Այսօր Մայիսի 9-ն է՝ մեր հաղթանակների ու ձեռքբերումների արժևորման օրը, Հայրենական և Արցախյան պատերազմներում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Հայոց բանակի կազմավորման օրը՝ մեր Եռատոնը։ Այն մեկն է անցած 30 մայիսիններից, որ տոնում էինք շուքով, բայց եզակի է զգացողությունների առումով։ Այսօր տխուր Եռատոն է, և հուշահամալիր թերևս այցելել էինք ավելի շատ մեր նահատակներից ներողություն խնդրելու, քան իրար շնորհավորելու համար։ Բարձրագոչ ելույթներ չկային․ ասելիքն ասվեց լուռ` իրար աչքերի մեջ նայելով ու հայացք փախցնելով։ Բայց Եռատոնը կար։ Այն ոչ մի տեղ չէր կորել։ Ուղղակի hաղթանակներին տեր կանգնել է պետք։ Իսկ մինչ այդ՝ մենք մեզ պիտի հաղթենք։ Առավոտյան hուշահամալիր էր այցելել Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Գործադիրի ու օրենսդիրի ներկայացուցիչները, բարձրաստիճան զինվորականները, հարգանքի տուրք են մատուցել նրանց հիշատակին, որոնք կյանքի գնով կրել են այդ հաղթանակը։ Եռատոնի խորհուրդը վերջին պատերազմում կրած պարտությամբ չի նսեմանում։ Ընդհակառակը, պարտությունը մեծ դաս էր նաև, որը հաշվի չառնել կնշանակի արժանի լինել այն կարգավիճակին, որում հայտնվել ենք։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն է պատասխանել լրագրողների հարցերին։ «Հաղթանակները վաղեմության ժամկետ չեն ունենում,-ասում է նա,- բայց այդ հաղթանակները նաև պահպանել է պետք»։
«Մայիսի 9-ը մեր ամենանվիրական տոներից է։ Քանի որ այն խորհրդանշում է մեծագույն հաղթանակներ, մեծագույն դժվարությունների ու կորուստների գնով ձեռքբերված հաղթանակներ։ Եվ ֆաշիզմի դեմ հաղթանակը, և Շուշիի հաղթանակը և ՊԲ ստեղծումը։ Սա մի տոն է, որն իսկապես տարբեր ժամանակահատվածներ մեկը մյուսի հետ կապում է՝ դարձնելով մեկ միասնականություն։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր հաղթանակները։ Նրանք չունեն վաղեմության ժամկետ։ Դարակազմիկ հաղթանակները մեծ սխրանք են պահանջում։ Բայց հաղթանակները պահպանել է պետք նաև։ Իսկ սա ավելի բարդ և երկարատև գործընթաց է։ Ծանր կորուստներից հետո մենք դեռ հաղթանակներ կտոնենք»։
Մայիսի 9-ի խորհուրդը 44-օրյա պատերազմից հետո չի փոխվել․ և թող որ այսօր մենք լիաթոք չենք ուրախանում և հանդիսավորությամբ չենք նշում Եռատոնը։ Անհաջողությունները ժամանակավոր են, իսկ հաղթանակները եղել են մեր կյանքում և շարունակում են մեր կենսագրության ու մեր պատմության անբաժանելի և լուսավոր մասը մնալ։ Արամ Հարությունյան․
«Միանշանակ հաղթանակները ժամկետներ չունեն։ Այսօր լիաթոք չենք կարողանում նշել մեր տոնը, բայց ժամանակավոր անհաջողությունները ամեն դեպքում չպետք է մեզ տոնի խորհրդից զրկեն։ Մենք իրավունք չունենք մոռանալու նաև 1945 թվականի հաղթանակները, որոնք, հնարավոր է, նաև հիմք են դարձել ապագա հաղթանակների համար։ Այս օրը տոն է եղել և պետք է մնա այդպիսին։ Այս պահի ունեցած անհաջողության հետևանքով չպետք է մոռանանք մեր հաղթանակների մասին։ Այո, այսօր դժվար է Շուշիի հաղթանակը վերապրել, բայց մենք չպետք է մոռանանք նրանց , ովքեր կերտել են այդ հաղթանակները»։
Բնականաբար, հիմա չենք կարող նշել Եռատոնն այնպես, ինչպես նշում էինք մինչև 2020 թվականի պատերազմը։ Բայց չարժևորել ձեռքբերումները, չգնահատել այն տղաներին, ում շնորհիվ, հաճախ նաև կյանքի գնով, կերտվել է մայիսյան հաղթանակը՝ իրավունք չունենք։ Աֆղանստանի և Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի սպա Վահրամ Ղահրամանյանի տեսակետն է։
«Մայիսի 9-ը համայն հայության փառքի տոնն է։ Այսօր նաև խոնարհումի օր է։ Եվ դրա համար մենք այստեղ ենք։ Եվ դրա համար մենք կարողանում ենք մեր այս սրբացած, պատառիկ դարձած Արցախում հարգել մեր զոհված տղաների հիշատակը։ Մենք պարտավոր ենք դասեր քաղել պատմությունից։ Պարտության հետ չի կարելի հաշտվել․ մենք պետք է հզորանանք, դաստիարակենք հաղթողի հոգեբանությամբ սերունդ»։
Հաղթանակները մնայուն արժեքներ են․ դրանք ժողովուրդն ու բանակն են կերտում։ Պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակներն ու պարտությունները հաջորդում են իրար, և անհաջողությանը մի օր փոխարինելու կգա հաջողությունը։ Հաջողությունից չպետք է գլխապտույտ ունենալ, իսկ անհաջողությունից՝ ընկճվել։ Այսպես է կարծում պահեստազորի սպա, ազատամարտիկ Գրիգորի Սահակյանը։
«Պարտվել ենք, բայց պետք է գիտակցենք, որ մենք դեռ անելիքներ ունենք։ Պարտք ունենք մեր ընկերների հանդեպ։ Գալիս ենք մեր ընկերներին այստեղ այցի, նաև նրանց խոստանալու, որ իրենց արածը պիտի արժևորենք, կիսատ չթողնենք։ Նեղ օրին լայն օր էլ կլինի։ Մենք կհաղթահարենք այս դժվարությունները։ Մեր ասելիքը դեռ կասենք»։
Շուշիի ռազմագործողության ուղղություններից մեկի հրամանատար, ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն էլ էր հուշահամալիրում։ Կուսակիցների հետ եկել էր հարգանքի տուրք մատուցելու։ Լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանը ոչ միայն Եռատոնի խորհրդի մասին խոսեց, այլև ստեղծված իրավիճակի, դրանից ելքի իր տեսլականի մասին։
«Պետք է կարողանանք մեր ապագան ճիշտ վերլուծենք։ Հասկանանք, թե ինչ ենք անելու, դեպի ուր ենք գնում։ Ես վստահ եմ՝ մենք կարողանալու ենք մեր խնդիրները լուծել։ Ուղղակի պետք է մի քիչ համախմբվածություն լինի հասարակության մեջ։ Չփորձենք ցավալի տեղերին խփել։ Ցանկացած վատի մեջ լավը պիտի տեսնենք։ Ու հետևողական լինել քայլերի մեջ։ Մեր քաղաքական իշխանություններին, և ՀՀ-ում, և Արցախում գրավոր ներկայացրել եմ բոլոր այն քայլերը, որ պիտի կատարվեն, խնդիրն այն է՝ ինչքանով կկատարեն։ Եվ այն ճանապարհները, որ ցույց ենք տալիս, ոչ թե զուտ կարծիք է, այլ միակ ճանապարհը՝ խնդիրները լուծելու։ Համախմբվածությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է»։
Ելք այսօր էլ կա՝ ասում է Սամվել Բաբայանը։ Այդ համոզմանն էին հուշահամալիրի, երևի, բոլոր այցելուները։ Նաև համակարծիք այն հարցում, որ ապագա հաղթանակների բանալին համազգային միաբանությունն է։