Այսօր Մայր բուհի նորակառույց գլխավոր մասնաշենքում էինք, Արցախի պետական համալսարանի ընդարձակ, լուսավոր լսարաններն ու ամբիոնները ապագայի հանդեպ հավատի նոր շունչ են տալիս: Ռեկտոր Արմեն Սարգյանի հետ շրջում ենք բուհի գլխավոր մասնաշենքով: Վերանորոգումն ավարտվել էր դեռևս 2021-ի նոյեմբերի 1-ին, մնում էր լուծել համապատասխան գույքի և տեխնիկայի հարցը՝ ասում է Արմեն Սարգսյանը։ Խնդիրը լուծվեց կառավարության, ԿԳՄՍ նախարարության և համալսարանի ջանքերի շնորհիվ: Նոր մասնաշենքում սեպտեմբերի 1-ից դասերը կսկսեն բանասիրական ֆակուլտետը՝ առաջին հերթով և տնտեսագիտության ֆակուլտետը՝ երկրորդ հերթով:
«Ինչու՞, որովհետև առայժմ հնարավորություն ենք ունեցել կահավորել նոր մասնաշենքի շուրջ 30 լսարան: Կահավորված են համապատասխան ֆակուլտետների դեկանատները, ամբիոնները, կաբինետները և լսարանները»:
Համալսարանի ուսումնական երրորդ մասնաշենքն արդեն հանձնվել է կառավարությանը, դա է պատճառը,որ այնտեղ տեղակայված մանկավարժության և սպորտի, պատմության և իրավագիտության ֆակուլտետները տեղակայվել են երկրորդ մասնաշենքում: Արդյունքում ուսումնական պարապմունքներն անցկացվելու են երկու մասնաշենքերում: Հոկտեմբերի մեկից նախատեսվում է գլխավոր մասնաշենքում տեղակայել նաև բնագիտական ֆակուլտետը: Առաջիկա 15 օրվա ընթացքում նախատեսվում է կահավորել ևս 15 լսարան՝ ասում է Արմեն Սարգսյանը:
«Նախկինում համալսարանի ձախ թևի վրա լսարաններ չեն եղել, այսօր այն ավելացել է շուրջ 50 տոկոսով: Այս ուսումնականում վերջնական շենքում կտեղակայվեն բանասիրության,տնտեսագիտության,բնագիտության ֆակուլտետները,հաջորդ ուսումնական տարվանից մյուս երկու ֆակուլտետները»:
Վարչական ստորաբաժանումներում տեղափոխություններ չեն եղել, բոլորը տեղակայված են համալսարանի վարչական շենքում: Տեղափոխությունները կլինեն հունվարից հետո միայն։ Արմեն Սարգսյանը հպարտությամբ է նշում՝ շենքը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:
«Տարածաշրջանի բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շարքում ամենահարմար, ամենակահավորված շենքն է: Այն ունի նաև կիսանկուղային հարկ, որի տարածքում են տեղակայված տարբեր սպորտաձևերի համար նախատեսված մարզադահլիճները»:
Մասնաշենքը նաև ունի մեծ գրադարան, որը սպասարկելու է ոչ միայն համալսարանականներին, այլև Ստեփանակերտ քաղաքին: Շուրջ 600 քառակուսի մետր տարածքում ընթերցասերները կարող են գտնել իրենց անհրաժեշտ գրքերը, նստել ընթերցասրահներում կամ օգտվել էլեկտրոնային գրադարանից, նաև կազմակերպել քննարկումներ՝ գրադարանի տարածքում տեղակայված հատուկ սենյակներում: Այն պահին, երբ մենք մտանք գրադարան, աշխատողներն ու կամավոր ուսանողները խմբավորում, դասավորում էին գրքերը: Նիստերի 300 և 100 տեղանոց մեծ դահլիճները կահավորելու հնարավորություն դեռևս չեն ունենա՝ նշում է Արմեն Սարգսյանը: Կաշխատեն խնդիրը հնարավորինս շուտ լուծել, քանի որ նախատեսվում են մշակութային միջոցառումները հենց այդ դահլիճներում անցկացնել: «Շենքում ենք տեղակայելու նաև նոր բացվող լեզուների ուսուցման կենտրոնը։ Այն աշխատողներին և ուսանողներին հնարավորություն է տալու ուսումնասիրել անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներ»: Բուհը նաև մասնագետների խնդիր ունի։ Լիովին բավարաված է միայն բանասիրական ֆակուլտետը։ Խնդիրը հատկապես սուր է նեղ մասնագիտությունների գծով՝ ասում է ռեկտորը։ Այս խնդիրն առկա է նույնիսկ աշխարհի առաջադեմ բուհերում, բացը լրացնելու համար օգտագործվում են փորձված տարբերակներ: Բուհն ունի բազմաթիվ զարգացնող կրթական ծրագրեր՝ ասում է Արմեն Սարգսյանը:
«Տարեցտարի դիմորդների թիվն ավելանում է: Կան կրթական ծրագրեր, որտեղ հնարավոր չէ ուսուցումը կազմակերպել մեր հիմնական աշխատողներով։ Դրա համար կան մասնագետներ,որոնք ժամավճարային հիմունքներով այստեղ դասընթացեր են իրակնացնում: Նաև համագործակցում ենք հայաստանյան բուհերի հետ,որոնց մասնագետները մեկ կամ երկու շաբաթով գալիս և դասախոսություներ են անցկացնում: Նաև հնարավորություն ունենք ոչ ֆորմալ կրթության միջոցով լրացնել բացը, օրինակ անցյալ տարի արտասահմանյան մի շարք բուհերից դասախոսներ հեռավար եղանակով դասախոսոթւյուններ են կարդացել մեր ուսանողների համար: Սա մեծապես նպաստում է ուսումնական գործընթացի առաջընթացին»:
Համալսարանի կրթական ծրագրում կարևոր է նաև փորձուսուցման կազմակերպման գործընթացը, ինչի լիարժեք և արդյունավետ կազմակերպման համար համապատասխան կառույցների հետ համագործակություններ արդեն կան: Նոր մասնաշենքը հնարավորություն է տալու այդ համագործակցություններն ավելի սերտացնելու՝ ասում է մայր բուհի ռեկտորը: Համոզված է՝ նման շենքային,գույքային և տեխնիկական պայմանները խթանելու են ուսման որակի բարձրացմանը: