1991թ., երբ սկսեցին կազմավորվել Արցախի կանոնավոր բանակի առաջին զորամասերը, Բեկորին առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը։ Նա շատ վաղուց էր հանգել այն մտքին, որ անհրաժեշտ է ստեղծել մշտական կանոնավոր բանակ։ Մարտական ընկերները հիշում են՝ Աշոտ Ղուլյանը օժտված անձնավորություն էր՝ բնածին զինվորական, առաջամարտիկ, խիզախ ու հնարամիտ: Յաշա Խաչիյանը Բեկորի հետ ծանոթացել է Հադրութում, երբ տեղափոխվել է առաջին վաշտ։ Այդ ժամանակ վիրավորել էր հրամանատարը։ Նրա լավագույն հատկանիշներից ազվությունն է առանձնացնում։
«Նա շատ ազնիվ ու մաքուր տղա էր։ Պատրերազմի ժամանակ էլ միշտ առջևից էր գնում։ Իր յուրաքանչյուր հրամանը միշտ մտածված էր։ Երբ ինչ որ գյուղ էինք գրավում, նա երբեք չէր մասնակցում թալանին։ Ասում էր՝ ինձ ոչինչ պետք չի»։
Ղուլյանը մասնակցել է արցախյան ազատամարտի գրեթե բոլոր առանցքային մարտերին։ Բայց նրա հրամանատարական տաղանդը փայլեց հատկապես 1992թ. Շուշիի ռազմագործողության իրականացման ժամանակ. առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում հայկական բերդաքաղաքը։ Մայիսի 8-ի առավոտյան 6։30-ին Աշոտը հեռակապով կապվում է Կոմանդոսի հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ասել է Բեկորը։ Չափից դուրս պարտաճանաչ էր նաև՝ թե առօրյայում, թե մարտական գործողությունների ժամանակ՝ ասում է Յաշա Խաչիյանը։
«Յուրաքանչյուր մարտից հետո վերլուծում էինք գործողությունները։ Ասում էր, եթե ինչ-որ ժամ ենք նշանակում, այդ ժամին պետք է տեղում լինեք։ Եթե շուտ դուրս գանք, կարող ենք ռմբակոծության տակ ընկնել, եթե ուշ՝ մեր ընկերներին վնասել»։
Հերոսի հուշաքարին ծաղիկներ են խորնարհել նաև նրա անունը կրող դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Ուսուցչուհի Ռուզաննա Բեգլարյանի խոսքով՝ այս տարի կազմակերպվել է նաև արծվիկների երդման հանդիսավոր արաողությունը։
«Քանի որ դպրոցը կրում է հերոսի անունը, մենք մեր պարտքն ենք համարում ամեն տարի գալ և հարգանքի տուրք մատուցել մեր հերոսի հիշատակին։ Փորձում ենք մեր աշակերտներին դաստիարակել Բեկորի ոգով և հայրենասիրությամբ»։
Ասում են՝ 10 հազարից ավել մարդ էր մասնկցում Բեկորի թաղմանը։ Պատերազմի ամենաթեժ ու ծանր օրերին զոհվեց հետմահու «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Բեկորը՝ ում օրինակով հետագայում պետք է սերունդներ կրթվեին։ Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։