Ասպրամն ու Անին Արցախի պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժնի ուսանողներ են․ նախաձեռնող, խոստումնալից երիտասարդներ, ովքեր իրենց ապագան լրագրության հետ են կապել։ Զուգահեռաբար աշխատում են նաև Արցախի հանրային ռադիոյում, որպես «Արցախ» լրատվականի լրագրող մեկնաբաններ։ Կարևոր են համարում փորձն ու ոչ ֆորմալ կրթությունը ակադեմիական կրթության հետ համադրելը, և չնայած այնքան էլ հեշտ չէր աշխատելուն ու սովորելուն զուգահեռ ուսուցողական դասընթացի ներգրավվելը՝ որոշեցին փորձել։ Առաջին կուրսում էին․ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը հայտնեց ծրագրի մասին՝ «Մեդիագրագիտություն և առցանց մեդիագործիքներ» ծրագիրն էր, - պատմում է Անին, - հանդիպեցինք ծրագրի ղեկավար Անահիտ Դանիելյանի հետ, լրագրության ֆակուլտետի գրեթե բոլոր ուսանողներն առաջին դասընթացին ներկա էին։
«Անահիտը եկավ, շատ կարճ խոսեց, ասաց, որ լավ մասնագետների հետ ենք աշխատելու, լավ ծրագիր է, լավ կլինի, որ բոլորդ մասնակցեք։ Մեր դասընթացի առաջին օրը լրագրության ֆակուլտետի գրեթե բոլոր ուսանողները ներկա էին։ Հետո քչացանք»։
Մինչ այդ ծրագիրն արդեն կար Ստեփանակերտում․ աղջիկները 2 խմբում էին։ Ասպրամը պատմում է, թե ինչպես իրենց հանգստյան օրերը զոհեցին ծրագրին, Անին լրացնում է, թե ինչու չեն զղջում դրա համար։
«Շատերս վատ էինք տանում այն փաստը, որ դասընթացները պիտի լինեն կիրակի օրերը, մեր հանգստյան օրերն էին։ Հետո արդեն հարմարվեցինք, ես էլ սկսեցի սպասել։ Պարապմունքների առաջին օրից սկսած, երբ իմացանք շաբաթ-կիրակի օրերին է լինելու, թարս սկսեցի նայել Անահիտի հաղորդագրություններին, երբ ուղարկում էր․ հիմա թարս եմ նայում ազատ շաբաթ-կիրակիներին»։
Երեկ Ստեփանակերտում ամփոփվեց ծրագիրը, դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր, ծրագրի մասնակիցներն ու օժանդակողները՝ շնորհակալագրեր։ Ներկա չէր Անահիտը՝ իրեն այդ կարևոր ծրագրին նվիրաբերած լրագրողն ու ղեկավարը։ Անցյալ տարի, երբ Երևանից Արցախ էր գալիս իր ուսանողների հետ հերթական հանդիպմանը, Անահիտը ավտոտրանսպորտային պատահարի զոհ դարձավ․ ըներները շարունակեցին նրա գործը․ ծրագիրը շարունակվեց։ Երեկ Ստեփանակերտում կայացած միջոցառումը նաև հարգանքի տուրք էր նրա հիշատակին։ Ներկաների խոսքը հուզառատ էր, զգացմունքային։ Մարիամ Սարգսյանն Անահիտի առաջին աշակերտներից է․
«Այստեղ բոլորս Անահիտի ընկերներն ենք: Այս ծրագիրը միջազգաին ծրագիր լինելուց առաջ Անահիտի գաղափարն էր, միտքը, որ ծնվեց 10 տարի առաջ։ Նա մեզ համար ոչ միայն խմբագիր էր, այլև ընկեր, իսկ ինձ համար հետագայում նաև ավագ քույր ու ընտանիքի անդամ։ Լրագրության ուժը ես Անահիտի հետ եմ զգացել: Հիշում եք, Karabakh-open-ը ընդդիմադիր էր համարվում օբյեկտիվության համար, և ես ուրախ եմ, որ այդ դպրոցն եմ անցել»։
Մեդիագրագիտությունն ու ժամանակակից մեդիագործիքներին տիրապետելու հմտությունները կարևոր են հատակապես հիմա, երբ երկիրը հիբրիդային պատերազմի մեջ է, և տեղեկատվական պատերազմում հաջողությունը հաճախ ավելի կարևոր խնդիրներ է լուծում, քան մարտադաշտը։ Այս գիտակցումն է, թերևս, որ ծրագիրը համակիրներ է գտել և պետական և հասարակական հատվածում։ «Մեդիագրագիտություն Ստեփանակերտ» հարթակի ձևավորման մեջ մեծ ներդրում ունի Արցախի պետհամալսարանի ղեկավարությունը, որը միշտ պատրաստակամ է եղել աջակցել ցանկացած հարցով, և մեդիաշրջանակներում արդեն հայտնի գործիչները։ Պետնախարար Արտակ Բեգլարյանն է օժանդակել է ծրագրի մեկնարկին․
«Երբ տարիներ առաջ մենք քննարկում էինք այդ ծրագիրը, ու ես որոշ չափով աջակցեցի մեկնարկին, ես մոռացա այս ծրագրի մասին, Անահիտի շնորհիվ․ նա ինքնուրույն լուծում էր բոլոր հարցերը»։
«Բաց հասարակություն» ՀԿ նախագահ Նաիրա Հայրումյանը ծրագրի կարևոր ասպեկտները ներկայցրեց․ այն բարդ ժամանակշրջանում իրականացվեց՝ 44-օրյա պատերազմ, Փառուխի դեպքեր, Արցախում, Հայաստանում ու տարածաշրջանում լուրջ քաղաքական գործընթացներ։ Հենց այդ ամենը հաշվի առնելով ծրագիրը շարունակվեց նաև Անահիտի հեռանալուց հետո։
«Նպատակն այն էր, որ Արցախի լրագրողները բացի ակադեմիական կրթությունից, նաև ոչ ֆորմալ կրթություն ստանան, տիրապետեն մեդիագործիքներին․ ժամանակակից աշխարհը զարգանում է, և մենք որոշակիորեն հետ ենք մնում տեղեկատվական պատերազմում»։
Քառամյա ծրագրին այս ընթացքում 30 հոգի է մասնակցել, նրանցից գուցե բոլորը չէ, որ աշխատում են լրագրության ոլորտում․ կան մարդիկ, որ այդ հմտությունները կօգտագործեն ասենք, սեփական բիզնեսն առաջ մղելու նպատակով։ 6 մասնակից արդեն իսկ աշխատում է մեդիադաշտում։ Լրագրող և մեդիափորձագետ Արմեն Սարգսյանը ծրագրի կազմակերպիչներից է․ Մեդիա Ստեփանակերտը տվել է իր արդյունքերը՝ ասում է։
«Հատկապես պատերազմից հետո, երբ ոչ մի բան անելու հավես չկար, ուսանողները և Արցախի պետհամալսարանը ուժ գտան այդ բարդ ժամանակաշրջանում շարունակել ծրագիրը»։
Այսօր արդեն, երբ ծրագիրն ավարտված է․ երիտասարդներն իրար հետ քննարկում են ձեռքբերումները։ Դրանք միայն մեդիա ոլորտում չեն․ մասնագիտական կապեր, մարդկային հարաբերություններ, ընկերություն․ հիմա ծրագրի մասնակիցները մի մեծ ընտանիք են, և միշտ հիշելու են նրան՝ Անահիտ Դանիելյանին, ով միավորել է իրենց, բայց ճակատագրի դառը հեգնանքով այդ կարևոր օրն իրենց հետ չէր։