«Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» վերնագրով գիրքը նոր զենք է՝ տեղեկատվական-քարոզչական պատերազմում։ Այն ներկայացված է փաստերի և խորհուրդների տրամաբանությամբ։ «Իր տեսակով դեռ միակն է»-,ասում է գրքի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը,- նախարարության աշխատակազմը փոքրիկ հանրագիտարանի վրա աշխատել է շուրջ մեկ տարի։ Այն բաղկացած է երեք հիմնական մասից։
«Գիրքը բաղակացած է երեք հիմնական մասից։ Առաջինում ներկայացված են անհրաժեշտ պատմական հասկացություններ, երկրորդում՝ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության իրավական, քաղաքական և մարդասիրական հարթությունները, երրորդում՝ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հասկացությունները»։
Գրքում արծարծված են կարևոր թեմաներ՝ պատմական նկարներով ու քարտեզներով։ Այն նախատեսված է օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, բուհերի և ԶԼՄ-ների համար։
«Կարող է վաղը տարբեր թևերի ներկայացուցիչներ մեկնեն արտերկիր ինչ-որ միջոցառման մասնակցելու համար, սա փաստորեն մի փոքրիկ ուղեցույց է, որին ծանոթանալով կարելի է և դիմել, և խոսել արցախյան հիմնախնդրի արտաքին քաղաքականության մասին, տարածաշրջանային գործընթացների մասին»։
Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կարևորելով ու արժևորելով աշխատությունը՝ համոզմունք է հայտնել, որ այն կարող է օգտակար լինել նաև երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ: Պետնախարար Արտակ Բեգլարյանը նույնպես ողջունեց նախաձեռնությունը, կարևորելով այն որպես ուղեցույց, որն անհրաժեշտ է ոչ միայն սկսնակների, այլև՝ գործող պետական, քաղաքական գործիչների համար:
«Կարևոր է տեղյակ լինել նախապատմությանը, բոլոր առանձնահատկություններին, փաստերին ու փաստաթղթերին, պետական դիրքորոշումներին, որպեսզի կարողանանք համակարգված գործողություններ կատարել և դիրքորոշումներ հայտնել, ինչպես նաև ամբողջության մեջ նույն լեզվով խոսել և նույն եզրույթաբանությունն օգտագործել»։
Նմանօրինակ աշխատությունները չպետք է մնան միայն մեր սեղանին, պետք է մշակենք մեխանիզմներ,օգտագործենք բոլոր հնարավոր լծակներն ու գործիքները՝ այն մեր սահմաններից դուրս տարածելու համար՝ ասում է Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը․ ինֆորմացիոն-քարոզչական դաշտում թիմային աշխատանքի անհրաժեշտություն կա: Դավիթ Բաբայանի խոսքով, գիրքն ավելի լայն շրջանակներում տարածելու համար նախատեսում են նաև էլեկտրոնային տարբերակի հրապարակումը։ Շուտով լույս կտեսնի գրքի ռուսերեն տարբերակը, նախատեսվում է այն հրատարակել նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներով։ Միջոցառման ընթացքում նախարար Բաբայանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, լսել առաջարկներն ու խոստացել՝ հաշվի առնել բոլորի տեսակետները։ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գիրքը տպագրվել է բարերաների աջակցությամբ, այն վաճառքի ենթակա չէ։