Նոյեմբերի 24, 2024

Արցախը հայկական արդի ինքնության առանցքն ու պատվարն է․ Արտակ Բեգլարյան

By «Արցախ» լրատվական Սեպտեմբերի 02, 2022
Արցախը հայկական արդի ինքնության առանցքն ու պատվարն է․  Արտակ Բեգլարյան Artsakh Public Radio
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի ուղերձը անկախության օրվա կապակցությամբ։ 
 
Սիրելի՜ հայրենակիցներ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում,
Այսօր մեր պետական տոնացուցի կարևորագույն տոնն է, ազգային իղձի իրականացման վճռորոշ քայլի մարմնացումը: 1991թ. Այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այդ պատմական որոշման միջոցով մենք իրացրել ենք մեր վաստակած իրավունքը վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական իրավական կարգավիճակը՝ հետագա տարիներին հաստատելով ու պաշտպանելով ինքնորոշման իրավունքի կիրարկման ճշմարտացիությունը: Ադրբեջանի հայահալած քաղաքականության դիմակայման և պատմական արդարության վերականգնման բարդ ու զրկանքներով լի երթի արդյունքում մենք ունենք Արցախի Հանրապետությունը, որն իր բացառիկ դերակատարմամբ կոչված է ծառայելու մեր ազգային նպատակներին՝ ի շահ հայոց պետականության ամրապնդման Արցախում ու Մայր Հայաստանում և հայ ժողովրդի հարատևման:
Բազմաթիվ մարտահրավերներով լի այդ ճանապարհին հաջողելու միակ հնարավորությունը մեր ավագների հռչակած նպատակներին ու արժեքներին հավատարմությունն անխախտ պահելն է, պետականության շարունակական ամրապնդումն ու դժվարություններին դիմակայելու վճռականության պահպանումը:Հեշտ լուծումներ այս պայքարում երբեք չեն տրվելու մեզ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ հաղթանակների ու պարտությունների միջով անցած մեր ժողովուրդը թանկ է գնահատում զրկանքներով ձեռք բերածը, կորցրածն ու պահպանածը:
Արցախը հայկական արդի ինքնության առանցքն ու պատվարն է, իսկ Արցախում ապրող ու արարող, Արցախի ցավով իրապես ապրող յուրաքանչյուր հայ՝ մեր ինքնության ու արժանապատիվ գոյության պահապանը: Ուստի, փախուստն ընտրված ուղուց ու դժվարություններից նշանակում է դասալքություն սեփական արժեքներից, ինքնությունից ու ապագայից:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների վառ հիշատակի առջև, հրճվում ու հույսով լցվում մեր մանուկներով և ամուր պահում մեր պետականությունը: Ընտրությունը մեծ չէ. Արցախում ապրողների, Մայր Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ազգային ոգու, նպատակասլացության, հետևողականության, անտրտունջ ու անդադար աշխատանքի և պայքարի շնորհիվ ենք երաշխավորելու Արցախի հայկականությունը և հայոց պետականության հարատևումը:
Ուրեմն, ի՛ գործ և շնորհավո՛ր ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձը:
Last modified on Ուրբաթ, 02 Սեպտեմբերի 2022 11:50
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ