Հըցըցեք քարան հացն քամում, սուփրան քըցած պահում՝ տրան հտե էլ որոշալն ուրանց շենումը հացի փառատոն կազմակերպին:
Մարտունու շրջանի Հացի համայնքը դեռ վաղնջական ժամանակներից հայտնի է իր հյուրասիրությամբ ու հացի առատությամբ: Որ տունն էլ մտնես՝ առաջինը սեղան կգցեն, հետո որպիսությունդ հարցնեն: Սա է հարցի պատասխանը, թե ինչու հացի փառատոնը կազմակերպվեց հենց Հացիում։ Հյուրերին դիմավորեց Արցախի այան, հետո համբերատար նկարվեց բոլոր ցանկացողների հետ, որոնք արդեն հերթ էին կազմել։ Մարտունու շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի ղեկավար Անի Խաչատրյանի խոսքով՝ միջոցառման նպատակը միջհամայնքային կապերի ամրապնդումն է, մշակութային կյանքի աշխուժացումը: շ
«Նաև այն, որ Արցախն ապրում է, կա ու կլինի՝ իր ավանդույթներով, ծեսերով: Միջոցառման խորագիրն է՝ «Էլի ցորենն է աշխարհի հիմքը»: Այն աշխարհ պահող, կերակրող ցորենի մասին է»:
Դե էլ ինչ հացի փառատոն՝ առանց տաք-տաք թոնրի հացի: Կանայք խմբերի բաժանվեցին. մեկը ալյուրն է մաղում, երկրորդը խմորն է հունցում, մյուսներն էլ գնդերը շարում ու փախանցում են հացթուխին: Սեղանները պատրաստ են, թոնրի հացն էլ՝ առատ: Սեղաններին դրված էր այն ամենը, ինչ կարելի է պատրաստել ցորենից:
«Մունք ներկայացնում ընք Մուշկապատ համայնքը: Ես թեկուզ ջահել եմ, բայց այս ավանդական ճաշատեսակները միշտ պատրաստում եմ: Պատրաստել եմ փոխինձ, խաշիլ, ածեգ, շփոթ»:
Երգ, պար, արտասանություն, խաղիկներ: Մասնակիցների համար օրը վերածվեց մեծ տոնախմբության:
« Տպավորություններս անհավանական դրական են: Մի պահ հետ հայացք նետելով՝ մտածեցի, որ այսպիսի միջոցառումներ, իհարկե, պետք է լինեն: Մեր ժողովուրդը, մեր երեխաները պետք է ուրախանան»:
Պատերազմից հետո նման միջոցառումներն ավելի են կարևորվել: Դրանք մի փոքր աշխուժացնում են մարդկանց օրը, կտրում նրանց առօրյա հոգսերից՝ ասում է համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը:
«Միջոցառման վայրը պատահական չէ ընտրված, քանի որ մեր գյուղի անունը կապվում է հենց հացի հետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս միջոցառման կազմակերպման գործում: Պարավ ըք եկալ մեր օջախ»:
Հացին նախկինում էլ փառատոններ է ընդունել։ Բայց պատերազմից հետո այն ավելի սպասված էր։