Նոյեմբերի 24, 2024

«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալը 30 տարվա պատմություն ունի

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 10, 2022

«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալը արդեն 30 տարվա պատմություն ունի։ 1992-ից առայօր շուրջ 6000 քաջորդիներ, քաղաքական գործիչներ, բուժաշխատողներ ու մշակույթի գործիչներ Արցախի մայրերի անունից պարգևատրվել են հուշամեդալով՝ ի նշան    երախտագիտության։ «Մայրություն» հասարակական կազմակերպությունը 1988-ի շարժման ծնունդն է՝ ասում է կազմակերպության նախագահ Հասմիկ Միքաելյանը։ Շարժման առաջին իսկ օրերից կազմակերպությունը պայքարում էր՝  հանուն ազգային ինքնորոշման, և  ընդդեմ մարդու, մոր և մանկան իրավունքների ոտնահարման։ Հուշամեդալ ստեղծելու գաղափարը ծնվեց նկուղում՝ պատմում է Հասմիկ Միքայելյանը։ 

«Մտածում էինք՝ ինչ անենք, որ մեր տղաները մարտի դաշտում զգան մոր սիրո հզորությունը, նվիրվածությունն ու հավատքը, սիրած աղջկա, կնոջ, երեխաների հույսն ու հավատը, որ նրանք կարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ստեղծվեց մի հուշամեդալ, որի վրա մոր կերպարն է՝ մանուկը գրկին։ Եվ այդ կերպարը ոգևւորում էր մեր զինվորներին դեպի հաղթանակներ»։

 Հաջորդ տարի կլրանա կազմակերպության ստեղծման 35 ամյակը։ Այս տարիների ընթացքում պայքարի ձևերը տարբեր էին՝ հանրահավաքներ, ցույցեր, գործադուլներ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների։ Սոցիալական, նյութական ու ֆինանսական օգնություն սոցիալական տարբեր խմբերի։ Կազմակերպության համանախագահ Արզիկ Մխիթարյանի խոսքով՝ այսօր էլ իրենց գործունեության հիմքում ընկած է մեկ գաղափար՝ արժևորել յուրաքանչյուրին, ով ապրել ու ծառայել է հանուն երկրի։ 

«Դժվար է ասել, թե ինչ կլինի ապագայում, բայց կարևորը այն է, որ մենք պետք է գնահատենք այն մարդկանց, ովքեր գնահատման արժանի են։ Այսօր ևս ես ուրախ եմ, որ մենք շարունակում ենք գնահատանքի արժանացնել մեր զինվորներին, մտավորականներին և այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին։ Մայրությունը սրբություն է և իզուր չէ, որ մենք ասում ենք «Մայր հայրենիք»։ Մենք նվիրված ենք մեր հայրենիքին ու մայրերին»։

 «Մայրական երախտագիտություն» մեդալը նաև կյանքեր է փրկել։ Հասմիկ Միքայելյանը պատմում է. 

«Կարեն Սարիբեկյան անունով մի զինավորականի հանդիպեցի, ով գրկեց ինձ ու պատմեց, թե ինչպես է հուշամեդալը փրկել իր կյանքը։ Այն կախված էր կրծքավանդակին և թույլ չի չտվել, որ գնդակը դիպչի սրտին։ Դրանից հետո նա միշտ այդ հատվածից էր կախում մեդալը»։

 «Մայրական երախտագիտություն» մեդալով այսօր պարգևատրվել են գրող, լրագրող Միքայել Հաջյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, 44-օրյա պատերազմում զոհված Աղասյան եղբայրների մայր՝ Մարգարիտա Աղասյանը, ուսուցիչներ, բժիշկներ ու մշակույթի գործիչներ։ «Մայրություն» հասարակական կազմակերպությունը շարունակելու է գործնեությունը՝ հավատարիմ մնալով իր  առաքելությանը՝ աջակցել ազգային-ազատագրական պայքարի վերջնական հաղթանակին, համախմբել կանանց ու աղջիկներին ազգային պայքարի շուրջ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ