Նոյեմբերի 21, 2024

Ռադիոն սեր է ռադիոեթերի ու ռադիունկնդիրների հանդեպ

By Մարգարիտա Ղուշունց Մայիսի 07, 2022

Մասնագիտական օրը ռադիոյականները կիսում են կապի և ռադիոտեխնիկայի ոլորտի մասնագետների հետ։ Առաջին շնորհավորանքները ռադիոյի կողմից ստացան հենց կապի ոլորտի աշխատակիցները։ Արցախի հանրային ռադիոյի եթերի անխափան հեռարձակումը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ապահովելու համար «Արցախկապ» ՓԲ ընկերությանը շնորհակալագիր ու նվերներ հանձնեցինք։

Ընկերության տնօրեն Արայիկ Ասլանյան․ 

«Շատ զգացված ենք, շնորհակալ, ուրախ ենք միշտ ձեզ տեսնելու, ձեզ հետ համագործակցելու»։ 

Վաղ առավոտից ռադիոյի օրը սկսվել է շնորհավորանքներով։ Բայց դրանք չեզրափակվեցին ջերմ հեռախոսազրույցներով։ Ռադիոյի թիմը շրջեց բոլորի հասցեներով․ շնորհավորանքները հղվեցին առերես։ Ռոմելա Պետրոսյանը 33 տարի աշխատել է հանրային ռադիոյում՝ որպես հնչյունային ռեժիսոր։ Տիկին Ռոմելան ինչպիսի խանդավառությամբ որ աշխատում էր, նույպես էլ պատմում է իր աշխատանքի մասին․ ինչպես է, օրինակ, մինչև համակարգիչների ու համացանցի մասայականացումը ձայնագրել շտապօգնության ազդականչը կամ ինչպես է քարով խփել աքլորին՝ նրա կանչը ձայնագրելու նպատակով։

«Աշխատանքի միշտ ոտքով  եմ  գնացել։ Աշխատել եմ և մեծահասակների  և երիտասարդների հետ, բոլորին ընդունել  եմ այնպիսին, ինչպիսին կան, գնահատել  և գնահատվել եմ»։

 Ասում է՝ այսքան տարիներ աշխատելուց հետո դժվարությամբ է հարմարվել առանց ռադիոյի կյանքին։ Խորհուրդներ է տալիս երիտասարդ ռադիոյականներին։ 

«Չեմ դադարել ռադիո լսել, հետևում եմ բոլորին ու տեսնում եմ՝ ինչ եռանդով ու սիրով եք աշխատում։ Ցանկանում եմ, որ միշտ սիրեք աշխատանքը, միայն այդ դեպքում կհասնեք հաջողությունների։ Աշխատանքին նվիրվել է պետք»։

 Ռուդոլֆ Մարտիրոսյանի ձայնը շատերդ գիտեք․ մեր զինվորական շքերթների խրոխտ ձայնն է։ Իր ամբողջ կենսագրությունը մեր զրուցակիցը կապում է ռադիոյի հետ։ Պատմում է՝ թե ռադիոն ինչ դերակատարություն է ունեցել խորհրդային երկրի համար։

 «Երբ ադրբեջանական  գաղափարախոսությունը ուղղված էր  վերացնելու հայկական շունչը,  հանրային ռադիոն  ազգապահպան մեծ  խնդիր լուծեց՝ պատրաստելով հաղորդումներ մեր եկեղեցիների մասին, հնչեցնելով  հայկական երգ երաժշտություն»։

 Մեր զրուցակիցը վստահ է՝ հենց միանում է ռադիոյի ուղեղ եթերի կարմիր լույսը, հաղորդավարը իր կերպարի մեջ է մտնում․ մոռանում այն, ինչ եղել է եթերից առաջ, ու իր ձայնով փորձում փոխանցել լրահոսի կարևոր շեշտադրումները։ Հիշում է՝ երբեմն ուղիղ եթերի շնորհիվ հաջողվել է նույնիսկ կյանքեր փրկել։

 «Ռադիոն միշտ օպերատիվ է եղել։ Դեռևս  Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռադիոն կյանքեր  փրկեց։ Օրինակ հայտարարելով, որ պետք է առաջին կարգի արյուն մարդիկ միանգամից արձագանքեցին և փրկեցին վիրավորին»։

 Զինվորական շքերթների ժամանակ Ռուդոլֆ Մարտիրոսյանի անփոխարինելի զուգընկերը Սեդա Վանյանն էր։ Ռադիոյի աշխատողները միշտ պատմում էին, որ ուղիղ եթերներից առաջ պարտադիր թարմացնում էր վառ կարմիր շրթներկը, ու կապ չուներ, որ ռադիոունկնդիրը միայն ձայնն է լսում։ Այսօր էլ, երբ այցելեցինք նրան, նույն շրթներկով էր։ Ծաղկեփունջն էլ ստացել է սիրած գույնին համապատասխան ու ժպտացել, որ մտապահել ենք այն։ Միշտ բարի ու ժպտերես Սեդա Վանյանն օրվա առիթով նաև բարեմաղթանքներն է հղել։

 «Շնորհավորում եմ իմ հին ու նոր ռադիոընկերներին՝ Ռադիոյի տոնի առթիվ, անխափան եթեր եմ մաղթում։ Ուժ ու համբերություն։ Լավագույն օրերը դեռ առջևում են»։ 

 Եթե մարդ գեթ մեկ անգամ առնչվել է ռադիոյի աշխարհին՝ անհնար է, որ չզգա ռադիոյի բացը։ Ռադիոյի աշխատողների մեջ չկան նախկին ու ներկա, կա անվերջ նվիրում։ Ռադիոն սեր է ռադիոեթերի ու ռադիունկնդիրների հանդեպ։

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 09 Մայիսի 2022 10:37
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ