artsakhmonuments.com դոմենն արդեն հասանելի է բոլորի համար․ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության երկար սպասված պաշտոնական կայքէջն է։ Շնորհանդեսը կայացավ այսօր: ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն է ներկայացնում:
«Մենք մտածեցինք, որ պետք է հնարավորինս արագ կազմակերպել և ունենալ պաշտոնական կայքէջ, քանի որ Ֆեյսբուքում հնարավորությունները սահմանափակ են, և շատ նյութեր չի ստացվում արխիվացնել: Այս առումով կայքէջն ունի լայն հնարավորություններ»:
Կայքէջը 0-ից ստեղծել են արցախցի մասնագետները: Այն հասանելի է նաև 4 օտար լեզուներով։ Կայքում տեղ գտած բոլոր նյութերը արտաքին լսարանին կհրամցվեն տեղեկատվական պատերազմի սահմանած կանոններին համապատասխան: Արմինե Հայրապետյանն ասում է՝ 44-օրյա պատերազմը խմբագրումներ մտցրեց նաև ՊՈԱԿ-ի ծրագրերում: Ձեռքի տակ եղած գործիքակազմը լիարժեք են օգտագործում:
«Կայքը թարգմանվում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: Ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով թարգմանում ենք կարևոր նյութերը, որոնք ուզում ենք հասցնել մեծ թվով մարդկանց արտաքին լսարանից: Այդ հարցում մեզ օգնում են կամավորները, ինչի համար շնորհակալ եմ նաև իրենց»:
Կայքն ունի 7 հիմնական բաժին՝ գլխավոր էջ, հուշարձաններ, օկուպացված, Հյուսիսային Արցախ, տեսանյութեր և մունք: Յուրաքանչյուր բաժին իր մեջ ներառում է կարևոր տեղեկատվություն Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ: Արմինե Հայրապետյանի խոսքով՝ տեղ են հատկացրել նաև օկուպացված գյուղերին: Հիմնականում հանրայնացնելու են վիճակագրական ու ժողովրդագրական տվյալներ:
«Այսօրվա մեր պայքարի նպատակը միայն Հադրութը չէ, Քաշաթաղն ու Քարվաճառը չեն, միայն Շուշին չէ: Ունենք նաև Հյուսիսային Արցախ»:
Կայքէջը պաշտպանված է կիբերհարձակումներից՝ պատմում է զրուցակիցը։
«Մեզ օգնող մասնագետները խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի այդ խնդրից զերծ մնանք: Նաև հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին, ում անմիջական մասնակցությամբ ու օգնությամբ կարողացանք ունենալ այս կայքը»:
Կայքէջը հնարավորություն է տալու ծառայությանը տարբեր առաջարկներ ընդունել։ Հետադարձ կապ բաժնի օգնությամբ բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ։