությունը չար գայլից փրկեցին  իրեն ու եղբայրներին: Դերասանները տիկնիկների հետ բեմում չեն երևում, սակայն կերպարին միաձուլվելու համար երկար ճանապարհ են անցել՝ մանկությունից տպավորված կերպարները հարստացնելով նոր գույներով ու երանգներով,-ասում է թատրոնի տնօրենը:
 
«Շատ դժվարությամբ է մեր աշխատանքը կազմակերպվում, որովհետև առայժմ մենք որպես շրջիկ թատրոն ենք գործում: Դերասանների մի մասը Ստեփանակերտում է, մի մասը՝  Երևանում ու Գյումրիում»: 
 
Շուշիի Խանդամիրյանի անվան պետական թատրոնն առայժմ գործում է շրջիկ կարգավիճակով : թատրոնն իր ներկայացումների ցուցադրությունը վերսկսել էր հենց պատերազմի օրերին, երբ Շուշիի Մշակույթի տունը ռմբակոծված էր, Արցախը՝ վիրավոր, իսկ բնակչությունը տարհանվում էր: Եվ ինչպես այդ օրերին, այնպես էլ այսօր թատերախումբը տարբեր ներկայացումներ է ունենում Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկների համար: Արդեն 6 օր է՝ Շուշիի պետական թատրոնն Արցախում է: Բեմում են «Երեք խոզուկները» և «Պոչատ աղվեսը» տիկնիկային ներկայացումները: Վաղը ներկայացման վերջին օրն է: Թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը տպավորված է սահմանամերձ գյուղերի մեծ ու փոքր հանդիսատեսներից: Մենք չենք կորցնում մեր հույսն ու հավատը: Ավելին՝ օր-օրի համոզվում ենք, որ Արցախը շուտով ամբողջական կլինի՝ խիզախ և տոկուն արցախիկներով՝ ասում է նա: 
 
«Նոր Շենում ենք ներկայացում ունեցել, և ես անձամբ հպարտանում եմ այդ երեխաներով, հպարտանում եմ Նոր Շենի բնակիչներով, որովհետև մարդիկ գալիս են ներկայացում դիտելու՝  քաջ գիտակցելով, որ իրենք թշնամու դիտակետի տակ են: Կարմիր Շուկայում եղանք: Ներկայացումից ուղիղ կես ժամ հետո թշնամին էլի սկսեց հարվածել Կարմիր Շուկայի վրա տարբեր տրամաչափի զինատեսակներով:  Մենք պարզապես շատ մեծ հպարտություն ենք ապրում արցախցիների կամքի ուժով և շատ ենք ուրախանում, որ հենց այսպիսինն ենք»:
 
Մենք կվերադառնանք Շուշի: Կկառուցենք ու կվերականգնենք մեր տունը: Հարազատ բեմում նորից ներկայացումներ կունենանք ու բոլորին կրկին մեկ հարկի տակ կհավաքենք՝ համոզված է  Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը: Ուղիղ մեկ շաբաթ է՝  Արցախի Մարտունու արդեն սահմանամերձ գյուղերի փոքրիկները վայելում են սիրված տիկնիկային ներկայացումները: Նախաձեռնությունը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանինն է: Հովանավորը՝ մարտունաբնակ հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանի  հիմնադրված «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը: 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 29 Հունվարի 2022 13:35
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ