Հայոց բանակի կազմավորման 30 ամյակի նվիրված միջոցառումների շարքը Ստեփանակերտի համար 3 հիմնական դպրոցում շարունակվեց. կայացավ <<Մենք կանգուն ենք մեր լեռների պես>> ասմունքի մրցույթի հանրապետական փուլը: Արցախի հանրակրթական դպրոցներից և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններից մրցույթին մասնակցում է 48 պատանի: ԿԳՄՍ նախարարության Արտադպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանն «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասում է, որ մրցույթն անցկացվում է 2 տարիքային խմբում՝ 9-ից 12 տարեկանների և 13-ից 16 տարեկանների համար:
«Երեխաները լավ են պատրաստվել, անգամ սպասվածից ավելին: Ներկայացնում են հիմնականում հայրենասիրական, ռազմահայրենասիրական, ինչպես հայ գրողների, այնպես էլ իրենց հեղինակային բանաստեղծություններ»:
Հանձնաժողովի կազմում է նաև Աննա Այվազյանը: Հիշում է՝ նախորդ տարիներին մրցույթն անցկացվում էր հաղթական ոգով, այսօր դրա պակասն է զգացվում: Չնայած այդ հանգամանքին, այնուամենայնիվ, երեխաների ոգևորվածությունն ու հաղթական ոգին տեղում է ու վարակիչ է նաև իրենց համար՝ ասում է:
«Տեսնու՞մ եք երեխաները ինչպես են ասմունքում, եթե նրանք չեն կոտրվում, մեծահասկաներն առավել ևս իրավունք չունեն ընկճվելու: Տեսեք, թե ինչ հավատով են լցված երեխաները, մենք նույնպես պետք է մեր ուժերին հավատանք, նաև հավատանք, որ նորից հետ է գալու ամեն ինչ»:
Ասյա Մարտիրոսյանը Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարագ դպրոցն է ներկայացնում: Համո Սահյանի «Օրերը մռայլ են» բանաստեղծությամբ է հանդես եկել:
«Օրերը մռայլ են, ահարկու, Անորոշ ու գորշ են օրերը: Լեռները բախվում են մեկմեկու, Տագնապով մտնում են ձորերը: Խեղդվում ենք մենության անձավում, Չենք քայլում, ուր մնաց թռնելը: Անցյալը թողել ենք անցյալում, Եվ փակ են գալիքի դռները»:
Մրցույթի հանրեպատեկան փուլում նաև Շուշիից մասնակիցներ կային: Հակառակ բոլոր դժվարություններին՝ մասնակցում են իրենց հարազատ դպրոցի անունն ու պատիվը բարձր պահելու համար: Մեր հաջորդ զրուցակիցը շուշեցի Մարիամ Հայրապետյանն է: Անկեղծանում է՝ նախկինում մեծ եռանդով էր մասնակցում նման միջոցառումներին, բայց պատերազմից հետո դժվարությամբ ընդունց մրցույթին մասնակցելու ուսուցչուհու առաջարկը:
«Սկզբից չէի ուզում մասնակցել: Պատերազմից հետո մի քիչ վախվորած էի: Իմ ուսուցչուհին ինձ ասաց, որ պետք է մասնակցեմ: Դժվար էր բանաստեղծության ընտրությունը: Ընտրել ենք 1915 թվականի Մեծ եղեռնին նվիրված բանաստեղծություն: Ես այն նվիրում եմ եղեռնի և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված մարդկանց»:
Նման միջոցառումները յուրօրինակ հայրենասիրական դաս են մատաղ սերդնի համար, բայց դրա հետ մեկտեղ նաև հարթակ ինքնաարտահայտվելու և սեփական ստեղծագործությունը ներկայացնելու համար: Եվա Գևորգյանը՝ Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցից, ներկայացել է հեղինակային բանաստեղծությամբ՝ «Ցավտ տանիմ իմ, Արցախ» վերնագրով:
«Ցավտ տանեմ իմ Արցախ, Վերքդ խորն է, աչքերդ թաց, Զավակներդ՝ արնաքամ ու խոշտանգված, տարածքդ սուրբ՝ ապականված, թալանված: Ի՞նչ եղավ հանկարծ Արցախ աշխարհիս, Թշնամին կրկին հարձակում գործեց, Առավոտ ծեգին՝ արկեր պայթեցին ու նորից հնչեց ձայնը տագնապի»:
«Մենք կանգուն ենք մեր լեռների պես» ասմունքի մրցույթի արդյունքներն ամփոփվեցին օրվա երկրորդ կեսին: 9-ից 12 տարեկանների տարիքայինխմբում առաջինից 3-րդ տեղերը զբաղեցրել են՝ Գոռ Հայրապետյանը, Արարատ Առաքելյանը և Մարիամ Հայրապետյանը, իսկ 13-ից 16 տարկեկանների խմբում մրցանակային տեղերը զբաղեցրել են՝ Սոֆի Հովսեփյանը, Նարեկ Բաբայանը և Բենիամին Հայրապետյանը։ Միջոցառման կազմակերպիչները նրանց, ինչպես նաև ակտիվության աչքի ընկած երեխաների համար խրախուսական նվերներ էին պատրաստել: