Նոյեմբերի 21, 2024

Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն ամփոփում է 2021-ը

By էրիկ Հակոբյան Հունվարի 25, 2022

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը 2021 թվականի  ամփոփագիրը կրկին կորուստների մասին է:  Իրավիճակով պայմանավորված  խմբագրումներ են կատարվել նաև ՊՈԱԿ-ի գործառույթներում: Տնօրեն Արմինե Հայրապետյանն է մանրամասնում:

«Մենք կորցրել ենք շուրջ 2000 պատմամշակութային հուշարձան, կորցրել ենք ակտիվ, զարգացող արգելոցները, որոնք ունեինք՝ Տիգրանակերտը, Տողի մելիքական ապարանքը, Տյաք պատմամշակութային արգելոցը, Հունոտի կիրճ և Ազոխի քարանձավը և այլն: Մեր աշխատանքի բնույթը փոխվել է: 2021-ին մենք զբաղվում էինք մշտադիտարկմամբ: Հետևում էինք, թե ինչ վիճակ է այդ վայրերում: Լուրերը գոհացուցիչ չեն»:

 2021-ը հուշարձանների, վանքերի ու եկեղեցիների խեղաթյուրման կամ ոչնչացման տասնյակ դեպքերով էր հարուստ: Արմինե Հայրապետյանն ասում է՝ ադրբեջանցիները չեն սահմանափակվել միայն մշակութային ցեղասպանությամբ:

«Վանդալիզմին  զուգահեռ կա նաև մեկ այլ մեծ խնդիր: Դա մեր մշակութային ժառանգության բռնայուրացումն է ադրբեջանցիների կողմից: Մեր պատմամշակութային ժառանգությունը նրանք ներկայացնում են որպես աղվանական: Եվ այնտեղ ուդիների հետ ուդիական քրիստոնեական ծեսեր են իրականացնում»:

 Բացի գործնական քայլերից, ադրբեջանական լոբբին տեղեկատվական պատերազմ է տանում տարբեր հարթակներում, ամենաակտիվը՝ սոցցանցերում: Հրապարակվում են լուսանկարներ, տեսանյութեր, այդ կերպ նաև հոգեբանական ճնշում գործադրելով հայերի վրա: Արմինե Հայրապետյանի խոսքով՝ 21-րդ դարում տեղեկատվական պատերազմի գործիքակազմին տիրապետելը անհրաժեշտություն է դարձել: Այդ հարցում օգնել են նաև տարբեր լրատվամիջոցներ եւ օնլայն հարթակներ: Այդ նպատակով ֆեյսբուքում գործում է Artsakh Monuments էջը: 

«Ի հակադրություն ադրբեջանական քարոզչության, փորձել ենք տարբեր օնլայն հարթակներում ներկայացնել մեր հուշարձանները, պատմական փաստարկներ ներկայացնել: Հուրախություն մեզ պետք է ասեմ, որ «Artsakh Monuments»  ֆեյսբուքյան էջը ակտիվ գործում է: Մեր հետևորդների թիվը 2021թ. սկզբին մոտ 3000 էր, հիմա արդեն ունենք շուրջ 7300 հետևորդ»: 

44-օրյա պատերազմից հետո աշխատանքի ծավալը կրկնապատկվել է, նկատում է Արմինե Հայրապետյանը: Պատմում է, որ 2021-ին այցելում էին Արցախի տարբեր շրջաններ, մշտադիտարկում իրականացնում: Դրա արդյունքում պարզվեց, որ մեր տարածքներում գտնվող վնասված հուշարձաներ ու եկեղեցիներ չունենք:

«Ընթացքում նաև կատարել ենք ուսումանսիրություններ: Ունենք շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, խաչքարեր, արձանագիր քարեր, տապանաքարեր, եկեղեցիների, մատուռների ավերակներ, և, իհարկե, հին գերեզմանոցներ: Ի դեպ, դրանք շատ հետաքրքիր պատմական ինֆորմացիա են պահում և հաղորդում մեզ»: 

 Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության  աշխատանքի անբաժանելի մասն են նաև հուշարձանների, եկեղեցիների ու այլ պատմամշակութային վայրերի մաքրման աշխատանքները: Եթե նախկինում պետբյուջեից ֆինանսական միջոցներ էին հայտկացվում դրանք կազմակերպելու համար, ապա 2021-ին մաքրման աշխատանքների համար միջոցներ չեն հատկացվել՝ ասում է Արմինե Հայրապետյանը:

«Բայց մի քանի հուշարձաններում, «Save Armenian Monuments» կազմակերպության հետ համագործակցությամբ, նաև նրանց ֆինանսական աջակցությամբ մենք մաքրման աշխատանքներ ենք իրականացրել Բուվուրխանի վանքի, Ճարտարի Սբ. Եղիշե վանքի, Դահրազի Սբ. Ասվածածին եկեղեցու և Վաղուհասի Մարիամ քաղաք վանական համալիրի շրջակայքում»: 

Արմինե Հայրապետյանը 2022-ի անելիքների մասին զգուշորեն է խոսում: Ասում է՝ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու մասին չեն մտածում,   բայց լավատեսությունն էլ չեն կորցնում: Այս տարվա ամենասպասված լուրի մասին է ավետում:

«Ամենահաճելի նորությունն այն է, որ տարեսկզբին մենք կունենանք Artsakh Monuments նույնանուն կայքէջը: Չեմ ուզում փակագծեր բացել, քանի որ կան ծրագրեր, որոնք հասունացման փուլում են: Մտածում ենք նաև նոր ցուցահանդեսի մասին և, իհարկե, շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները: Բավականին ոգևորված ենք նորահայտ հուշարձաններով: Ունենք չուսումանսիրված շատ վայրեր: Եղանակային պայմանները բարելավվելուն պես կանցնենք աշխատանքի»:

 Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը ակտիվ է նաև դպրոցներում բաց դասեր կազմակերպելու գործում: 2021-ին սահմանամերձ Աղավնոյի դպրոցի երեխաների համար անցկացրել են բաց դաս՝ հուշարձանների պահպանության թեռմայով:    2021-ին կազմակերպվել է նաև 2 ցուցահանդես՝ «Ադրբեջանը քաղաքակրթության թշանմի» և «Փրկված պատառիկներ. մենք վերադառնալու ենք» խորագրերով: 

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունվարի 2022 05:17
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ