Նոյեմբերի 23, 2024

Գանձասարի վանական համալիրում զինվորների մկրտության կարգ է կատարվել

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 22, 2022

Եկեղեցու բակում հավաքված զինվորների տրամադրությունը բարձր էր: Նրանցից շատերի ծնողները նույնպես եկել էին մասնակցելու որդիների կյանքի այս կարևոր իրադարձությանը։   Իսկ իրադարձությունն իսկապես կարևոր էր․ մարտական ընկերներն այսուհետ քավոր-սանիկ պիտի լինեն։ Նրանց՝ պատերազմի փորձությունն անցած ընկերությունը նաև Սուրբ մկտրտության խորհրդով է ամրանում։   Երբ խորանի առաջ կանգնած են պատերազմ անցած տղաները, Մկրտությունն էլ յուրահատուկ խորհուրդ է ստանում՝ ասում են զինվորները:

 «Փոքր ժամանակ եմ կնքվել, հիմա էլ եկել եմ ընկերոջս քավոր կանգնեմ, այն մեր կապն ավելի ամուր է դարձնելու: Զինվորականի համար մկրտությունը շատ կարևոր է»:  «Ես  շատ էի ուզում մկրտվել և հենց ծառայության ընթացքում: Մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ մկրտվելը մեզ համար շատ ավելի կարևոր է դառնում»:

  Զինվորների՝ հենց Գանձասարում մկրտվելու ցանկությունը նախաձեռնության հեղինակները մեծ ոգևորությամբ են ընդունել: Սոֆյա Հովսեփյանը Արցախի Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրենն է, միջոցառման կազմակերպիչներից մեկը: Այս Մկրտությունը զինվորներին ավելի ուժեղ կապով է կապելու հայրենիքի հետ՝ ասում է: 

«Արցախում մկրտել ցանկացողները նաև մեկ կարևոր ուխտ են արել. հավերժ կապվել Արցախ հետ: Ավելի քան կարևոր է, որ զնիվորների մարտական ընկերներն են կնքահայրերը»:

 Հավատ, հույս, սեր և մկրտություն. սրանք  քրիստոնեության  սյուներն են, որոնց ակնկալիքով էլ երտասարդ տղաները եկել են Աստծո տուն: Մկրտությունը մարդու հոգևոր ծնունդն է, քրիստոնյայի կյանքում  ամենակարևոր քայլը՝  ասում է Պաշտպանության բանակի ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանը: Մկրտության շնորհիվ է մարդը դառում քրիստոնեության  լիարժեք կրողը: 

«Մեր զինծառայողները գնդերեցների ջանքերի շնորհիվ նախապես ծանոթացել են Մկրտության կարգին, նշանակությանը, թե ինչի համար է այն պետք: Այս ամենին ծանոթանալուց հետո զինվորները մկրտվելու ցանկություն են հայտնել»: 

 «Ընտանիք» կենտրոնը մկրտվողներին «Նոր կտակարան»  նվիրեց, որը  բնագրից՝ եբրաերենից թարգմանել են կենտրոնի   ուսանողները:   Այսուհետ նրանք միմյանց հետ  կապված են ոչ միայն  զինվորական հուշերով ու պատերազմով կոփված ընկերությամբ, այլև  Մկրտության խորհրդով, Սուրբ մեռոնով, սպիտակ-կարմիր նարոտով ու խաչով:  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ