Նոյեմբերի 24, 2024

Ադրբեջանը ռազմագերիներ է վերադարձրել․ ճիպո՞տ, թե՞ բլիթ

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 09, 2022
Բաքուն երեկ հայ ռազմագերիներ է վերադարձրել Հայաստանին․ առաջին անգամ առանց միջնորդի։ Ի՞նչ է դա նշանակում՝ ուղիղ երկխոսության սկի՞զբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բարի կամքի դրսևորո՞ւմ՝ Ադրբեջանի կողմից, թե՞ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետի՝ վաղուց բաց թողնված պարտավորության կատարում։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով, ոչ մեկը՝ դրանցից։ 
 
«Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում օգտագործում է «ճիպոտի ու բլիթի» մեթոդը, երբ պետք է սադրանքների է դիմում, տարածքներ գրավում, երբ պետք է՝ բարի կամքի անվան տակ ինչ որ գործողություն անում»։
 
 Գերիների վերադարձն, իհարկե, առանց միջնորդի էր, բայց չպետք է մոռանալ, որ այն հաջորդել է Բրյուսելում կայացած Շառլ Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպմանը։ Պետք է հիշել նաև, որ  այդ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր Ադրբեջանի կողմից գերիների պահման մտահոգության մասին,-ասում է քաղաքագետը։ Նման քայլով Ադրբեջանը ցույց է տալիս, որ հաշվի է առնում միջազգային հանրության կարծիքը։ 
 
«Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ իր հումանիստական տրամադրվածությունը, խաղաղասիրական մտադրությունները, այնուամենայնիվ այդ քայլերը ընդհանուր գործընթացի տրամաբանությունում էական նշանակություն ունենալ չեն կարող, չի կարելի դրանից հետևություն անել, թե Ադրբեջանը  փոխել է իր մարտավարությունն ու ռազմավարությունը ՀՀ հետ հարաբերություններում։ Վաղը եթե անհրաժեշտություն լինի, Ադրբեջանը նորից կրակելու է, փորձելու է ավելի շատ վնաս պատճառել Հայաստանին ու Արցախին»։
 
 Իրականում Ադրբեջանի մղումներն ու ցանկությունները մաքսիմալիստական են, և նա երբևէ չի հրաժարվելու իր հիմնական նպատակներից և նույնիսկ եթե ինչ որ փաստաթուղթ ստորագրի, չի նշանակում, թե հետևելու է դրան,-համոզված է Ռոբերտ Ղևոնդյանը։ Որպես դրա նախատիպ կարելի է դիտարկել նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի կետերը պարբերաբար խախտում է Ադրբեջանը։ 
 
«Ադրբեջանը գործելու է հանուն իր պետական շահի։ Նույնը պետք է մենք անենք»։
 
 Նիկոլ Փաշինյանի խոսքով, Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշում արձանագրել։ Դրան զուգահեռ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ  ռազմագերիների վերադարձը կատարվել է  Բրյուսելում ձեռք բերված  պայմանավորվածությունների հիման վրա։ 
 
«Մեկը մյուսին չի հակասում։ Դա կարող է չլինել պայմանվորվածությունների արդյունք։ Դա կարող է լինել Ադրբեջանի կողմից քայլ՝ միտված  միջազգային հանրության աչքում կառուցողական երևալուն։ Այս պահին այդ 5 գերիներն Ադրբեջանի աչքում հավանաբար ավելի թանկ չէին, քան միջազգային հանրության աչքում սեփական վարկանիշի բարձրացումը»։
 
 Իսկ այն, որ Բրյուսելում կարևոր պայմանավորվածություններ չեն եղել, բացի խաղաղության պայմանագիր կնքելու հանձնաժողովի ձևավորման մասին պայմանավորվածությունից, քաղաքագետի խոսքով, ակնհայտ է դառնում նաև Միշելի հայտարարությունից։ 
 
«Ես ավելին ասեմ․ նույնիսկ խաղաղության կնքման հանձնաժողով ձևավորելու պայմանավորվածությունը մինչև սեպտեմբերի վերջ մնալու է ընդամենը զուտ պայմանավորվածության մակարդակում և տեղի չի ունենալու»։
 
 Մեր տարածաշրջանում հիբրիդային պատերազմ է ընթանում, և այն, քաղաքագետի խոսքով, սկսվել է շատ տարիներ առաջ, դրա սուր փուլը դրսևորվեց 2020 թվականի պատերազմով՝ Լեռնային Ղարաբաղում, հիմա այդ պատերազմի տեղեկատվական բաղադրիչի դրսևորումներին ենք ականատես լինում։ Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից տարածվող՝ հայակական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին ապատեղեկատվությունը մեկնաբանելով, ասել է Ռոբերտ Ղևոնդյանը։ Ադրբեջանն այդպիսով նախապատրաստում է նոր սադրանքներ, որոնք, ըստ քաղաքագետի անխուսափելի են, և տեղի են ունենալու անկախ նրանից, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվելու են խաղաղության հարցում, թե ոչ․ Ադրբեջանի նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելով կարևոր հարցերում զիջումներ կորզելն է ։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 10 Սեպտեմբերի 2022 09:41
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ